Logo

[խուժանական գրքեր] Խեցգետնի արևադարձը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 23.08.2019ՄՇԱԿՈՒՅԹ
big 1354867236 8429724 - [խուժանական գրքեր] Խեցգետնի արևադարձը

«Խեցգետնի արևադարձը» պատմում է ամերիկացի վիպասան Հենրի Միլերի՝ Փարիզում անցկացրած տարիների, նրա սեքսուալ արկածների մասին: Այն տպագրվել է նախ Փարզում 1934 թ. 1000 տպաքանակովև 30-ականների համար բավական թանկ գնով՝ 50 ֆրանկ: Այդ տարիներին Ֆրանսիայում թույլատրվում էին «անբարո» բովանդակությամբ գրքեր հրատարակել, եթե դրանք ֆրանսերեն չէին: Իսկ Միլերի վեպն անգլերեն էր, ուստի չտպագրելու պատճառ չկար:

Սակայն հրատարակիչ Ջեք Կագանը գրախանութներին պատվիրել էր այն թաքուն վաճառել: Գրքի բովանդակային ծանոթագրություն մեջ նա գրել էր. «Ce volume ne doit pas être exposé en vitrine» – «Այս գիրքը ցուցափեղկերում չդնել»: Գրքի մի քանի օրինակներ, հայտնվելով ԱՄՆ-ում և Անգլիայում, միանգամից արգելվեցին:

Միլերի հայրենիքում՝ ԱՄՆ-ում «Խեցգետնի արևադարձն» իր «անպարկեշտ» բովանդակության և բառապաշարի պատճառով 30 տարի արգելված էր։ Այն Նահանգներում տպագրվելու թույլտվություն ստացավ միայն երկար դատավարություններից հետո՝ 1960-ականներին:

Այսօր Հենրի Միլերի վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի արձակի լավագույն գործերից մեկը:

գիրքը համառոտ

Հերոսը՝ Հենրին, երկրորդ տարին է, ինչ ապրում է Փարիզում: Եվրոպա է տեղափոխվել՝ փրկվելու համար ամերիկյան կենցաղի «իդեալներից»: Ամերիկայի հետ նրան կապում են միայն մտքերը հայրենիք վերադարձած կնոջ՝ Մոնայի և դրամական փոխանցման մասին, որը ուր որ է, տեղ պիտի հասնի: Ապրելով տարագիր գրող Բորիսի հետ՝ Հենրին անվերջ փող հայթայթելու մտահոգության մեջ է: Երբեմն նրան համակում են էրոտիկ կարիքները, որոնք նա բավարարում է հնագույն մասնագիտության ներկայացուցիչների հետ: Փարիզի փողոցները վխտում են նրանցով:

Իր մասին հերոսն ասում է, որ առողջ է, չունի ոչ վիշտ, ոչ ափսոսանք, ոչ անցյալ, ոչ ապագա: Նրան բավական է ներկան: Նա համեմատում է Փարիզը անկողնում պառկած հիվանդի հետ: Հենրին (ընկերները կոչում են նրան «Ջո») օրգանապես է ներհյուսվում փարիզյան հատակի կյանքին: Արհամարհելով հայրենի Ամերիկան որպես բուրժուական դժոխքի պատվար, նա ապրում է միայն գիրք ստեղծելու գաղափարով: Այդ գրքով նա կուզեր քացի հասցնել Աստծուն, Գեղեցիկին, Ճակատագրին, Ժամանակին… Սակայն բախվում է մարդկության կուտակած մշակույթի հաստ պատին: Նույն պատին բախվում են նաև նրա ընկերները՝ գրողներ Բորիսը, Կառլը, Վան Նորդենը և նկարիչներ Կրյուգերը, Սվիֆտը…

«Հիլլա Բորգեզեից» արտաքսված Հենրին ապրում է դրամատուրգ Սիլվեստրի և նրա ընկերուհու՝ Տանյայի մոտ: Հետո մարգարիտներ վաճառող հնդիկի մոտ: Սրբագրիչ է աշխատում մի հրատարակչությունում: Կորցնում է աշխատանքը: Ապրում է ընկերոջ՝ էրոտիկ մոլուցքով տառապող Վան Նորդենի և սրա հարբեցող ընկերուհու՝ Մաշայի մոտ: Հոգնելով նրանց ընկերակցությունից, հեռանում է Դիժոն, որտեղ դասավանդում է Լիցեյում: Դա երկար չի տևում: Շուտով նա դարձյալ գործազուրկ է և ստիպված է վերադառնալ Փարիզ: Դա ավելի է ամրապնդում նրա այն համոզմունքը, որ աշխարհը գլորվում է գրողի ծոցը… Բայց նա սիրում է Սակրե Կյորի եկեղեցու գեղեցկությունը, Մատիսին և Ուիթմենի պոեզիան: Ուիթմենը առաջին և վերջին բանաստեղծն է:

Հենրին չի կարողանում լուծել իր համար կարևոր մի հանելուկ: Դա մարդկանց հասարակության էնտրոպիայի և բնության շարունակական հեռացումն է: Ինչպե՞ս կարող է իրականությունը այսքան դեֆորմացվել անթև ու անթռիչք ունայնության մեջ խրված հասարակության և նորից ու նորից վեր խոյացող ստեղծագործական ոգու դիսոնանսի մեջ:

Հենրի Միլլերի խոստովանական կենսապատումը շարունակվում է: «Խեցգետնի արևադարձ» վեպին հետևում են նորերը՝ «Սև գարունը», ապա «Այծեղջյուրի արևադարձը»…

աղբյուր՝ taryntercum.am

տես նաև՝


fastnews-ads-banner