Իրանցի բանտարկված ռեժիսոր Ջաֆար Փանահին Էվին բանտում հացադուլ է սկսել, գրում է The Hollywood Reporter-ը։
«Ես կմնամ այս վիճակում այնքան ժամանակ, քանի դեռ, հնարավոր է, իմ անկենդան մարմինը չազատվի բանտից»,- ասել է Փանահին։
Հայտնի է, որ ռեժիսորը դատապարտվել է վեց տարվա ազատազրկման՝ «իշխանությունների դեմ ուղղված քարոզչության համար»։ 2022 թվականի հուլիսին տեղի է ունեցել դատական նիստ, որի ընթացքում դատարանը որոշել է դատավճիռը վերջնական և պարտադիր ճանաչել։


