Կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հաստատել է Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագիրը:
Կառավարությունը հավանություն է տվել Կասկադի հարակից տարածքում «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերության ներդրումային ծրագրին և որոշել կառուցապատման նպատակով առանց մրցույթի հողամաս տրամադրել և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարել ընկերությանը։
«Ավարտված հատվածում կկառուցվի 36 հազար քառակուսի մետր մակերեսով համալիր, որը կներառի 1000 հոգանոց բանկետային դահլիճ, ինչպես նաև համերգասրահ և թանգարանային հատված։ Այս ամբողջ տարածքը կպատկանի Երևանի քաղաքապետարանին»,- նախագիծը ներկայացնելիս նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երևանի քաղաքապետը նաև հավելել է, որ այս քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակը Կասկադի համալիրի ամբողջական և ավարտուն տեսք ստանալն է, որը միաժամանակ կապահովի կապը կենտրոնի և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշահամալիրի հետ, ինչի արդյունքում նաև կյանքի կկոչվի թամանյանական և ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը։
Պայմանագրի գործողության ժամկետը 5 տարի է։ Մինչ պայմանագրի գնի ամբողջական վճարումը հողամասերը կհամարվեն գրավադրված հօգուտ Երևան համայնքի։ Տարածքի 1․8 հեկտարը պետք է կանաչապատվի։


