Logo

Խելահեղ էքսպերիմենտ. Դեյմոն Լինդելոֆի «Տիկին Դեյվիսը»` պոստմոդեռնիստական սերիալ ժամանակակից խնդիրների մասին

Հեղինակ
Արման Գասպարյան
16:24 / 07.07.2023• Վերլուծություն
Բացառիկ
Տիկին Դեյվիս-Դեյմոն Լինդելոֆ

Եթե ձեզ հարցնեն, թե ո՞րն է ժամանակակից տնտեսական, սոցիալական ու հասարակական գլխավոր թրենդը, որն արդեն հիմա ու մոտ ապագայում շոշափելի փոփոխություններ է բերելու, վստահաբար կարող եք պատասխանել` արհեստական բանականությունը։ 

Հիմա հենց այն ժամանակն է, երբ տասնամյակների հետազոտությունները, տեսական ու կիրառական մոտեցումները սկսել են նկատելի արդյունք տալ այս ոլորտում, ու եթե նախկինում մշակույթի արտահայտած ոգևորությունն ու, ավելի շատ, մտավախությունները դեռ խիստ հիպոթետիկ էին, արհեստական բանականության ժամանակակից հնարավորությունների ու հեռանկարների կոնտեքստում դրանք այնքան էլ ֆանտաստիկ չեն թվում։ 

Ու ո՞վ, եթե ոչ մեր ժամանակների գլխավոր սերիալային միստիկ Դեյմոն Լինդելոֆը, պետք է առաջին աղմկոտ արձագանքը տար այս փոփոխություններին` իր «Տիկին Դեյվիս» (Mrs. Davis) սերիալում, որը մենք արդեն դիտել ենք ու ներկայացնում ենք տպավորությունները․

Սիմոնան (Բեթի Գիլփին) միանձնուհի է, որը պայքարում է Տիկին Դեյվիս անունով արհեստական բանականության դեմ։ Վերջինս իրեն է ենթարկեցրել մարդկության մեծ մասին։ 

Դեյմոն Լինդելոֆին զուր չենք վերագրել գլխավոր սերիալային միստիկի տիտղոսը։ Այս հեղինակի դրամատուրգիական տաղանդի չափաբաժնում մեծ մասը զբաղեցնում է ոչ թե հետաքրքիր պատմություն պատմելու, այլ պատմությունը հետաքրքիր պատմելու կարողությունը, ինչը, խոստովանենք, ոչ պակաս կարևոր է, քան առաջին դեպքը։ Լինդելոֆը կարող է ավիավթարի հետևանքով կղզում հայտնվածների մասին սովորական ռոբինզոնիադան վերածել այնպիսի միստիկ, գլոբալ էպիկական սագայի, որից անհնար կլինի կտրվել ու որի հավատարիմ երկրպագուները հետագայում հազարավոր տեսություններ կհորինեն` բացատրելու համար տեղի ունեցողը։ 

«Տիկին Դեյվիսը», իհարկե, «Կորուսյալների» (Lost) կամ նույն Լինդելոֆի «Մնացուկների» (The Leftovers) մասշտաբի կուլտային ֆենոմեն չի դառնա, բայց սերիալն արդեն, ինչպես այս հեղինակի ցանկացած գործ, ձեռք է բերել երկրպագուների իր համայնքը, որոնք դեռ մինչև ավարտը փորձում էին հասկանալ` ի՞նչ է կատարվում սերիալում (կամ, հավասարապես, ի՞նչ է կատարվում Լինդելոֆի գլխում)։

Իսկ կատարվում է այն, ինչ միշտ այս կինեմատոգրաֆիստի դեպքում։ Լինդելոֆը հնչեցնում է հարցեր, կարևոր հարցեր, առանցքային հարցեր, կուտակում է այդ հարցերը հետաքրքրասեր երեխայի եռանդով, բայց պատասխանների հարցում նույնքան շռայլ չէ։ Ու դա ոչ մի դեպքում չի կարելի թերություն համարել, որովհետև իր ստեղծագործություններում կարևորը հենց հարցերն են ու այն, թե ինչպես են դրանք հնչում, իսկ պատասխաններն էական չեն, դրանց մի մասը կտա հենց հեղինակը, բայց շատ ավելի հետաքրքիր է, երբ դրանք փորձում է ինքնուրույն գտնել հանդիսատեսը` կոլեկտիվ գիտակցության միջոցով։ 

«Տիկին Դեյվիսը» ժամանակակից իրականության ծայրահեղ արդիական, չար ու ծիծաղելի ծաղրանկար է։ Առատորեն լցված սիմվոլիզմով, կրոնական ու մշակութային հղումներով, ուշադիր հանդիսատեսի համար` բազմաթիվ հուշումներով, այն չի բռնում նույն հանդիսատեսի ձեռքից ու հոգատար ծնողի նման մատով ցույց տալիս` «նայիր, սա լավ է, իսկ սա վատ»։ Լավի ու վատի, սևի ու սպիտակի բաժանում այստեղ ընդհանրապես չկա, բայց կա երբեմն քաոտիկ, հաճախ` տարօրինակ ու խելահեղ, բայց ռետրոսպեկտիվով բավականին հասուն պատմություն մարդկային ազատության կարևորության ու անխուսափելի արժեքի մասին։ Ազատության համար, իր ցանկացած դրսևորման մեջ, անհրաժեշտ է վճարել, ու «Տիկին Դեյվիսն» ուղղակի ականջին շշնջում է դրա գինը։ 

fastnews-ads-banner