Ժամանակակից ամերիկացի գրող Ջոնաթան Ֆրանզենին անվանում են մեր ժամանակների լավագույն վիպասաններից մեկը: Լայն, ընդարձակ, բազմաշերտ վեպերի հեղինակն այսօր հայտնի է ողջ աշխարհում:
Ջոնաթան Ֆրանզենը ծնվել է 1959 թ. օգոստոսի 17-ին Չիկագոյում, մեծացել է Սենտ Լուիս քաղաքում՝ Միսուրի նահանգ: Ուսանողական տարիներին դասընթացների է հաճախել Գերմանիայի մի շարք հեղինակավոր համալսարաններում:

Քսանյոթերորդ քաղաք
Ֆրանզենի առաջին վեպը «Քսանյոթերորդ քաղաքն» էր: Այն տպագրվեց 1988 թ. և բավական ջերմ ընդունվեց և՛ ընթերցողների, և՛ քննադատների կողմից: «Ես վտիտ, վախեցած երեխա էի, որը փորձում էր մեծ վեպ գրել: Դիմակը, որ հագել էի, հռետորությամբ տարված, չափազանց խելացի և գիտակ միջին տարիքի գրողի դիմակ էր», – հետագայում հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է գրողը:

Ուժեղ ձգողականություն
Ֆրանզենի հաջորդ վեպը «Ուժեղ ձգողականություն»/ Strong Motion-ն է: Այն տպագրվեց 1992 թ.: Այս վեպն այնքան էլ մեծ հաջողություն չունեցավ, սակայն սրանում արդեն կարելի է նկատել գրողի ձեռագիրն ու հայացքն աշխարհին, ընտանեկան խնիրներն արծարծելու կերպն ու խորը և հզոր շունչը:

Շտկումներ
2001 թ. լույս է տեսնում Ֆրանզենի «Շտկումներ» / Corrections վեպը: Այն Ջոնաթան Ֆրանզենի անունը հայտնի դարձրեց ողջ աշխարհում: «Շտկումները» մեծ արագությամբ դարձավ բեսթսելլեր ԱՄՆ-ում և ոչ միայն, իսկ հեղինակն արժանացավ National Book Award մրցանակի:
Վեպը պատմում է մի ընտանիքի մասին: Երեք երեխա ունեցող ամուսինները մենակ են ապրում, քանի որ երկու որդիներն ու դուստրը մեծացել են և ամեն մեկը մի քաղաքում է ապրում՝ սեփական խնդիրներով, բարդույթներով, սերերով ու ատելություններով: Ընտանիքի անդամներից ամեն մեկը և յուրաքանչյուրը մենակ է: Նրանք միմյանց չեն սիրում, ինչո՞ւ: Ծնողնե՞րն են մեղավոր, հա՞յրը, մա՞յրը: Ո՞վ է, ի՞նչն է անսերության պատճառը: Ինչո՞ւ են երեխաներն անհաջողակ, դժբախտ, խառը ներքին և առօրյա խնդիրներով: Գուցե բոլո՞րն են այդ վիճակում: Չէ՞ որ Ֆրանզենի նկարագրած ընտանիքը մտացածին չէ, այլ չափազանց տիպիկ ընտանիք ամերիկյան (և ոչ միայն ամերիկյան) հասարակության մեջ:

