Logo

Ինը կյանքերից լավագույնը. նոր «Կոշկավոր կատուն» փրկում է Շրեկի աշխարհը

Հեղինակ
Արման Գասպարյան
14:24 / 25.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
Կոշկավոր կատուն. Վերջին ցանկությունը-ֆիլմ

DreamWorks Animation ստուդիայի շուրջ ֆինանսական բազմաթիվ գործարքներից, ղեկավարության ու սեփականատիրոջ փոփոխությունից հետո մտավախություն կար` կապված այն հարուստ ֆիլմադարանի հետ, որը ստեղծվել էր ստուդիայի գործունեության ընթացքում։

Խոսքը հատկապես վերաբերում է «Շրեկի» (Shrek) աշխարհին, որը 2001թ․-ին սկիզբ առավ որպես Արևմտյան ֆոլկլորային էլեմենտների պոստմոդեռնիստական վերաձևակերպման հիանալի փորձ ու ճյուղավորվեց մի քանի սիքվելի ու մեկ սփին-օֆֆի։ Վերջինը պատմում էր երկրորդ «Շրեկում» հայտնված Կոշկավոր կատվի արկածների մասին ու բավականին զուսպ ընդունվեց կինոդիտողի և քննադատների կողմից։ 2011-ին էկրաններ բարձրացած «Կոշկավոր կատուն» (Puss in Boots) վարձույթում հավաքեց ավելի քան կես մլրդ դոլար, սակայն շարունակությունը նկարվեց միայն 11 տարի անց։

Մենք դիտել ենք «Կոշկավոր կատուն. Վերջին ցանկությունը» (Puss in Boots: The Last Wish) ֆիլմն ու ներկայացնում ենք տպավորությունները․

Շրեկի մասին վերջին ֆիլմի իրադարձություններից որոշ ժամանակ անց Կոշկավոր կատուն երեկույթ է կազմակերպում, որի ընթացքում մենամարտում է լեռնային հսկայի հետ։ Մենամարտի արդյունքում հսկա զանգն ընկնում է Կատվի վրա։ Ուշքի գալուց հետո նա իմանում է, որ տարբեր հիմարությունների վրա արդեն ծախսել է իր նախորդ ութ կյանքերն ու մնացել է միայն մեկը։ Բժիշկը հորդորում է Կատվին թոշակի գնալ։ 

Առաջինն, ինչ աչքի է ընկնում ռեժիսոր Ջոել Քրոուֆորդի նոր ֆիլմում, անիմացիայի կտրուկ փոփոխությունն է։ Ի տարբերություն Շրեկի մասին ամբողջ ֆրանշիզի ու Կոշկավոր կատվի մասին առաջին ֆիլմի, որոնք իրենցից ներկայացնում են եռաչափ անիմացիա, նոր ֆիլմը եռաչափ, երկչափ ու նկարված անիմացիայի խառնուրդ է` էքշնի պահերին վայրկյանում կադրերի քանակի կրճատմամբ, ինչը հարազատացնում է այն անիմեների հետ։ Տեխնիկական լուծումները, ոգեշնչված «Սարդ մարդը. Դեպի Սարդեզերք» (Spider-Man: Into the Spider-Verse) անիմացիոն ֆիլմով, շատ ավելի վառ ու հեքիաթային են դարձնում «Վերջին ցանկությունը»։ 

Երկրորդն, իհարկե, պատմությունն է։ Հեղինակները կարողացել են մանկական ֆիլմում լրջորեն քննարկել միջին տարիքի ճգնաժամի, կյանքը գնահատելու անհրաժեշտության ու մահվան անխուսափելիության թեմաները` զերծ մնալով ավելորդ պաթոսից, պահպանելով թեթևությունն ու լավ իմաստով մանկական ավյունը։ Ինչ-որ պահի այս խելացի ու սրամիտ պատմությունը վերածվում է իսկական քվեստի` միանգամից մի քանի ծանրության կենտրոններով, յուրաքանչյուրը` իր ասելիքով ու խրատական մտքով, որոնք վերջին մոտ կմիավորվեն միանշանակ ու վերջնական եզրակացության։ 

Երրորդը կերպարներն են։ Ու այստեղ խոսքը ոչ միայն մահվան պերսոնիֆիկացիայի մասին է, որն, անկասկած, ֆիլմի ամենահիշվող կերպարներից է։ Դժբախտ անցյալ ունեցած, սակայն ապագային լավատեսորեն նայող Պերիտո անունով շնիկը վստահաբար կգրավի կինոդիտողի սիրտը, իսկ գլխավոր չարագործը` չարիքի իսկական մարմնացում, չարիք, որն անգամ չի գիտակցում սեփական չարիք լինելն ու դրանից է՛լ ավելի վտանգավոր է, կարող է ձեռնոց նետել լավագույն կինոչարագործներին։

Առանձին անհրաժեշտ է հիշատակել Անտոնիո Բանդերասի, Սալմա Հայեկ Պինոյի, Ֆլորենս Փյուի, Օլիվիա Քոլմանի հիանալի աշխատանքը հնչյունավորման գործում. այո, իդեալական դեպքում ֆիլմն անհրաժեշտ է նայել օրիգինալ լեզվով։ 

Երկրորդ «Կոշկավոր կատուն» մի քանի գլուխ գերազանցում է առաջինին՝ թե՛ պատմության ու կերպարների կառուցմամբ, ու թե՛ տեխնիկական լուծումների հնարամտությամբ։ Սա ֆիլմ է ամբողջ ընտանիքի համար, որը տարբեր կերպ կազդի թե՛ երեխաների, ու թե՛ մեծահասակների վրա։ Ու, ամենակարևորը, այս ֆիլմը շանս է` վերակենդանացնելու համար Շրեկի` մեզ համար այնքան սիրված աշխարհը։ 

Կարդալ նաև՝

Համեղ ուտեստներ` պղպեղի սակավությամբ. «Մենյու» ֆիլմի մասին 

Կարևորն աշխարհն է. Ջեյմս Քեմերոնը վերականգնեց հավատը մեծ կինոյի նկատմամբ 

Իդեալական ամառային  բլոկբաստեր... «Սև Ադամն»  այնքան վատը չէ, որքան ասում են

Հասարակության ծնած հրեշը... Սերիական մարդասպան Ջեֆրի Դամերի մասին նեթֆլիքսյան սերիալը

Դատապարտվածները. Հաշտվելու ու ապրումակցելու մասին Մայք Ֆլենագանի «Կեսգիշերային ակումբը»

Սուպերհերոսների աշխարհի հրեշները. ինչպիսի՞ն էր գայլամարդու մասին Marvel-ի առաջին սփեշլը 

Երբ ավարը դառնում է որսորդ... ու հակառակը. «Ավար» ֆանտաստիկ թրիլլերը վերակենդանացնում է այլմոլորակային որսորդի մասին ֆրանշիզը

fastnews-ads-banner