
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Բեյրութում ապրել են շուրջ 1500 հայեր, որոնք մեծ մասամբ Ադանայից, Մարաշից, Եդեսիայից, Դիարբեքիրից, Ակնից և այլ վայրերից գաղթածներ էին։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների մի լայն զանգված հաստատվեց այստեղ և Բեյրութը դարձավ Սփյուռքի ամենակարևոր կենտրոնը։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը քանդեց Բեյրութը։ Բնականաբար տուժեց նաև տեղի հայ գաղութը, երբ մեծ թվով բեյրութահայեր փոխադրվեցին այլ երկրներ։
1973. թ. տվյալներով Բեյրութում բնակվում էր շուրջ 180 հազար հայ, հիմնականում՝ արհեստավորներ, բանվորներ և մանր առևտրականներ, կան խոշոր առևտրականներ, ձեռնարկատեր արդյունաբերողներ, սակայն այս քաղաքը հարուստ է իր մեծ թվով հայ մտավորականներով` գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, ուսուցիչներ, բժիշկներ, ճարտարապետներ և այլն։ Բեյրութի առաջին հայկական եկեղեցին՝ Սբ․ Նշանը, սկսել է գործել 19-րդ 2-րդ կեսին, իսկ առաջին հայկական դպրոցը՝ 1902 թվականին։ Այսօր Բեյրութում գործում է սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը` Հայկազյան համալսարանը, որն ունի իր հայագիտական ամբիոնը։
Հայ շատ նկարիչներ, որոնք ծնվել, ապրել, ստեղծագործել կամ պարզապես այցելել են Բեյրութ, անպայման ոգեշնչվել ու պատկերել են այս գեղեցիկ քաղաքը, որին շատ հաճախ կոչում «Արևելքի Փարիզ»։ Մենք առանձնացրել ենք նրանցից մի քանիսին.
Օննիկ Սինանյան (1898-1947)
Նկարիչ, արվեստաբան, մանկավարժ Օննիկ Ավետիսյանը սովորել է Վիեննայի «Գրաֆիկ արվեստի դպրոցում», ապա Հռոմի գեղարվեսի ակադեմիայում:
Ստեղծագործել է օֆորտի, ապա՝ գեղանկարչության բնագավառում: Օննիկ Ավետիսյանը 1965-67-ին նկարել է նաև Բեյրութի Ս. Նշան տաճարի համար և հենց այդ շրջանում ստեղծել իր լիբանանյան պատկերները։

Հարություն Կալենց (1910-1967)
Նկարիչ Հարություն Կալենցը Բեյրութում ապրել է 16 տարի։ 1930 թվականին տեղափոխվելով Բեյրութ, նա աշխատել է Քլոդ Միշլեի արվեստանոցին կից գեղարվեստական ստուդիայում`՝ դասավանդելով գեղանկար և գծանկար: Այնուհետև հիմնել է իր սեփական արվեստանոցը: 1931 թվականին մասնակցել է երիտասարդ նկարիչների ցուցահանդեսին, եղել է 1932 թվականին Լիբանանում ստեղծված «Արվեստի բարեկամների միության» հիմնադիր անդամներից և ամենամյա մասնակիցներից։ 1932-1945 թվականներին Կալենցը դարձել է Արվեստասերների միության կազմակերպման նախաձեռնողներից մեկը: 1939 թվականին Կալենցը մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանի տաղավարի համար արված նրա հարթաքանդակները արժանացել է պատվո դիպլոմի։ Եղել է 1942 թվականին ստեղծված «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից։




Արմինե Կալենց (1920-2007)
1938 թվականին Բեյրութի իր արվեստանոցում Հարություն Կալենցը հանդիպել է ապագա կնոջը` Արմինե Պարոնյանին, որը Կալենցի մոտ ուսանելու համար Բեյրութ էր տեղափոխվել Հալեպից: 1943 թվականին Կալենցն ու Արմինեն ամուսնանացել են Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցու խորանի իր իսկ հեղինակած Տիրամոր հովանու ներքո, որի բնորդուհին էլ հենց ինքը` Արմինեն էր : 1944 թվականի փետրվարին Բեյրութում ծնվել է նրանց անդրանիկ որդին` Արմենը:




Եղիշե Թադևոսյան (1870-1936)
Հայ գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը բազմիցս ճամփորդել է Եվրոպայում ու հատկապես Մերձավոր արևելքում։ Արևելյան թեմայով հրապուրված նկարիչը չէր կարող անտարբեր մնալ Բեյրութի գեղեցկության ու կոլորիտի հանդեպ։ Նա այս քաղաքը պատկերող բազմաթիվ էտյուդներ ունի, որոնք այսօր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

