VNews Culture-ի զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի մենապարուհի Կարինա Շիկանյանը:
Կարինա, շնորհակալ եմ հարցազրույցի առաջարկն ընդունելու համար: Դու արվեստագետների ընտանիքից ես: Քո տատիկը հայտնի պարուհի Լյուբով Վոինովա-Շիկանյանն է, պապիկը՝ բալետի արտիստ, դիրիժոր Դմիտրի Շիկանյանը:
-Ցավոք, նրանք երկուսն էլ կյանքից հեռացել են, երբ ես դեռ չէի ծնվել: Նրանց չեմ տեսել արվեստի տեսանկյունից: Իմ մայրիկը նկարչուհի է: Գեղարվեստի ակադեմիան է ավարտել, նաև Պարարվեստի քոլեջում է սովորել, և արվեստի շունչը մեր տանը միշտ եղել է: Մեր տանը միշտ եղել է սերը դեպի արվեստը, շատ են գրքեր նկարչության, կինոյի, թատրոնի մասին: Մեր գրադարանում շատ պիեսներ կան:

Դու շարունակել ես տատիկիդ ուղին: Բալետի արտիստ դառնալն ի սկզբանե քո՞ որոշումն է եղել, թե՞ այդպես ստացվել է:
-Իրականում, շատ պատահական է ստացվել, որ ես դարձել եմ բալետի արտիստ: Մայրիկս նկատել է, որ տվյալներ ունեմ, ճկուն եմ: Մի օր ինձ հարցրեց՝ կուզե՞մ արդյոք բալետի պարուհի դառնալ: Իսկ մայրիկին «չէ» ասել չի կարելի, ասացի՝ «Իհարկե»:
Չե՞ս փոշմանել, որ առանց գիտակցելու ես համաձայնել:
-Այդ ժամանակ չէի գիտակցում, բայց միշտ կա հնարավորություն փոխելու մասնագիտությունը: Ես կարող էի ավարտել Պարարվեստի պետական քոլեջն ու այլ մասնագիտություն ընտրել: Բայց ես ինձ հարմարավետ եմ զգում այս աշխատանքում, միաժամանակ, չեմ վախենում ու մտածում եմ, որ կարող է կյանքում փուլ գա, որ ցանկանաս փոխել կյանքդ, մասնագիտությունդ:
Հիմա դեռ ինքնաիրացվո՞ւմ ես բալետում:
-Այո, ես հիմա շատ եմ սովորում, զարգանում այս ուղղությամբ: Բալետն իմ կյանքի մեծագույն մասն է կազմում՝ այն առումով, որ ինձ որպես անհատ կերտել ու շարունակում է կերտել: Ես ենթարկվում եմ իմ մասնագիտության կանոններին, բայց միաժամանակ փորձում եմ կոտրել կարծրատիպերը բալետի արտիստների մասին առ այն, որ եթե ունես որևէ մասնագիտություն, պետք է հստակ ապրես միայն այդ կանոններով: Փորձում եմ այլ ուղղություններով էլ զարգանալ և դա օգտագործել բալետի մեջ:

Թատրոնի, երևի թե, ավելի տարեց աշխատակիցները տեսել են քո տատիկի պարը: Քեզ պատմո՞ւմ են պատմություններ, հիշողություններ:
-Հիմնականում իմ ուսուցիչներն են պատմում, կոնցերտմեյստերները հիշում են պապիկիս: Ասում են, որ կարող էր գալ, բալետի հետ կապված ինչ-որ շարժում ցույց տալ, հետո գնալ ու երաժշտական առումով ուղղություններ տալ: Ինձ համար մեծ պատիվ է, ու ես ինձ շատ լավ եմ զգում, որ նման մարդիկ են հիշում իմ տատիկին ու պապիկին:
Իսկ տատիկիդ հետ համեմատություններ անո՞ւմ են:
-Չէ: Դեռ որևէ մեկի մտքով չի անցել մեզ համեմատել (Ծիծաղում է-Հեղ․):
Իսկ ընդհանրապես ինչպե՞ս ես վերաբերում համեմատություններին:
-Ես առհասարակ չեմ սիրում համեմատվել: Ինքս ինձ փորձում եմ չհամեմատել այլ մարդկանց հետ, առավել ևս՝ բալետում: Շատ տարբեր է մարդկանց մոտ ամեն ինչ: Չես կարող համեմատվել արտիստի հետ, որն ունի ավելի լավ տվյալներ, ավելի բարձր թռիչքներ: Ես գիտակցում եմ, որ տվյալ արտիստն ունի այդ լավ կողմերը, իսկ ես ունեմ ուրիշ այլ լավ կողմեր: Դրա համար էլ համեմատությունը ճիշտ չէ:

Քո լավ կողմերը որո՞նք են:
-Տեխնիկական առումով պտույտներից ուժեղ եմ: Բայց ես չեմ համարում, որ դրանով պետք է ինձ առանձնացնեն: Ես ստաբիլ, ունիվերսալ արտիստ եմ: Իրար շատ հակասող դերեր եմ պարել, և տարիների ընթացքում հասկացել եմ, որ ինչ դեր էլ տան՝ կկարողանամ մարմնավորել: Դերեր կան, որտեղ շատ պտույտներ կան, դերեր կան, որտեղ շատ թռիչքներ կամ դերասանական խաղ է պահանջվում: Եվ ես հասկացա, որ կարող եմ ադապտացվել: Չկա դեր, որ ասեմ՝ «Չեմ կարող պարել»:

«Ռոմեո և Ջուլիետ»
Հե՞շտ ես մտնում կերպարի մեջ:
-Յուրաքանչյուր դերի նախապատրաստությունն ինձ համար սկսվում է գրականությունից: Առաջին հերթին ուսումնասիրում եմ այն գրականությունը, որի հիման վրա ստեղծվել է բալետը: Հետո կերպարը, ժեստերը, դիրքերը, որոնք արդեն պարուսույցն է ընտրել: Փորձում եմ հասկանալ՝ ինչպե՞ս անել, որ այդ դերը, դիրքը, ժեստերը լինեն իմն ու կերպարի մեջ հանգիստ զգամ:
Կա՞ կերպար, որը քեզ վրա շատ մեծ ազդեցություն է թողել:
-«Դոն Կիխոտ» բալետում Կիտրիի դերապարի նախապատրաստական ընթացքն ինձ շատ փոխեց: Կիտրին մինչ օրս պարած իմ ամենաբարդ դերն է: Նախապատրաստական այդ 30 օրն ինձ համար դժոխային էր: Շատ ծանրաբեռնված էր նաև հոգեկան առումով, ու ինձ թվում էր, որ եթե մի քիչ էլ շարունակվեն փորձերը՝ կխանգարվեմ (Ծիծաղում է - Հեղ․): Այդ դերն ինձ ստիպեց հասկանալ, թե ի՞նչ եմ ուզում իմ մասնագիտությունից, որովհետև դա իմ առաջին քայլն էր, երբ մեծ արտիստները տեսնում են, որ 19 տարեկան ինչ-որ աղջիկ եկել ու միանգամից խաղացանկի ամենաբարդ դերն է պարում: Ու ես հասկացա, որ ինձ դուր է գալիս, երբ կարող եմ հաղթահարել բարդություններն ու ինձ ուժեղ զգալ՝ անկախ տարիքից, փորձից: Ու եթե ես դա կարող եմ հիմա անել, տարիներ անց դրա կրկնակին կանեմ:

«Ռոմեո և Ջուլիետ»
Ասում են՝ դու բալետային թատերախմբում ամենաըմբոստ պարուհիներից ես՝ բնավորության ու մտածելակերպի առումով: Քեզ հե՞շտ էր Ջուլիետի կերպարում:
-Ջուլիետի կերպարում շատ սահմանափակված էի ինձ զգում, քանի որ ինքս կյանքում երբեք այդպես չէի վարվի: Երբե՛ք: Չկա խնդիր, որ չունենա լուծում, և մահվան մեջ գտնել լուծումն ինձ համար անթույլատրելի է: Շեքսպիրի հերոսները 13-14 տարեկան երեխաներ էին, և կարծում եմ, որ ծնողները ճիշտ էին, որ փորձում էին հեռու պահել Ջուլիետին Ռոմեոյից: Կա՛մ պետք է շատ խիստ դրան անդրադառնային, կա՛մ պետք է թույլ տային շփվել, բայց ավելի մարդկային պայմաններում: Ի վերջո, ծնողներն էլ սխալ էին, որ ստիպում էին Ջուլիետին ամուսնանալ մի մարդու հետ, որին նա չէր սիրում: Բայց, նաև զգալով այդ դարաշրջանի հասարակության պահանջները, պարզ է, որ մի քիչ դժվար էր դրան դեմ գնալը, բայց դե հաստատ անհնար չէր:
Դու Ջուլիետի փոխարեն ի՞նչ կանեիր: Մի կողմում սերն է, մյուսում՝ արժեհամակարգն ու ծնողները:
-Իրենց մեջ արմատացած էր թաքուն ամուսնանալու գաղափարը: Մինչդեռ թաքուն ամուսնանալու փոխարեն կարող էին փախչել: Եթե ես լինեի Ջուլիետի փոխարեն, սիրածս տղայի հետ ուղղակի կփախչեի ու չէի վերադառնա տուն:

«Ռոմեո և Ջուլիետ»
Ներկայացման մեջ մի տեսարան կա, երբ հայրը պարանով ծեծում է Ջուլիետին: Դու քեզ այդ տեսարանում հարմարավե՞տ էիր զգում:
-Ես կարծում եմ, որ դա իմ ամենաստացված տեսարաններից է: Իմ ամենամեծ վախը բռնությունն է և, առհասարակ, երբ դու կին ես, գիտակցում ես, որ քո հանդեպ բռնություն անելու շանսերն ավելի շատ են: Իմ ընտանիքում ինձ այնպես են դաստիարակել, որ միշտ պետք է դեմ գնալ բռնությանը՝ ֆիզիկական, թե հոգեբանական: Ես ավելի շատ ասոցացնում էի ֆիզիկական բռնությունը հոգեբանականի հետ: Իհարկե, բալետում դժվար է ցույց տալ, թե ինչպես են հոգեբանորեն ճնշում: Բայց ֆիզիկապես, երբ ծեծում են մեկին, դրանից վատ բան չի կարող լինել: Ծեծը ծնողի կողմից աններելի է: Եթե ես լինեի Ջուլիետ՝ երբեք չէի ների իմ ծնողին, կատեի, կքամահրեի: Հնարավոր չէ, որ մարդը մարդուն ծեծի ինչ-որ բանի պատճառով:
Իսկ ինչպե՞ս ստացվեց քեզ մոտ այդ տեսարանը խաղալը, մանավանդ, որ համարում ես, որ ամենաստացվածներից է:
-Երևի թե չեմ խաղում այդ պահին: Շատ ռեալ պատկերացնում եմ, եթե ինձ մոտ գային պարանով ու ծեծեին: Եղել են դեպքեր, երբ ներկայացման ընթացքում պարանը դիպել է մարմնիս, ու այդ դաղոցը ներվ է արթնացնում․ դու հասկանում ես, որ եթե քո հայրը չլիներ, դու ուղղակի վեր կկենայիր ու կհարվածեիր այդ մարդուն:
Շատերը մեր այս հարցազրույցը կարդալով գուցե մտածեն, որ դու ֆեմինիստ ես:
-Ոչ թե ֆեմինիստ եմ, այլ մարդկանց հավասարության կողմնակից եմ: Ֆեմինիստները սովորաբար սիրում են ի պատասխան տղամարդկանց իրավունքները ոտնահարել: Բայց ես՝ հակառակը, միշտ պաշտպանում եմ երկու կողմին էլ: Մարդը մարդ է: Բոլորը պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, և դա սեռի հետ ոչ մի կապ չունի: Ինձ համար բոլոր մարդիկ հավասար են:

«Գայանե»
Աշխարհում բոլորը խոսում են այդ մասին, բայց, ցավոք, այդ հավասարությունը չկա: Բալետային թատերախմբում ինչպե՞ս է:
-Բալետում սովորաբար կանանց դերը միշտ շատ ավելի մեծ է, քան տղամարդկանցը: Դա էլ վիրավորական է տղամարդկանց համար, որովհետև, երբ ինչ-որ բան չի ստացվում, տղային են մեղադրում, որ լավ չբարձրացրեց կամ լավ չպահեց: Բայց աղջիկն էլ կարող էր մեղավոր լինել: Բալետի մեջ էլ մեղավորությունը երկուսինն է: Թատրոնում տղաները շատ լավ են վերաբերում աղջիկներին, բայց ես համոզված չեմ, որ թատրոնից դուրս այդպես է: Գուցե դա դիսցիպլինան է կամ դաստիարակությունը, որ եկել է քոլեջից: Տղաները գիտակցում են, որ այդ նորմերը պետք է պահպանվեն թատրոնի ներսում: Բայց թատրոնից դուրս ես չգիտեմ, թե նրանք ի՞նչ մարդիկ են և իրենց ընտանիքում ի՞նչ արժեհամակարգ ունեն:
Իսկ բեմում այդ արժեհամակարգը երևո՞ւմ է։
-Իհարկե, կրթվածության աստիճանը, ի՞նչ է մտածում, ի՞նչ արժեքներ ունի, շատ ակնհայտ երևում է: Հիմա, երբ գրեթե միշտ մնում եմ թատրոնում որպես փոխարինող, անգամ եթե չեմ պարում, կուլիսներից նայում եմ ներկայացումները, ու քանի որ արտիստները շատ մոտ են, ուշադիր նայում եմ, թե ինչ դեմքի արտահայտությամբ են պարում: Կան պարողներ, որոնք ժպտում են, բայց նրանց դեմքի վրա հուսահատություն կա: Չեն հասկանում՝ ի՞նչ են պարում կամ ի՞նչ գործ ունեն բեմի վրա: Զգացվում է, որ իրենք չեն ուզում, բայց ինչ-ինչ պատճառներով անում են: Նաև շատ հստակ զգացվում է, որ ոմանք չգիտեն, որ Շեքսպիրն է գրել «Ռոմեո և Ջուլիետը»: Կամ գիտի, որ Շեքսպիրն է գրել, բայց չի կարդացել: Դա շատ ակնհայտ է: Անգամ քայլելուց երևում է՝ որքանո՞վ է մարդը ինտելեկտուալ, կարդացած, ի՞նչ է մտածում և այլն:

«Գայանե»
Քանի որ մենք խոսեցինք կանանց և տղամարդկանց միջև հավասարության մասին, ինձ շատ հետաքրքիր է քո կարծիքը «Գայանե» բալետի մասին:
-«Գայանեն» ինձ համար ամենաանհասկանալի բալետներից է: Ես գիտակցում եմ, որ դա մեր մշակութային արժեքներից է, որը պետք է պահպանել, բայց «Գայանեն» իր գաղափարը վաղուց սպառել է: Կյանքը, որ ներկայացվում է, չի տեղավորվում իմ մտածելակերպի մեջ: Ուղղակի չի տեղավորվում: Գյուղի ինչ-որ տղա կարող է հավաքել ուրիշ գյուղի ինչ-որ տղաների ու գալ աղջկան փախցնել: Աղջիկը չի ուզում այդ տղայի հետ ամուսնանալ, բայց ծնողները ստիպում են:
Դու Նունեի դերն ես չէ՞ կերտում «Գայանե»-ում:
-Այո, բարեբախտաբար Նունե եմ պարում, ու չեմ էլ ուզի Գայանե պարել, չեմ ուզի ինձ զգալ այդ ամենի մեջ: Ինձ համար դա կլինի անհարմար, զգալ, որ ինչ-որ մեկն ինձ փախցնում է: Չի կարող նման բան լինել: Չպետք է լինի նման բան:

