Logo

Իմ մանրամասները նրանց ընդհանրացումներն են

Հեղինակ
naira-art
00:00 / 24.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
6666 2 - Իմ մանրամասները նրանց ընդհանրացումներն են

 

1899 թ. օգոստոսի 24-ին ծնվել է արգենտինացի գրող, էսսեիստ, թարգմանիչ Խորխե Լուիս Բորխեսը, որն հայտնի է իր արկածային և դետեկտիվ ժանրերի ստեղծագործություններով, քաղաքական պահպանողական հայացքներով, ինչպես նաև մի շարք փիլիսոփայական վերլուծություններով։

Այս առթիվ ներկայացնում ենք հայ արձակագիր Աղասի Այվազյանի «Պարականոն դիմասրահ» շարքից Բորխեսին նվիրված հատվածը.

 

jorge luis borges - Իմ մանրամասները նրանց ընդհանրացումներն են

Բորխես

-Ի՞նչ ես պեղել քո ապրած կյանքից ամենից շատ,- հարցրեց Խորխե Լուիս Բորխեսը էդգար Պոյին։

– Հարցականը…- պատասխանեց Պոն և մտավ տաղտուկ աղջամուղջի մեջ։

 

– Քո բազմաթիվ տառապանքներից, ցավերից և սերերից, անկումներից ու նսեմացումներից ելնելով` ի՞նչ հիմնական հետևության ես հասել,- հարցրեց Բորխեսը Դոստոևսկուն։

-Աստված,- մրմռաց Ֆյոդր Դոստոևսկին։

 

– Ո՞րն է քո ամենաընդհանուր և վերջնական տպավորությունը մարդկային հասարակությունից,- հարցրեց Սվիֆթին։

– Կեղտ… կեղտ… կեղտ…,- մաղձոտ փնթփնթաց անգլիացին։

 

– Դու ի՞նչ տեսար երկնքում և երկրի վրա,- հարցն ուղղեց Իբն Խազմիին։

– Հավերժություն…,- կոպերը չբարձրացնելով ասաց արաբ իմաստունը։

 

– Դու ի՞նչ կասես, հարբեցո՛ղ,- հարցրեց Օմար Խայամին։- Աշխարհը ի՞նչ ձև ունի գինու քո սափորի հատակին։

– Ոչնչի,- ասաց Խայամը։

 

– Աստծո ու սատանայի  արանքում հազարավոր աստիճաններին ոտք դնելուց հետո, ո՞րի վրա կանգ առար,- հարցրեց Տոլստոյին։

– Բարու,- մրթմրթաց Տոլստոյը։

 

– Իննսուն  կոկիկ և ուրախ տարիներիդ մեջ ի՞նչ գտար,- հարցրեց Շոուին։

-Պարադոքս,- ասաց Շոուն։

 

-Լինելության գերակա իմաստը հայտնաբերեցի՞ր վերջապես,- հարցրեց Կազանովային։

-Պահն է,- ասաց արծվաքիթ իտալացին և աչքով արեց։

 

Jorge Luis Borges 1981 960x1120 - Իմ մանրամասները նրանց ընդհանրացումներն են

 

Բորխեսը վերցրեց բոլոր եզրակացությունները և իր եզրակացությունը ձևակերպեց։

 

– Դա ուրիշի կյանքն է,- կշտամբեց Ապդայկը` ժամանակակից ամերիկացին։- Դա ուրիշի փորձն է , ուրիշի մանրամասները, ուրիշի ընդհանրացումները։

 

– Ես ավելի մեծ ընդհանրացումներ եմ ուզում անել։ Ժամանակ չունեմ այդքան կյանքեր ապրելու։ Ես ևս հավաքում եմ մանրամասներ։ Իմ մանրամասները նրանց ընդհանրացումներն են։ Ինձ թվում է չեն նեղանա…


fastnews-ads-banner