Երեխաները վատ հարաբերություններ ունեն հատկապես մոր հետ: Ընտանիքի մայրը՝ Ինիդը, ամենաբարդ և հակասական կերպարն է վեպում: Սկզբում ընթերցողն էլ է հակակրանքով լցվում եսակենտրոն, փնթփնթան կնոջ հանդեպ, որը ստիպում է բոլորին իրենց տանը հավաքվել սուրբծննդյան տոներին: Սակայն Ֆրանզենը վեպի էջերում տող-տող, առանց ուղղակի պատմելու բացում է Ինիդի աշխարհը, որտեղ ամուսնուց քիչ սեր ստացած և երբեք չգնահատված կնոջ տարածված և հաճախադեպ դժբախտությունն է: Սա է Ինիդի չոր ու ցամաք բնավորության պատճառը… գուցե:
Իսկ ի՞նչն է երեխաներից յուրաքանչյուրի անհաջողակության պատճառը: Ինչո՞ւ նրանցից ոչ ոք իր տեղը գտնել չի կարողանում, ինչո՞ւ նրանք իրար և իրենք իրենց չեն սիրում: Գուցե վերջին սուրբծննդյան ընթրի՞քը օգնի, գուցե դեռ ուշ չէ՞ շտկումներ անելու կյանքում, հոգիներում, բնավորության գծերի և աշխարհի հետ հարաբերությունների մեջ:

Ազատություն
«Ազատությունը» / Freedom Ֆրանզենի՝ 2010 թ. տպված գիրքն է, որը դարձյալ շատ ջերմ ընդունեցին և՛ ընթերցողները, և՛ քննադատները՝ այն անվանելով «Ամերիկյան մեծագույն վեպ»:
Սա ևս ընտանիքի պատմություն է. Փաթի և Ուոլթեր Բերգլուդների, նրանց սիրո, անհաջողությունների, երեխաների, բարդույթների, դավաճանությունների, ներելու անկարողության և չներելու անհնարինության մասին:
Փաթին և Ուոլթերը երևի երբեք երջանիկ չեն եղել՝ մինչ այն պահը, երբ ամեն բան կորցնում են, կորցնում են իրար, դավաճանում են, դավաճանվում և երկար ճանապարհ անցնելուց ու երկար վեպի միջով եփվելուց հետո գտնում իրար:

Այստեղ ևս շոշափվում է ծնող-երեխա հարաբերություններում սիրո բացակայության խնդիրը, ավելի ստույգ ատելության ներկայության հարցը: Հարցազրույցներից մեկում այդ հարցի վերաբերյալ Ֆրանզենը բացատրում է. «… ես էլ մորս հետ բարդ հարաբերություններ եմ ունեցել: Անգամ նրա կյանքի վերջին տարիներին, և որ ավելի վատ է, նրա մահից հետո որոշ ժամանակ անց էլ, ես չէի գիտակցում` որքան մեծ նշանակություն ուներ նա ինձ համար: Ես չափազանց ուշ սովորեցի անվերապահորեն նրան սիրել ու հիանալ նրանով: Եվ հիմա զգում եմ, որ պարտավոր եմ նման բաներին մեծ ուշադրություն դարձնել: Փաթին` «Ազատության» գլխավոր հերոսուհին սիրո և կարեկցանքի զգացումով է օժտված, թեկուզ և նրա սեփական երեխաները միշտ չէ, որ հասկանում են նրան: … Ինչ վերաբերում է նրան, թե ինչու եմ ես դրա վրա կենտրոնացած… /ծիծաղում է/ Ես Ջոնաթան Ֆրանզենի կենսագիրը չեմ, չեմ կարող այդ մասին դատել»:
Ինքը՝ Ֆրանզենը երեխաներ չունի սեփական որոշման համաձայն:
«Միայն նրանից հետո, երբ լրացավ 44-ամյակս, այդ տարիքում էր հայրս, երբ ես ծնվեցի, ես սկսեցի հարց տալ ինքս ինձ. չափազանց շատ ցանկանալով ծնող դառնալ` ինչո՞ւ կյանքս կապեցի մի կնոջ հետ, որի անտարբեր վերաբերմունքը այդ հարցում պարզ էր հենց սկզբից: Նշանակու՞մ էր դա, որ ես երեխա եմ ուզում հենց նրանից, քանի որ շատ եմ սիրում նրան»: Ու մի մեջբերում էլ վերջերս The New Yorker-ում հրապարակված էսսեիցս. «Իրականությունն այն է, որ ամենամնայուն արարքը, որին ընդհանրապես ունակ է մարդը, ոչ միայն պայքարն է բնակլիմայական փոփոխությունների դեմ ու նաև կենսաբազմազանության պահպանման, այլև երեխա չունենալը»: Վերջին մեջբերումը կարելի է համարել առաջինի տրամաբանական շարունակություն. չնայած երեխա չունենալու որոշումս անձնական պատճառներ ունի, ինձ հույս է տալիս միտքը, որ իմ արարքը լավ ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա…»:

«Ազատություն»-ում շոշափվում են նաև ազգային կարևորություն ունեցող հարցեր՝ առանց պաթոսի, կամ բացահայտ քննադատության. պարզապես լուռ ցավով և մարդկանց կյանքերում թողած հետևանքներով ու արձագանքներով: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչություն, Իրաքյան պատերազմ. այս ամենը խորը սպի է թողել բոլորի հոգիներում ու կյանքի վրա:
Անմեղություն
2015 թ. լույս է տեսնում Ֆրանզենի հաջորդ վեպը, որի անվանումն է «Purity», ինչն անգլերենից թարգմանաբար նշանակում է «մաքրություն», «անմեղություն» Բայց Purity-ին նաև գլխավոր հերոսուհու անունն է: Փյուրիթին կամ Փիփը՝ ինչպես բոլորն անվանում են նրան, տանել չի կարողանում իր անունը, չգիտի՝ ով է հայրը, մայրը էքսցենտրիկ է և ոչ ադեկվատ, և նա չի կարողանում տղամարդկանց հետ հարաբերություններ կառուցել:
Նա փորձում է իր հորը գտնել, որի մասին մայրը ոչինչ չի ուզում պատմել: Փիփը մեծ գումարներ է պարտք համալսարանին. մայրը չգիտի և լավ է՝ չիմանա, գուցե հա՞յրը կօգնի, երբ գտնվի իհարկե:
Տոտալիտարիզ, ֆեմինիզմ, համացանցային աղետ, երեխա-ծնող բարդ հարաբերություններ. այս և շատ այլ թեմաներ միահյուսվում են վարպետորեն կառուցված սյուժեի մեջ և դառնում ֆրանզենյան արձակի հերթական գլուխգործցային ստեղծագործությունը:
Մայր-երեխա հարաբերությունների բարդություններն այստեղ գրոտեսկային արտահայտություն են ստանում: Մայրերն այս վեպում կռվազան են, եսակենտրոն-հոգատար, էքսցենտրիկ, նրանց արարքները զարմացնում են, խոսքերը ցնցում:
Այժմ «Անմեղության» հիման վրա մինի-սերիալ է նկարահանվում՝ 20 մասերից բաղկացած:
Ֆրանզեն-վարպետը
Ֆրանզենի համար ոչինչ ավելի հետաքրքիր չէ, քան սովորական մարդկային կյանքը, նա հմտորեն մտնում է սովորական ընտանեկան կյանքի ամենանուրբ խորքերը և կառուցում իր հզոր արձակը թույլ, անպաշտպան, սովորական նեղանձնական և միջանձնային հարաբերությունների պատկերումով:
Ֆրանզենի վեպերը մեծածավալ են՝ 500, 600 էջ և երբեմն ավելի: Այա արագ և անհամբեր ժամանակներում նման վեպ գրել և այդքան ընթերցողներ ունենալ, վեպեր գրել, որոնք դառնալու են բեսթսելլեր՝ չնայած մեծածավալությանը, վկայում է հեղինակի իրական տաղանդի և վեպերի բազմաշերտ, հետաքրքիր և գրավիչ-հուզիչ-չձանձրացնող լինելու մասին:
Կարդացեք ժամանակակիցներին, կարդացեք Ֆրանզենի վեպերը:
Աղբյուրներ՝ Guardian.com, Esquire.com, People.com, LivLib.ru, NewMag.am:

