Logo

Ինչպես երկար «դեգերումներից» հետո Աբովյանի արձանը վերջապես հասավ Երևան

Հեղինակ
Զառա Սարգսյան
12:12 / 11.07.2023Արվեստանոց
Բացառիկ
null

1900-ական թվականների առաջին տասնամյակ. գերեզմանոցային-մեմորիալ հուշարձանները չէին կարող բավարարել հայ հասարակության գեղարվեստական պահանջները: Հայ ժողովուրդը կարիք ուներ հայտնիների այնպիսի հուշարձանների, որոնք լինեին իր աչքի առաջ, ժողովրդի մեջ՝ հրապարակներում և հիշեցնեին ոչ թե նրանց մահն ու գերեզմանը, այլ նրանց հայրենասիրական գործունեությունը, ոգեշնչեին ու ամուր պահպանեին ժողովրդի ոգին, նրա միասնությունը:

… Եվ միաձայն որոշվեց, որ դա պետք է լինի հայ Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի հուշարձանը:

Անհրաժեշտ էր ցարական կառավարության պաշտոնական համաձայնությունը: 19-րդ դարում ցարիզմը թույլ չէր տալիս փոքր ազգերին իրենց գործիչների հուշարձանները կանգնեցնել հրապարակներում: Մեծ դժվարությամբ Կովկասի փոխարքայությունը համաձայնում է թույլատրել հայերին արձան կանգնեցնել գավառական քաղաք Երևանում՝ հավանաբար ենթադրելով, որ մեծ ծախսեր պահանջող այդ հուշարձանի կառուցումը վերջ ի վերջո գլուխ չի գա, քանի որ կառավարությունը ոչ մի կոպեկ չի տրամադրելու, իսկ հանգանակությամբ անհրաժեշտ գումարը շուտով չի հավաքվի…

Խ. Աբովյանի անհայտացման 60-ամյակի կապակցությամբ 1908թ. որոշվում է Երևանում հուշարձան կանգնեցնել: Գործը ստանձնում է Բաքվի Հայոց կուլտուրական միությունը: Արձանը կառուցելու համար անհրաժեշտ էր 12 000 ռուբլի, որը պետք է հավաքվեր հանգանակությամբ, ինչպես նաև այդ առիթով կազմակերպված համերգներից ստացված հասույթից:

Արձանը կառուցելու համար հայտարարվում է քանդակագործների մրցույթ, որին մասնակցում են տարբեր երկրներում ապրող հայ անվանի քանդակագործներ՝ Միքայել Միքայելյանը (Թիֆլիս), Անդրեաս Տեր-Մարուքյանը (Փարիզ), Հայկ Բատիկյանը (Բոստոն), Հակոբ Արապյանը (Կոստանդնուպոլիս), գրող Մուրացանի դուստր Ռուզան Մուրացանը (Բեռլին) և Հակոբ Գյուրջյանը (Փարիզ):  Ներկայացված 8 նախագծերից ժյուրիի հավանությանն է արժանանում Անդրեաս Տեր-Մարուքյանի նախագծերից երկրորդը, որից հետո ժյուրիի հանձնարարությամբ նախագիծն ուղարկվում է Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիա՝  հաստատման համար:

Մի քանի տարի կազմակերպվում են համերգներ Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի տարբեր քաղաքներում: Սակայն հավաքված գումարը չէր բավարարում: Տարիներ են պահանջվում, որպեսզի հավաքվի անհրաժեշտ գումարը:

1913թ. Ա. Տեր-Մարուքյանը Փարիզում ավարտում է արձանը: Սակայն հանգանակությամբ հավաքված գումարը չէր բավարարում ամբողջովին փոխհատուցելու արձանի ծախսերը: Խ. Աբովյանի բրոնզե արձանը մնում է Փարիզի այն գործարանում, որտեղ ձուլվել էր:

Ա. Տեր-Մարուքյանը 1913թ. գալիս է Երևան և իր ծախսերով փորել է տալիս հուշարձանի հիմքի տեղը, ցանկապատում՝ հույս ունենալով, որ հանգանակությամբ հավաքվող գումարով և մեծահարուստների առատաձեռնությամբ հնարավոր կլինի վճարել արձանի ծախսերը: Սակայն այս անգամ էլ չի հավաքվում պահանջվող գումարը, արձանը 1913-1925թթ. մնում է Փարիզի գործարանում:

1919թ. Ա. Տեր-Մարուքյանը վախճանվում է՝ այդպես էլ չտեսնելով իր քանդակած արձանը նախատեսված վայրում: Նա չի հասցնում նաև ստանալ խոստացված հոնորարը:

Փարիզի գործարանատերը տեսնելով, որ արձանը երկար տարիներ ձուլարանում է և ոչ ոք չի վճարում պարտքը, դիմում է դատարան, որ գումարը չվճարելու դեպքում Աբովյանի արձանը ձուլվելու է:  Այս անգամ էլ հայ բարերարների շնորհիվ հաջողվում է վճարել գումարը և «ազատագրել» քանդակը:

Ըստ նախագծի, հուշարձանի հետ քանդակագործը կերտել է նաև պատվանդանի բարձրաքանդակները՝ նստած դիրքով պատանի՝ ընթերցելիս, և մի աղջիկ՝ կանգնած, ծաղկեփունջը ձեռքին կարդում է պատվանդանի վրա գրված «Խաչատուր Աբովյան» բառերը:

1925թ. արձանի տեղափոխման համար պահանջվող գումարը փոխանցվում է Փարիզի գործարան: Քանդակն ուղարկում են Երևան, սակայն սխալմամբ հասնում է Բաթումի: Քաղաքի այգիներից մեկում տեղադրվում է որպես անհայտ հեղափոխականի հուշարձան: Միայն տարեվերջին այն հայտնաբերվում է և հաջողվում տեղափոխել Երևան: Եվ միայն 8 տարի անց՝ 1933թ. հուլիսի 6-ին, արձանը տեղադրվում է Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի և «Երևան» հյուրանոցի միջև գտնվող՝ Աբովյանի անվան հրապարակում (այժմ Շառլ Ազնավուրի հրապարակ): 

Խ․ Աբովյանի արձան-1

1950թ. Աբովյան փողոցի վերակառուցման պատճառով արձանը տեղափոխվում է կրկեսի մոտ (1950-1953թթ.): Իսկ նույն փողոցի վերջնամասում տեղադրվում է Խ. Աբովյանի մեկ այլ արձան, որի հեղինակը Սուրեն Ստեփանյանն է:

Որոշ ժամանակ անց արձանը հասնում է Ծիծեռնակաբերդի բլուր (1953-1957թթ.), 1957թ. էլ փոխադրվում է Մանկական երկաթուղու տարածք՝ Աբովյանի անվան զբոսայգի: 

Եվ միայն 1964թ. Անդրեաս Տեր-Մարուքյանի բրոնզաձույլ արձանն իր վերջնական հանգրվանն է գտնում Քանաքեռում՝ Խ. Աբովյանի տուն-թանգարանի այգում:

Խ․ Աբովյանի արձան-2

Նյութը VNews Culture-ին է տրամադրել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը

fastnews-ads-banner