Logo

«Իմ ամենամտերիմ ընկերը եղել է, կա ու կմնա Հայկոն»․ Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի և ԱՄՆ տեղափոխվելու մասին

23:40 / 02.01.2025Լուրեր
null

Անահիտ Սիմոնյանը Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդման հյուրն էր։ Երգչուհին խոսել է կյանքի հարվածների, Հայկոյի հետ ծանոթության, ամուսնության և ամուսնալուծության, ինչպես նաև Հայկոյի մահից հետո ստացած մեղադրանքների ու ԱՄՆ տեղափոխվելու մասին։ 

Ծնողների ամուսնալուծությունն ու Հայաստան ժամանումը

Ծնողներիս ամուսնալուծությունը կյանքիս առաջին հարվածներից էր։ Դա երկկողմանի սթրես էր, քանի որ մայրիկիս հետ վերադարձանք Հայաստան։ Իսկ ես նույնիսկ հայերեն գրել, կարդալ չգիտեի։ Բայց ժամանակի ընացքում ոտքի կանգնեցի և կարողացա մայրիկիս հետ քայլել առաջ։ Որոշեցի սկսել երգչուհու կարիերա և հայտնվեցի «Շիկեր» խմբում։ Եթե ավելի հասուն լինեի և կյանքի ավելի մեծ փորձ ունենայի, չէի մտնի այդ խումբ։ 

Անահիտ Սիմոնյանի ծնողներն ու Արմանը

Հայկոյի հետ ծանոթությունն ու ամուսնությունը

Հայկոյի հետ ծանոթացել ենք համերգի ժամանակ։ Հետո Հայկոն համերգ կազմակերպեց և ինձ ևս ընդգրկեց։ Այդտեղից սկսեց մեր շփումը։ Շատ էինք սիրում իրար։ Բայց ես շատ խանդոտ էի։ Հետո ծնվեց Արմանս։ Դա մեր կյանքի ամենաերջանիկ օրն էր, որը փոխեց մեր ամբողջ կյանքն ու նպատակները։

Հայկոյի հետ հարաբերությունների վերջին շրջանն ու ամուսնալուծությունը

Ամուսնալուծության մասին հայտարարելուց 2-2․5 տարի առաջ մենք արդեն միասին չէինք։ Պարզապես ապրում էինք նույն տանիքի տակ, որպեսզի Արմանը մեծանար սիրո մթնոլորտում։ Չնայած ամուսնալուծությանը՝ մենք միշտ ունեցել ենք շատ լավ հարաբերություններ։ Իմ ամենամտերիմ ընկերը եղել է, կա ու կմնա Հայկոն։ Պարզապես որպես կին և ամուսին միմյանց չհասկացանք։

Հայկոյի կյանքի վերջին օրերը

Հայկոն կորոնավիրուսով վարակված իր ստուդիայում էր։ Մի օր առավոտյան զանգեց ինձ և խնդրեց, որ դեղ տանեմ։ Մինչև դեղը կհասցնեի ստուդիա, զանգեց ու ասաց, որ իրեն տեղափոխում են հիվանդանոց։ Ես իրենից շուտ հասա հիվանդանոց։ Այդ օրվանից մինչև վերջինը հիվանդանոցում եմ եղել։ Այդ ընթացքում Հայկոն միայն ինձ է զանգահարել։ Դա տեսել են բոլորը։ Տարբեր հարցեր էր տալիս, իսկ ես ստիպված ստում էի։ Հարցնում էր՝ անալիզի պատասխանը լա՞վ է։ Ասում էի՝ ամեն ինչ շատ լավ է, շուտով դուրս կգրեն։ Հայկոն ուզում էր ապրել, բայց շատ էր վախենում կորոնավիրուսից։ Ասում էր՝ եթե մեկ անգամ էլ հիվանդանոցում հայտնվեմ, այլևս այնտեղից դուրս չեմ գա։

Հայկոն ցանկացել է, որ մահից հետո իր հեռախոսն ինձ փոխանցեն։ Նա գիտեր՝ եթե իր հեռախոսն ինձ փոխանցեն, ուրիշ ոչ ոքի չեմ տա։

Հայկոյի մահից հետո ստացած մեղադրանքների մասին

Դժոխքի միջով եմ անցել, բայց երբևէ դա ցույց չեմ տվել ոչ սոցիալական կայքերում, ոչ էլ շրջապատում։ Զոհի կարգավիճակն իմը չէ։ Շատ ծանր օրեր եմ ունեցել, բայց նույնիսկ երեխաս դա չի տեսել։ Կարծում եմ՝ դա էր նման արձագանքների պատճառը։ Շատերին թվում էր՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, մենք շարունակում ենք ապրել, բայց իրականում ես շատ դժվար էի ապրում։ Չես կարող հանգիստ ապրել, երբ երեխադ գիշերն արթնանում է ու բարձր ձայնով լացում։ Հանգստանում էր միայն այն ժամանակ, երբ մոտենում էինք պատուհանին ու զրուցում երկնքի և հայրիկի հետ։ Ծնողի համար ամենաբարդն այն է, երբ տեսնում ես՝ երեխադ տանջվում է, բայց ոչինչ չես կարող անել։

Ժամանակը ցույց տվեց, որ կոտրվող տեսակ չեմ։ Ունեմ տղա, ով նայում է աչքերիս և այնտեց պետք է տեսնի ապագա, վստահություն ու երջանիկ մայր։ Եթե երեխաս տեսավ կոտրված մարդ, նրա աշխարհը կփլուզվի։

Հայկոյի մահից հետո ընկերների անուշադրության մասին

Հայկոյի մահից հետո նրա ընկերներն ուղղակի անհետացան իմ ու Արմանի կյանքից։ Կամո Սեյրանյանն է կապը պահել ու շարունակում է պահել։ Չեմ կարող դա մոռանալ կամ ուրանալ։ Մյուսների բոլոր հրապարակումները Հայկոյի վերաբերյալ կեղծ են։ 3 տարում 3 անգամ չեն զանգել, հարցրել՝ ինչպես է Արմանը։

ԱՄՆ տեղափոխվելու մասին

Դժվար որոշում էր։ Մի քանի տարի մտածում էի և վերջապես կայացրի այդ որոշումը իմ և երեխայիս ապագայի համար։ Ճիշտ է՝ շատ բարդ է թողնել տարիների ստեղծածը, բիզնեսները, բայց ոչինչ հենց այնպես չի լինում։ Եթե այսպես ստացվեց, ուրեմն սա էր ճիշտը։ Չեմ փոշմանում ոչնչի համար։

ԱՄՆ-ից ստացա աշխատանքի առաջարկ։ Դա ևս նպաստեց տեղափոխությանը։ Այս ընթացքում որքան էլ այլ գործերով զբաղվեցի, միևնույն է իմ սրտի աշխատանքն արվեստն է։ Որոշել եմ 2025-ին վերադառնալ երգարվեստ։ Դա ի վերուստ տրված շնորհ է, որն իրավունք չունեմ անտեսել։

Արմանը Միացյալ Նահանգները շատ է հավանում։ Դա ինձ ուրախացնում է, քանի որ ինձ համար ամենակարևորն իր հոգեվիճակն է։ Նա արդեն ունի դպորցական ընկերներ։ Իր օրն անցնում է հագեցած։ Իրեն շատ լավ է զգում այստեղ։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

fastnews-ads-banner