«Բյուրեղապակյա դղյակ»
Հիմա ամբողջ աշխարհում «բոդիպոզիտիվի» գաղափար է տարածվել: Այն ներկայացվում է ֆիլմերում, նորաձևության մեջ: «Դիսնեյը» մուլտֆիլմ է նկարել բալետի պարուհու մասին, որը «բոդիպոզիտիվ» է և չի տեղավորվում ընդհանուր բալետային կարծրատիպերի մեջ:
-Մի քիչ սխալ է բալետի առումով: Առհասարակ, սխալ է չափազանց ուղիղ ընկալել «բոդիպոզիտիվ» արտահայտությունը, որովհետև ես կարծում եմ, որ դա առաջին հերթին ինքդ քեզ ընդունելու մասին է, այլ ոչ թե պետք է լինել գեր կամ նիհար: Եթե դա վնասում է առողջությանը, արդեն պոզիտիվ չէ: «Բոդիպոզիտիվն» ինձ համար այն է, որ մենք արտաքինի որոշ էլեմենտներ, որոնք տարբերվում են մյուսներից, չհամարենք թերություն: Իսկ գերությունը գուցե առողջական խնդիրների պատճառով է: Ես հասկանում եմ, որ բարդ է նիհարելը, նույնիսկ եթե չկա առողջական խնդիր, նիհարելը բարդ է, բայց համակերպվելը դրա հետ սխալ է: Առավել ևս բալետում չի կարող նման բան լինել, քանի որ ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է ոտնաթաթերի փոքր ջիլերի, փոքր մկանների վրա: Պատկերացնո՞ւմ ես, թե այդ քաշը ծնկները, հոդերը ինչպես կվնասեն:

Ես իմ ֆեյսբուքյան էջում գրառում էի արել մուլտֆիլմի մասին, և մի քանի տասնյակ կանայք դրական էին արձագանքել:
-Ես կողմ չեմ դրան, մենք աշխատում ենք տղաների հետ: Այստեղ այդ հավասարությունը պահպանված չէ: Մենք ֆիզիկապես չենք կարող նրանց գրկել, տղաները մեզ բարձրացնում են: Բալետն այդպես է ստեղծվել, այդպես եղել է, այդպես կա, ու անհնար է, որ գեր աղջկան տղաները բարձրացնեն ու չվնասվեն:
Կարծում ես՝ այդպես փորձում են ինչ-որ կարծրատի՞պ կոտրել:
-Ինձ թվում է՝ դա կարծրատիպերի հետ կապված չէ: Բազմաթիվ թատրոններում փորձում են չափազանց հանդուրժող լինել ամեն ինչի հանդեպ: Քսան տարի առաջ սևամորթների համար էին պայքարւմ: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մաշկի գույնը կապ չունի, և սևամորթներն էլ բալետում հավասար տեղ ունեն, ինչպես սպիտակամորթները: Եվ հասան դրան: Հետո սկսեցին ասիացիների, շեղ աչքերով մարդկանց իրավունքների համար պայքարել: Եվ հիմա թատրոնները հանգիստ վերցնում են բոլոր ասիացիներին: Հիմա չգիտեն ինչի համար պայքարել: Բոլոր թատրոնները, որոնք իրենց համարում են առաջադեմ, ժամանակակից, նոր արտիստներ ընդունելու համար լսումներ անցկացնելիս առանձին գրում են՝ «Եթե դուք ձեզ համարում եք կին, բայց տղամարդ եք ծնվել, պետք է պուանտներով շարժումներ ցույց տաք, որ մենք ձեր տեխնիկան տեսնենք պուանտների վրա: Եթե դուք կին եք, բայց ձեզ համարում եք տղամարդ, պետք է տղամարդու թռիչքներ անեք, երկու կամ երեք թռիչք օդում և այլն»: Դա ես չեմ ընկալում, չեմ հասկանում: Որքան էլ ես հանդուրժող անձնավորություն եմ, բացարձակ հոմոֆոբ չեմ, բալետում չեմ ընկալում դա: Չի կարող «Քնած գեղեցկուհին» լինել «Քնած գեղեցիկ», որովհետև դա փոխում է աշխարհի մասին գաղափարն ամբողջությամբ:

