Logo

Այսօր Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է

12:17 / 14.03.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Հովհաննես Շիրազ

Այսօր Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է: Այս կապակցությամբ իր հուշերից է պատմում գրականագետ Հովիկ Չարխչյանը։

«Հիշում եմ Շիրազի թաղումը: Ուսանող էինք, համալսարանից խմբով եկանք Օպերայի հրապարակ: Ծով բազմություն էր: Նախկինում ես երբեք այդքան մարդ մի տեղում խմբված չէի տեսել: Իսկ երբ Շիրազի մարմինը դուրս բերեցին շենքից, շուրջն ամեն ինչ այնպես տարուբերվեց ու ալեկոծվեց, որ մեզ ուրիշ ոչինչ չէր մնում, քան բարձրանալ հրապարակը շրջապատող մետաղե ցանկապատի վրա ու այնտեղից ցատկել դեպի փողոց:

Այդ օրը երկու բան տպավորվեց ու մեկընդմիշտ մեխվեց հիշողությանս մեջ: Առաջինը ձնծաղիկներն էին, որոնցով ծածկված էր Շիրազի մարմինը, իսկ երկրորդն այն բանի գիտակցումը, թե ինչ ասել է լինել ժողովրդի բանաստեղծը»:


Հովհաննես Շիրազը (Օնիկ Թադևոսի Կարապետյան) ծնվել է 1914 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Առաջին գիրքը՝ «Գարնանամուտ» վերնագրով, հրատարակվել է 1935 թվականին։ Ատրպետը տաղանդավոր պոետին տալիս է «Շիրազ» գրական անունը, որովհետև «Այս երիտասարդի բանաստեղծությունները Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունքն ունեն» (Շիրազը քաղաք է Իրանում, որը հայտնի է իր վարդերով և պոետներով)։ 

Մահացել է 1984 թվականի մարտի 14-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ այլ հանրահայտ հայերի կողքին։

fastnews-ads-banner