Երվանդ Երզնկյանը ծնվել է 1947 թվականի հունիսի 19-ին Երևանում։
1954-1965 թվականներին սովորել է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում։ Զուգահեռ ստացել է երաժշտական կրթություն Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 1969-1972 թվականներին Լևոն Մալխասյանի, Ալեքսանդր Զաքարյանի, Արմեն Թութունջյանի հետ նվագել է ջազ քառյակում, որին բախտ էր վիճակված առաջինը ներկայացնել հայկական ջազը Հայաստանի սահմաններից դուրս։ 1972 թվականից նվագել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի Պետական կոմիտեի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում՝ Մելիք Մավիսակալյանի ղեկավարությամբ։ 1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին լրջորեն զբաղվել է երաժշտությամբ, նվագել բաս-կիթառ՝ ինստիտուտի «Երազողներ» վոկալ-գործիքային նվագախմբում և թվականից «Պատանեկություն» համույթում։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի դասարանում։ 1984 թվականին դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ։
Հեղինակ է մի շարք սիմֆոնիկ, կամերային և էստրադային ստեղծագործությունների, որոնց զգալի մասը ընդգրկված են Հայաստանի ռադիոյի ոսկե ֆոնդում։ Մի շարք ֆիլմերի և թատերական բեմադրությունների երաժշտության հեղինակ է և բազմաթիվ կոմպոզիտորական մրցույթների դափնեկիր։


