Լավ լուր «Խելահեղ ուրբաթ» (Freaky Friday) ֆիլմի երկրպագուների համար: Ջեյմի Լի Քերթիսն ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ ֆիլմը կունենա շարունակություն, հայտնում է The Variety-ն։
«[Շարունակություն] կլինի: Պաշտոնապես չեմ կարող ասել, բայց հիմա նայում եմ ձեզ և ասում. «Իհարկե, դա տեղի կունենա», - ասել է դերասանուհին:
Բայց սա դեռ ամենը չէ. կարմիր գորգի արարողության ժամանակ հոլիվուդյան աստղը հանդիպել է ֆիլմի երկրպագուի՝ Դիեգո Լունայի դստեր՝ Ֆիոնայի հետ։ Դիեգո Լունան մեքսիկացի դերասան է, որը նկարահանվել է «Տերմինալ», «Կեղտոտ պարեր 2» և այլ ֆիլմերում։ Դերասանուհին խոստացել է Լունայի դստերը, որ շարունակություն կլինի:
«Ես հենց նոր ասացի նրան, որ նա կգնա «Խելահեղ ուրբաթ 2»-ի պրեմիերային, և բացահայտեցի մի գաղտնիք, որի մասին ոչ ոք չգիտի», - պատմել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ Մարկ Ուոթերսի ֆիլմը թողարկվել է 2003 թվականին։ Ըստ սյուժեի՝ դոկտոր Թես Քոլմանը (Ջեյմի Լի Քերթիս) չի կարողանում ընդհանուր լեզու գտնել իր դստեր՝ Աննայի (Լինդսի Լոհան) հետ, իսկ հետո զարմանալի բան է տեղի ունենում՝ նրանք փոխվում են մարմիններով։


