Logo

Խաչատուր Աբովյանի որդու ծանր կյանքն ու վաղաժամ մահը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 12.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
abovyanitxeeen - Խաչատուր Աբովյանի որդու ծանր կյանքն ու վաղաժամ մահը

Խաչատուր Աբովյանն իր ժամանակների ամենակիրթ և առաջադեմ մարդկանցից էր, նրա լուսավորական ու առաջադիմական հայացքները հաճախ հանգիստ չէին տալիս գերակշռող խավարամիտներին: Արհասարակ, Աբովյանը հայ գրականության ամենաառեղծվածային կերպարներից մեկն էր, ում բնավորության և մարդ տեսակի մասին խոսելիս ականատեսներից շատերը պնդում էին, որ թեև նա հախուռն բնավորություն ուներ, էությամբ բարի էր։ Խաչատուր Աբովյանի թողած արժեքավոր գրական ժառանգությունը ա անհերքելի է։

Այսօր կներկայացնենք Աբովյանի որդու՝ Վարդան Աբովյանի ճակատագիրն ու կյանքը։

Խաչատուրն ու Էմիլիեն

Սեր, պսակադրություն, երեխաներ

1838 թվականին Թիֆլիսում Աբովյանը ծանոթանում է լութերական եկեղեցու հետևորդ Էմիլիե Լոզեի հետ և անմիջապես դիմում ներկայացնում Էջմիածին՝ հոգևոր կոչումից ազատվելու խնդրանքով։ Մեկ տարի անց Աբովյանի և Էմիլիեի միջև ամուսնական պայմանագիր է կնքվում, ըստ որի օրիորդը համաձայնվում է պսակադրվել հայկական եկեղեցում։ Պսակադրությունը տեղի է ունենում 1839 թվականի դեկտեմբերին։ Զույգը երկու երեխա է ունենում՝ Վարդան Աբովյանն ու Զարմանդուխտ Աբովյանը։

Վարդան Աբովյան

Միակողմանի ծնողազուրկ, ութամյա երեխան ու ջանք չխնայող մայրը՝ Էմիլիեն

Վարդան Աբովյանը ծնվել է 1840 թվականի մայիսին, դեռևս ութ տարեկան հասակում զրկվել է հորից և դաստիարակության ողջ բեռն ընկել է մոր՝ Էմիլիեի ուսերին, վերջինս ամուսնուց հետո ապրեց 22 տարի և մահացավ 1870 թվականին։ Վարդանը խելացի, ընդունակ ու ուսումնատենչ երեխա էր, Խաչատուր Աբովյանի արժանի զավակն էր։ Նա ինը տարեկանից սկսում է սովորել Թիֆլիսի գիմնազիայում։ Երկու տարի հետո ընդունվում է Ներսիսյան դպրոցը՝ հայերենի իմացությունը կատարելագործելու նպատակով։ Հենց այդ տարիներին պարզվում է, որ կաթողիկոս Ներսես Աշտարակեցին ցանկանում է Խաչատոր Աբովյանի միակ որդու հետագա կրթության ու դաստիարակության հոգսն իր վրա վերցնել։ Կաթողիկոսը պատրաստվում էր Վարդանին կրթության տալ Մոսկվայի Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների բաժնում։

Սակայն…

Երեք տարի անց հիվանդության պատճառով Վարդանը դուրս է գալիս Ներսիսյան դպրոցից, ինչը նշանակում էր հրաժարվել  Լազարյան ճեմարանում սովորելու հեռանկարից։ Այնուամենայնիվ, տիկին Էմիլիեն իր առջև նպատակ էր դրել՝ ինչ գնով էլ, որ լինի՝ որդուն պատշաճ կրթություն տալ։ Հենց նրա ջանքերի շնորհիվ  1854 թվականից մինչև 1859 թվականը Վարդանը ուսում ստացավ Խարկովի մասնավոր պանսիոնում, այնուհետև տեղափոխվեց Դորպատ։

…իսկ 1860 թվականին այն նույն համալսարանի ուսանողն էր, որտեղ ժամանակին սովորել էր իր հայրը՝ դառնալով առաջին հայ պատանին, ով ուսանել էր այդտեղ ։

Աղքատությունն ու մանկահասակ երեխաների մահը…

65210313 891271627879045 6998106677153103872 o 960x843 - Խաչատուր Աբովյանի որդու ծանր կյանքն ու վաղաժամ մահը

Իր ողջ կյանքի ընթացքում Վարդանը, ապրուստի անհրաժեշտ միջոցներ չունենալու պատճառով, հաճախ էր զրկվում ուսումն իր ուզած տեղում շարունակելու հնարավորությունից։ Իսկ համալսարանում ուսանելու տարիներին Վարդանին միշտ հետապնդում էին ֆինանսական բարդությունները։ Շատ ավելի ուշ ռեկտորի միջամտությամբ Վարդանը քննություն է հանձնում և ստանում ուսուցչի կոչում։ Այդպիսով, յոթ տարի շարունակ Վարդան Աբովյանը դասավանդում է ռուսաց լեզու, պատմություն Լիֆլանդիայի տարբեր ուսումնական հաստատություններում։ 1869 թվականի վերջերին, մոր խնդրանքով, Վարդան Աբովյանը վերադառնում է Անդրկովկաս և ուսուցչություն անում Ախալքալաքում։ Ռուսերենի, պատմության և աշխարհագրության դասեր է տալիս տղամարդկանց և կանանց գիմնազիաներում, տեղի հոգևոր դպրոցում։ Մեկ տարի հետո մեկնում է Թիֆլիս և մասնավոր դպրոցներում ու գիմնազիաներում դասեր է տալիս նույն առարկաներից։

Ֆինանսական դժվարին կացությունը կրկին հիշեցնում է իր մասին…

…ու ստիպում Վարդանին 1875 թվականին տեղափոխվել Էջմիածին, որտեղ հինգ տարի ուսուցչություն է անում Գևորգյան ճեմարանում։ Այնուհետև տասը տարի ապրում և աշխատում է Երևանի թեմական դպրոցում՝ որպես ուսուցիչ և դաստիարակ։ Ինչպես տեսնում եք՝ Վարդան Աբովյանը ընտանիքի ապրուստը հոգալու համար ու աշխատանքի բերումով անդադար տեղափոխվում էր՝ մի քաղաքից մյուսը։ Այդ հանգամանքը իր հետքն է թողնում Վարդանի ստեղծագործական գործունեության վրա, որին նա չի կարողանում բավարար ժամանակ տրամադրել։

1890 թվականին  Վարդանը կրկին ստիպված էր օգնություն խնդրել, նա մի նամակով դիմում է Անդրկովկասյան դպրոցների հոգաբարձու Կ.Պ. Յանովսկուն, ներկայացնում իր ընտանիքի նյութական ծանր պայմանները ու խնդրում  իրեն աշխատանքի նշանակել Էջմիածնի հոգևոր ակադեմիայում։ Հոգաբարձուն օգնության ձեռք է մեկնում։ Իր կյանքի վերջին վեց տարիներին Վարդան Աբովյանն աշխատում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում որպես դաստիարակ։

Վարդան Աբովյանը ամուսնացել է Կատարինե Յարալյանի հետ, բազմազավակ հայր է եղել, ունեցել է ութ զավակ, որոնցից Խաչատուրը, Վահանն ու Պետրոսը մահացել են դեռ մանուկ հասակում։ Մնացած երեք տղաներն և երկու աղջիկները մեծացել են ու կրթություն ստացել։

Հորը վաղ տարիքում կորցրած Վարդանը ժամանակից շուտ լքեց իր երեխաներին…

Рисунок2 6 - Խաչատուր Աբովյանի որդու ծանր կյանքն ու վաղաժամ մահը

Վարդան Աբովյանը մահանում է 1896 թվականին և թաղվում Սուրբ Գայանե եկեղեցու բակում։ Իր կյանքի ավելի քան 33 տարիները Վարդան Աբովյանը նվիրել է մանկավարժական աշխատանքին՝ ամեն ինչում հետևելով հորն ու հորն առաջադիմական գաղափարներին։ Ինքը՝ Վարդանը կենսուրախ, հոգատար հայր էր։ Նրա մահից հետո  հինգ երեխաների կրթության ու դաստիարակության գործն ամբողջությամբ մնաց Վարդանի կնոջ՝ Կատարինեի ուսերին։ Թեև տան կերակրող ձեռքն այլևս չկար, իսկ Կատարինեն չէր կարող աշխատել, որովհետև պիտի հոգ տաներ երեխաների մասին, սակայն վերջինս ամեն գնով ելքեր էր գտնում՝ կրթության տալու Խաչատուր Աբովյանի թոռներին…

Հարկ է շեշտել նաև Կատարինեի կամքն ու հավատարմությունը. ամենածանր ֆինանսական վիճակում գտնվելու պայմաններում անգամ, նա պահպանում էր Խաչատուր Աբովյանի  գրական ժառանգությունը: 1904 թվականին հենց Կատերինայի ջանքերով է Թիֆլիսում լույս տեսնում Խ. Աբովյանի «Թուրքի աղջիկը» և «Բարեկամի մոտ» ստեղծագործությունները ամփոփող գիրք։


fastnews-ads-banner