Logo

«Կինոդարը»՝ մարզերում

13:35 / 13.07.2023Կինո
null

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում հուլիսից նոյեմբեր իրականացնում է «Հայկական կինոդար» մարզային ծրագիրը:

«Հայկական կինոդար» ծրագրի մեկնարկը տրվել է Արմավիրի մարզից, իսկ հաջորդ կանգառը Լոռին է։ Մուտքն ազատ է:

Ծրագրի նպատակն է հայկական կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի հանրայնացումը Հայաստանի բոլոր մարզերում:

Ցուցադրության համար ընտրվել են հայկական շուրջ հարյուր լիամետրաժ և կարճամետրաժ, դասական և ժամանակակից ֆիլմեր (անիմացիոն, վավերագրական և խաղարկային), այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգված նմուշներ: Կինոցուցադրություններ են անցկացվելու հատկապես այն մարզերում և մարզկենտրոններում, որտեղ չկան կինոդիտումներ կազմակերպելու հնարավորություններ: Ծրագիրը կիրականացվի ՀՀ 10 մարզերում՝ դպրոցներում, մշակութային կենտրոնների դահլիճներում, բացօթյա հրապարակներում:

Հայկական կինոժառանգության և ժամանակակից (անիմացիոն վավերագրական ու խաղարկային) ֆիլմերի հանրայնացումը՝ կինոցուցադրությունների բնօրինակ ձևաչափով՝ մեծ էկրանին, խթան կհանդիսանա կինոմշակույթի հաստատուն զարգացմանը մայրաքաղաքից դուրս: Այն նաև մեծապես կնպաստի հայ կինոյի քիչ հայտնի դասական ստեղծագործողների աշխատանքների տարածմանը հասարակության առավել լայն, առավելապես՝ երիտասարդ սերնդի շրջանում: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի լայնամասշտաբ հանրայնացմանը՝ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա գտնել իրեն հոգեհարազատ անիմացիոն վավերագրական և խաղարկային ֆիլմեր:

Ծրագրի կարևոր արդյունքներից մեկը կլինի նաև ֆիլմերի ենթագրումն անգլերենով, ինչը հնարավորություն կընձեռի Հայաստանում գտնվող օտարերկրյա այցելուներին ծանոթանալու հայ կինոյի դասականների և ժամանակակից ֆիլմերի հետ: Այն առարկայական նշանակություն կունենա նաև հայկական կինոարվեստի միջազգայնացմանը, տարբեր ցանցային հարթակներից հեռարձակելուն:

Աղբյուրը՝ ԿԳՄՍՆ

fastnews-ads-banner