Նախորդ տարի Բեռլինի թատրոնը խաղացանկից հանեց «Մարդուկ-ջարդուկ» ներկայացումը, մինչ այդ ամերիկյան մի շարք թատրոններ հրաժարվել էին ցուցադրել «Բայադերկա»-ն՝ էլի սեռական ու ռասայական խնդիրների պատճառով: Նման սահմանափակումներն ինչպե՞ս են ազդում բալետի վրա։
-Այո, ես տեղյակ եմ այդ խնդիրներից ու սահմանափակումներից: Շատ ցավալի է: Իսկ թե ինչպես է ազդում բալետի վրա՝ սկսում է զարգանալ ժամանակակից բալետը: Օրըստօրե բոլոր թատրոններում դասական բալետի խաղացանկը փոքրանում է, և ավելի շատ տեղ է տրվում ժամանակակից բալետին: Ես ինքս շատ հաճախ հետևում եմ, թե եվրոպական, ամերիկյան թատրոններում ի՞նչ խաղացանկ կա, և հատկապես ամերիկյան թատրոններում դասական բալետ գրեթե չի մնացել: Ամերիկյան բալետը զարգանում է միայն ժամանակակից ուղղությամբ: Իրենք շատ լավ գիտեն, որ դասական մաքուր բալետից լավ գաղափար չունեն, և Ջորջ Բալանչինի (բալետի արտիստ և պարուսույց, ամերիկյան բալետի հայրը, Նյու Յորք քաղաքի բալետի /New York City Ballet/ համահիմնադիր և գեղարվեստական ղեկավարը: Ժամանակակից նեոկլասիկ (նոր դասական) բալետի սկզբնավորողը-Հեղ․) ուղղությունն են առաջ տանում, և թատրոններում գրված է, որ Բալանչինի տեխնիկան է պետք, իսկ մենք այդ տեխնիկային ծանոթ չենք: Եվրոպական թատրոններում դասական ներկայացումները փորձում են ցույց տալ ուրիշ ձև: «Մարդուկ-ջարդուկ»-ի լրիվ ժամանակակից բեմադրությամբ մի ներկայացում կա, որտեղ մանկատանն են ընթանում գործողությունները, խաղալիքը գտնում են, Մարդուկ-ջարդուկի ձեռքը պոկվում է, ինքը սկսում է փնտրել և այլն: Լրիվ ուրիշ բան․ միայն երաժշտությունն է նույնը մնացել: Կա «Քնած գեղեցկուհի», որտեղ բոլոր արտիստները գեղեցիկներ են: «Կարապի լիճը» ներկայացման միլիոն տեսակ կա: «Կարապի լիճ» կա, որտեղ միայն տղաներ են, տղան տղայի հետ: Ինձ համար նորմալ է, որովհետև դրանք ժամանակակից ներկայացումներ են: Բայց եթե ես դա տեսնեի Մարիուս Պետիպայի (Փարիզի «Գրանդ» օպերայի առաջատար բալետի արտիստ, բալետմեյստեր) կամ Լև Իվանովի (Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի առաջատար բալետի արտիստ, բալետմեյստեր) «Կարապի լիճը», որտեղ երկու կարապներ են, դեմ կլինեի: Բայց եթե ժամանակակից ներկայացում է, ես պատրաստ եմ նայել:
Այսինքն՝ քո ընկալմամբ՝ եթե ժամանակակից բալետ է՝ կարելի է, եթե դասական բալետ է՝ չի՞ կարելի:
-Այո:
Ինչո՞ւ:
-Դասականն արդեն բեմադրված է, այն չի կարելի փոխել՝ ելնելով գոնե հեղինակային իրավունքներից: Եթե բալետը դասական է, և կերպարը գրվել է կնոջ համար, տղամարդը չպետք է դա խաղա:
Ի վերջո, դասակա՞ն բալետ, թե՞ ժամանակակից:
-Ես շատ եմ սիրում ժամանակակից ներկայացումներ, ուսումնասիրում եմ այդ ուղղությունները: Հիմա ավելի շատ եմ դրանով զբաղվում, որ ինձ ավելի շատ բացահայտեմ այդ ուղղվածության մեջ: Կուզեմ մի օր այնպիսի թատրոնում աշխատել, որտեղ միայն ժամանակակից ներկայացումներ են: Դրանով ես հրաժեշտ կտամ դասական բալետին: Ժամանակակից ներկայացումներում հեշտ չէ պարելը, և այն արտիստները, որոնք իրենց միայն դասական բալետում են տեսնում, չեն կարողանում ժամանակակից ներկայացումներում պարել, որովհետև իրենց մարմինն իրենց չի ենթարկվում: Ուրիշ մկանային համակարգ է աշխատում:

Ասացիր, որ փորձում ես կարծրատիպեր կոտրել, ի՞նչ են նշանակում քո ձեռքերի դաջվածքները:
-Մարդ, արվեստ: Երկու գաղափար, որը ես ամենաշատն եմ կարևորում իմ կյանքում․ լինել մարդ ու ապրել, շրջապատված լինել արվեստի ցանկացած ուղղությամբ: Արվեստն առանձին աշխարհ է, որը պետք է լինի յուրաքանչյուրի կյանքում: Մարդը շատ ավելի հեշտ կապրի, եթե իրեն շրջապատի արվեստով:
Դու պատմվածքներ ես գրում, ու առաջին ժողովածուն արդեն պատրաստ է հրատարակման:
-Այո, ես փնտրում եմ լավ հրատարակչություն, որը կհամաձայնվի ինձ հետ աշխատել:
Ինչի՞ մասին ես գրում:
-Շատ բարդ հարց է, որովհետև մեկ ընդհանուր թեմա չկա, դա կյանք է, մաքսիմալ իրական: Հորինված ոչինչ չեմ գրում, ոչ թե իրադարձությունների առումով, այլ զգացողականը հենված է իրական դեպքերի, պատմությունների վրա:

Քո կյանքից, զգացմունքներից գրո՞ւմ ես:
-Իհարկե: Գրում եմ, որ գոնե մեկի հետ կիսեմ իմ զգացմունքները: Եթե դա մարդ չէ, գոնե թղթին պատմեմ:
Եթե մի օր պատմվածք գրես բալետի արտիստի մասին, ինչի՞ մասին այն կլինի:
-Ես ունեմ նման պատմվածք, կոչվում է «Խեղկատակը»: Այն զգացողությունը, որը բեմի վրա կարող է զգալ մարդը: Ես այդ ժամանակ մի օր կորդեբալետում էի պարում, մի օր մենապարուհի էի, և զգացողություններս շատ տարբեր էին: Մի օր ներկայացումից հետո կանգնած էի ամենավերջում ու տեսնում էի, թե ինչպես են առաջատարներին ծափահարում, մի օր ինձ էին ծափահարում: Շատ խառն էր: Հենց դրանով էի ինձ ու առհասարակ արտիստի կերպարը համեմատում խեղկատակի հետ: Այդ ժամանակ խեղկատակի կերպարն էի պատրաստում «Բյուրեղապակյա դղյակը» ներկայացման համար, ու ամեն ինչ տրամադրում էր նրան, որ ես ինձ, իրոք, խեղկատակ զգամ: Բալետի արտիստը, կարծում եմ, իրավունք ունի նման բան զգալ: Շատ ծայրահեղական մտածելակերպի մասին է պատմվածքը: Հերոսն ասում է՝ «Ես ինձ համարում եմ աշխարհի ամենալավ արտիստը, բայց հաջորդ վայրկյանին հասկանում եմ, որ ես ոչնչություն եմ ու ոչ-ոքի պետք չեմ ամբողջ աշխարհում»: Ամբողջ պատմվածքը հենված է ծայրահեղական մտքերի վրա:

Իսկ նման ծայրահեղական մտքեր քեզ մոտ անձամբ լինո՞ւմ են:
-Միշտ, ու դա հաճախ կապված չի լինում իմ մասնագիտության հետ: Մի օր ինձ կարող եմ համարել աշխարհի ամենավատ դուստրը մայրիկիս համար, հետո հասկանամ, որ չէ, ես լավ դուստր եմ: Նույնը բալետի մեջ․ մի օր ինքս ինձ ասում եմ՝ «ախր արժանի չեմ այս ամենին, հետո գալիս է մի պահ, որ ասում եմ՝ «չէ, արժանի եմ ավելի լավին»: Ինքս ինձ թերագնահատում ու գերագնահատում եմ անընդհատ:
Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարեց Ագնեսա Կիրակոսյանը
Կարող եք կարդալ նաև՝
Ավետիս Բարսեղյան․ Հասկացա, որ ուզում եմ անել այն, ինչ Մինաս Ավետիսյանը
Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ
Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»
Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ
Անահիտ Վասիլյան․ Բեմ դուրս գալուց առաջ միշտ աղոթում եմ
Ռազմիկ Մարուքյան․ Եթե առողջությունս ների, կուզեմ մինչև կյանքի վերջ Կրասոս պարել
Տաթևիկ Բոլշիկյան․ Բալետի հանդեպ սեր առաջին հայացքից չի եղել


