2017 թվականին ռուսական «Минута славы» նախագծում հաղթելուց 6 տարի անց ակրոբատներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները նախորդ տարվա սեպտեմբերին Հայաստանում ներկայացան կրկեսային մեծ շոու-ծրագրով: Ներկայացումներն անցկացվում են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ: Եղբայրների հրավերով Հայաստան է ժամանել նաև աշխարհի բազմաթիվ երկրներում հյուրախաղերով ներկայացած, ռուսաստանաբնակ Արտակ Հարությունյանը: «Վարդանյան եղբայրները նախորդ տարվա ամռանից հրավիրում էին, սակայն հյուրախաղերի էի, չկարողացա այդ ժամանակ միանալ նրանց: Հրավերն ընդունեցի այս տարեսկզբին: Գևորգի և Անդրանիկի հետ սա իմ առաջին գործակցությունն է», - Vnews Culture-ի հետ զրույցում պատմել է Արտակը:

Արտակը ծնվել և մեծացել է Հայաստանում: Սովորել՝ Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայում: Ապա ընդունվել է Մոսկվայի կրկեսային ուսումնարան, որտեղ ժամանակին սովորել են Լեոնիդ Ենգիբարյանը, Կարանդաշը և շատ այլ արտիստներ: Ուսումնարանն ավարտելուց հետո Արտակը շրջագայել է ամբողջ աշխարհում: Երկար տարիներ ապրել ու աշխատել է Ճապոնիայում: Հետո կրկին վերադարձել է Ռուսաստան և գործունեություն ծավալել այնտեղ: Կրկեսում աշխատելուց զատ՝ երիտասարդ արտիստը ամանորյա ներկայացումներ էր բեմադրում թատրոնում, զուգահեռ դասավանդում էր մշակութի պալատում:

«Սպարտակ և Նիկո» բեմական կեղծանունն ընտրած Արտակն իր ներկայացումներում ընդգրկել է նաև որդուն՝ Նիկիտային: «Ժողովուրդը Սպարտակ անունն ավելի լավ հիշեց, քան Արտակը: Նիկոն էլ որդիս է՝ Նիկիտան: Արդեն մի քանի տարի է միասին բեմում ենք: Միշտ ընտանիքով եմ հյուրախաղերի մեկնել: Նիկիտան էլ տեսել, սովորել է: Երբ ներկայացման վերջում արտիստներին ներկայացնում էին, 1 տարեկան Նիկիտային ինձ հետ տանում էի բեմ: Տեսնում էր՝ ինչպես է հանդիսատեսը ծափահարում, բղավում: Այդ ամենն իրեն դուր եկավ: 2 տարեկանից ինքնակամ ցանկացավ բեմ դուրս գալ: 9-10 տարեկանում արդեն բեմում ջութակ էր նվագում, իրեն դրսևորում էր ինչպես իսկական պրոֆեսիոնալ», - հպարտությամբ պատմում է 52-ամյա արտիստը: Այսօր Նիկիտան հոր հետ Հայաստանում է: Մասնակցում է նաև երևանյան ներկայացմանը: Նվագում է ջութակ, դաշնամուր, բառաբան: Տիրապետում է նաև այլ երաժշտական գործիքների:

Ըստ Արտակի՝ թե՛ Վարդանյան եղբայրները, թե՛ ինքը ցանկանում են երկար դադարից հետո Հայաստանում զարգացնել կրկեսային մշակույթը: Նոր շոու-ծրագրում ներառված են ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, դանակ նետողներ, աճպարար և, իհարկե, Վարդանյան եղբայրները: «Մատների վրա կարող ենք հաշվել, թե ամբողջ աշխարհում քանի կրկեսում են նման համարներ ցույց տալիս», - ասում է Արտակ Հարությունյանը: Նրա խոսքով՝ համարները էքակլյուզիվ են՝ համեմված բարդ ու վտանգավոր տարրերով: Կան նաև երաժշտական համարներ: Արել են ամեն ինչ, որպեսզի դրական լիցքեր պարգևեն հանդիսատեսին: Փոքրերը հետաքրքրությամբ դիտեն ներկայացումը, իսկ մեծերը գոնե 2 ժամով կտրվեն առօրյա հոգսերից:

Ըստ Արտակի՝ ծրագիրը չափազանց տպավորիչ է, իսկ համարները՝ բազմաժանր. «Մարմնամարզուհին զարմացնում է հանդիսատեսին իր մազերի ուժով, որոնցով նա, կարծես, ճախրում է մանեժի վրայով: Լյուբով Կարսանովայի ղեկավարությամբ ընթացող «Կայսրուհի» բացառիկ համարում արտիստներն աշխատում են 5 մետր բարձրությունից՝ միմյանց նետելով գուրզերը։ Տպավորիչ է նաև լարախաղացի ելույթը, որն առանց իրեն ապահովագրելու կրկեսի մեծ գմբեթի տակ կարողանում է պահել հավասարակշռությունը։ «Կայմ» կոչվող համարում հանդիսատեսը կտեսնի ակրոբատիկ հնարքներ: Վարդանյան եղբայրները ցուցադրում են իրենց յուրահատուկ հնարքները: Բոլորին գրավում է դաշույններով համարը: Իսկ մենք՝ «Սպարտակ և Նիկո» դուետը, ամբողջ շոուի ընթացքում խինդ ու ծիծաղ է պարգևում հանդիսատեսին», - մանրամասնում է կրկեսի բազմաժանր արտիստը։

Հեղինակներն արդեն մտածում են նոր շոու-ծրագրերի մասին: Ցանկանում են բեմադրել նոր համարներ, որպեսզի հանդիսատեսը չհոգնի նույն ներկայացումը դիտելուց: Թեպետ այդ հարցին Արտակը յուրովի է մոտեցել. «Յուրաքանչյուր ներկայացմանը նոր իմպրովիզ եմ անում: Փորձում եմ իմ համարները ամեն անգամ նորովի ներկայացնել: Դա տեսնելով՝ նույնիսկ աշխատողներն են զարմանում», - անկեղծանում է Արտակն ու խոստովանում՝ հայ հանդիսատեսը շատ կոմպլեքսավորված է: Իր համարները հիմնականում ինտերակտիվ են: Այսինքն, հանդիսատեսին է կանչում բեմ, որպեսզի օգնեն իրեն ցուցադրել համարը: Աղջիկները գալիս են, տղաները՝ ոչ. «Ասում են՝ թող ձեռքս ախպեր, խայտառակ մի՛ արա: Այս առումով արտերկրում մարդիկ շատ ավելի ազատ են: Նման խնդրի երբեք չեմ բախվել», - անկեղծանում է աճպարարը:


