Շպռոտը վերջերս նոր տեսահոլովակ թողարկեց, որը Հայաստանում քննադատությունների ալիք բարձրացրեց: Մենք էլ որոշեցինք զրուցել ԱՄՆ-ում բնակվող ազատամիտ և անկաշկանդ, անմիջական և անկեղծ երգչուհու հետ:
– Շպռոտ, կասե՞ս ըստ քեզ՝ որ հատկանիշդ է քեզ յուրահատուկ դարձնում:
– Դե յուրաքանչյուր արտիստ յուրահատուկ ներաշխարհ ունի: Ինձ դպրոցից դեռ ասում էին «սպիտակ ագռավ»: Երևի միշտ ավելի ազատամիտ եմ եղել շատերի համեմատ, նորը հեշտ եմ ընկալել, կոնսերվատիվ չեմ: Ես ավելի շատ հետևում եմ սրտիս ձայնին, քան՝ ուրիշների կարծքին:
Ես կյանքի իրավիճակների և երգարվեստի հանդեպ ունեմ տարբեր մոտեցումներ: Ուրիշ ռակուրսից եմ կյանքին նայում: Արժեքներս էլ են տարբեր, ամբողջի հետ չեմ ձուլվում. չեմ կարող: Երբեմն ուզում եմ լինել նորմալ, որովհետև ճնշումը մեծ է, բայց ի վիճակի չեմ:
-Ի՞նչ կուզեիր մարդիկ իմանան քո մասին, որ չգիտեն:
-Այն ինչ տեսնում եք սոցիալ մեդիայով իմ մասին, իմ տեսահոլովակներում, պետք չէ անձնավորել: Դա ուղղակի իմ ստեղծած կերպարն է: Ես սովորական աղջիկ եմ, որն ունի թուլություններ, շատ լավ կողմեր, թերություններ բայց և բարձր արժեքներ: Ես շատ սկզբունքներ ունեմ, որ ատամներով կպահեմ: Ես չեմ ուշանում, հեշտ կարող եմ արթնանալ առավոտյան ժամը 4-ին և գնալ աշխատանքի: Շատ սիրում եմ կարդալ և սիրում եմ միայնակություն: Էքխարթ Թոլլի գրքերի ընթերցանությունն օրվա մեջ ինձ համար պարտադիր է: Մեդիտացիա եմ անում օրվա մեջ պարտադիր: Շատ էմոցիոնալ մարդ եմ և նվիրվում եմ անմնացորդ, երբ սիրում եմ: Հայրենիքիս համար առանց մտածելու կմեռնեմ: Կյանքի ամենաբարդ իրավիճակներում երբեք խուճապի չեմ մատնվում և արագ որոշումներ եմ կայացնում: Բայց եթե խավարասեր եմ տեսնում, վախից բղավելով փախչում եմ:

-Ինչպե՞ս կուզեիր, որ քեզ ընկալեին մարդիկ:
-Ուզում եմ շատ`մերոնք հասկանան, որ յուրաքանչյուր նորամուծություն մեր կյանքում մեզ թշնամի չէ և որ պետք է վստահել նոր բաներին: Չեմ խոսում թմրանյութերի, կամ առողջությանը վնասող բաների մասին: Ուզում եմ՝ մերոնք ընդունեն, որ արտիստն իր կեցվածքով տարբերվում է և պետք է հարգել դա: Պետք է հարգել կնոջ սեքսուալ լինելու իրավունքը: Մենք հարգում ենք մայրերին, բայց կինը մայր լինելուց բացի շատ սիրուն, էրոտիկ և խելացի էակ է և կարող է լինել նաև, ասենք, ղեկավար, անկախ մարդ, գրավիչ և սեքսուալ կին:
-Ինքդ քեզ անկաշկանդ ու անբարդույթ մարդ համարո՞ւմ ես:
-Այո, միգուցե ես ավելի անկաշկանդ եմ, քան շատերը: Ես փոքրուց բեմին սովոր եմ, տեսախցիկներից չեմ վախենում, միտքս ազատ արտահայտում եմ և չեմ վախենում, որ մարդիկ կարող է՝ չհամաձայնեն ինձ հետ:

-Ո՞րն է իսկական երջանկությունն ըստ քեզ:
-Երջանկությունն ակնթարթների մեջ է: Ես նախկինում փնտրում էի երջանկություն և հենց այդ փնտրտուքներն էլ ինձ դժբախտ էին դարձնում: Երբ դադարեցի այն փնտրել, ավելի երջանիկ դարձա:
Այսինքն, երբ ընդունում ես իրականությունդ այնպիսին, ինչպիսին այն կա, չես պայքարում ներկայիդ հետ, դառնում ես հանձնվող… իսկ հանձնվելու մեջ երբեմն այնքա՜ն մեծ ուժ կա: Երբ բաց ես թողնում հոգիդ կապանքներից և վստահում ես սրտիդ, ամեն բան տեղն է ընկնում:
-Հավատո՞ւմ ես իսկական սիրո գոյությանը:
-Այո: Իսկական սեր կա: Դա այն ռոմանտիկ սերը չէ, որ տեսնում ենք ֆիլմերում: Դրամայով լի սիրո մասին չէ խոսքը: Իսկական սերն այն է, ինչ կա յուրաքանչյուրիս մեջ: Մենք բոլորս նույն աղբյուրից ենք, նույն հոգուց: Եթե չսիրես դիմացինիդ, ուրեմն քեզ էլ չես կարող սիրել: Դժվար բան է, բայց կյանքը սովորեցնում է մարդու մեջ տեսնել ոչ միայն էգոն, այլև աստվածայինը: Էգոն խաբուսիկ է, և եթե միայն դրա վրա կենտրոնանաս, կատես մարդկանց ու կչարանաս:
-Շպռոտ, գլամուրային կերպարը, որ ունես հիմա, քեզ սազո՞ւմ է, ըստ քեզ, թե՞ այդ կերպարը բեմական է ու ինչ-որ իմաստով՝ պարոդիա, քննադատություն՝ գլամուրին ու սիլիկոնե աղջիկներին ուղղված:
-Ես ինձ երբեք գլամուրային չեմ համարել: Ես մեծացել եմ Երևանում՝ մասիվի 7-րդ զանգվածում: Մենք հարուստ չենք եղել, բայց իմ ընտանիքում միշտ սեր է եղել: Փողը մեզ համար միշտ երկրորդական է եղել: Իսկ ինչ վերաբերվում է սիլիկոններին… Ես ինքս էլ սիլիկոններ ունեմ, դրանք գեղեցկացնում են և օգնում ասելիքը տեղ հասցնել:
Ես չեմ սիրում քննադատել մարդկանց: Ամերիկացիներն ասում են՝ «judge mental» (միտքը դատիր): Մեզ մոտ դա շատ սուր արտահայտված է: Մենք սիրում ենք դատել, կարծիք հայտնել՝ հիմնականում նեգատիվ: Մեզ մոտ չկա այն կուլտուրան, որ դիմացինին ընդունենք և սիրենք այնպիսին, ինչպիսին նա կա:
-Ի՞նչն է քեզ համար գեղեցիկը: Կանացի գեղեցկության խորհրդանիշ ունե՞ս:
-Ինձ համար կյանքը գեղեցիկ է իր բոլոր վիճակներում: Նույնիսկ ամենածանր պահերն են գեղեցիկ:
Կանացի լինելը դժվար է ինձ համար: Ես հեռացել եմ իմ կանացիությունից կյանքի բերումով: Ես չեմ ուզել, այդպես ստացվել է: Երբ աղջիկը մանկուց աշխատում է և լինում է տղամարդկային էներգիայի մեջ, որ փող աշխատի ու ընտանիք պահի, նա ինքնաբերաբար դառնում է կոպիտ: Հիմա սկսել եմ հատուկ գրականություն կարդալ, որոնք օգնում են արթնացնել կանացի էներգիան, վերականգնել նուրբ լինելու կարողությունը: Կանացիություն կա բոլոր կանանց մեջ, այն արտահատվում է հանդուրժողականությամբ, նրբությամբ, հոգատարությամբ, մայր լինելու կարողությամբ:

-Ի՞նչն ես սիրում ժամանակակից կանանց մեջ, ի՞նչ ունեն հիմա կանայք, որ չունեին առաջ:
-Ինձ համար անընդունելի է սեքսիզմը, երբ մի սեռը մյուսից բարձր է դասվում: Ես կուզեի, որ կին արտիստներին ավելի հարգեին հիմա, հատկապես՝ սեքսուալ աղջիկներին: Կուզեի, որ նման աղջիկներին «փչացած» չանվանեն, որովհետև ոչ ոք չգիտի, թե կինն ինչու է այդ կյանքն ընտրել: Նույնիսկ այդպես կոչված «փչացածներին» ոչ ոք իրավունք չունի դատել: Այդպես է ասում Աստված: Ես պոռնկություն չեմ քարոզում, ես քարոզում եմ հանդուրժողականություն, մարդասիրություն:
Արդեն 21-րդ դարն է, իսկ հայերը դեռ պահպանողական և քննադատողական դիրքերում են: Աշխարհը վաղուց է անցել այդ ամենի միջով: Ի վերջո պետք է հասկանալ, որ դատելով մեզ ենք վնասում: ԵՍ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՄ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՑ ՀԱԳՆՎԵԼ, ՄԻՆՉԵՎ ԲՈԼՈՐԸ ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ ՈՒ ԱՌԱՆՑ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ: Պետք չէ քննադատել և ծաղրել թույլերին, ազգային փոքրամասնություններին, պոռնիկներին, հոգեկան հիվանդներին, միասեռականներին. ոչ ոքի պետք չէ դատել:
Ժամանակակից կինը հիմա ավելի անկախ է դարձել: Բայց երբ փորձում ես համատեղել մայրությունն ու կարիերան, մի բան տուժում է հաստատ: Ես և՛ ուզում եմ, որ կանանց իրավունքները պաշտպանված լինեն, և՛ ուզում եմ, որ կինը չկորցնի իր կանացիությունը և չկոպտանա ժամանակակից աշխարհում քարոզվող գենդերային հավասարության հետևանքով:
-Ամերիկան լա՞վն է քեզ համար:
-Ամերիկան լավն է ինձ համար: Շատ բաներ եմ այստեղ սովորել, շատ կորուստներ եմ ունեցել և շատ ձեռքբերումներ:
-Հայաստանը կարոտո՞ւմ ես:
-Հայաստանն իմ թուլությունն է: Ես մի օր կվերադառնամ հայրենիք, քանի որ խենթանում եմ Երևանի ու հայերի համար: Անչափ հարուստ ներաշխարհով երիտասարդություն ունենք հիմա:

