Մենք արդեն ներկայացրել ենք ռուս պոետ Մայակովսկու և նրա ճակատագրական կնոջ՝ Լիլիա Բրիկի
սիրո պատմությունը։ Քչերը գիտեն, որ դա Մայակովսկու կյանքի միակ հետաքրքիր սիրային պատմությունը չէ։ Գրողի կյանքի ամենահուզիչ դրվագներից մեկը եղել է Փարիզում, որտեղ նա սիրահարվել էր Տատյանա Յակովլևային։ Վերջինս կիրթ, մեղմ բնավորությամբ օրիորդ էր, որին օտար ու անհասակնալի էր Մայակովսկու պոեզիան։
Մայակովսկին և Տատյանան
Մայակովսկին ծանոթացավ Տատյանա Յակովլեվայի հետ 1928-ին Փարիզում: Հետաքրքիր է, որ նրանց ծանոթացրեց Լիլիա Բրիկի քույրը: Անկախ տարաձայնություններից ու տարբեր խառնվածքներից՝ այս երկուսի միջև նուրբ ու բուռն սեր ծնվեց։ Բանը հասավ նրան, որ Մայակովսկին ամուսնության առաջարկություն արեց Տատյանային: Աղջիկը մերժեց: Փարիզաբնակ գեղեցկուհին չէր ուզում սովետական քաղաքացու կին դառնալ, բացի այդ նա գիտեր Լիլիայի մասին ու գիտակցում էր, որ չի կարող մրցակցել նրա հետ: Այդպիսով, Մայակովսկին վերադարձավ Մոսկվա, Լիլիան սկանդալ սարքեց և մեղադրեց նրան դավաճանության մեջ: Մայակովսկին ոչինչ չհերքեց: Ավելին՝ նա ցանկություն հայտնեց կրկին մեկնել Փարիզ, սակայն այս անգամ նրան թույլ չտվեցին երկիրից դուրս գալ. այդ մասին հոգ էր տարել հենց Լիլիա Բրիկը։ Մեկ ամիս անց Մայակովսկին իմացավ որ Տատյանա Յակովլեվան ամուսնանում է…
«Սա Ձեզ՝ Մայակովսկուց»…
Փարիզյան ելույթների համար Մայակովսկին բավականին մեծ հոնորար էր ստացել, որը փոխանցել էր ծաղիկներ վաճառող հայտնի փարիզյան ընկերության հաշվեհամարին՝ պայմանով, որ վերջիններս ամեն օր Տատյանա Յակովլևային կուղարկեն մի փունջ գեղեցիկ ծաղիկներ։ Ընկերությունը շարունակում էր կատարել իր պարտավորությունը Մայակովսկու՝ Մոսկվա մեկնումից ի վեր։ Տարիներ շարունակ Տատյանա Յակովլևայի դուռն էին թակում առաքիչները և նրան փոխանցում ամենատարբեր ծաղկեփնջեր ու ասում ՝«Սա Ձեզ՝ Մայակովսկուց»:
1930 թվականին Մայակովսկին մահացավ…
Գրողի մահվան լուրն իմանալու հաջորդ օրը Տատյանան կրկին ծաղկեփունջ ստացավ, կրկին Մայակովսկուց։ Ամեն ինչ պարզ էր. ծաղկի խանութին հետ ունեցած պայմանավորվածության մեջ Մայակովսկու մահվան դեպքը որևէ փոփոխություն չէր մտցրել։ Տարիներ շարունակ Տատյանան ծաղկեփնջեր էր ստանում ՝ արդեն մահացած Մայակովսկու կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, գերմանացիների կողմից շրջափակված քաղաքում Տատյանա Յակովլևային ապրեցրին Մայակովսկու շքեղ ծաղիկները, որոնք նա վաճառում էր փարիզյան ճեմուղիներում…