Դուբայի իշխանությունները հայտարարել են նոր լողացող արվեստի թանգարան կառուցելու ծրագրերի մասին։
ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը ներկայացրել է Դուբայի նոր արվեստի թանգարանի (DUMA) նախագիծը, որը պետք է դառնա էմիրության նոր մշակութային խորհրդանիշը։
Լողացող թանգարանը կգտնվի Դուբայ Քրիքի ջրերում, իսկ շինարարությունը կվստահվի «Ալ Ֆութաիմ»-ին: Թանգարանի ճարտարապետական կոնցեպցիան մշակվել է համաշխարհային ճանաչում ունեցող ճապոնացի ճարտարապետ Թադաո Անդոյի կողմից: Այն կմիավորի ժամանակակից ճարտարապետության և ԱՄԷ ավանդական մշակույթի տարրերը:
Շենքը կխորհրդանշի բնության, ջրի և մարդկության ներդաշնակությունը: «Մշակույթն ու արվեստը քաղաքի հոգին են, նրա առաջընթացի և մարդասիրական տեսլականի արտացոլումը: Նոր թանգարանը կդառնա ստեղծագործականության փարոս և կամրապնդի Դուբայի կարգավիճակը որպես համաշխարհային մշակութային կենտրոն», - ասել է շեյխ Մոհամմեդը:
Հինգհարկանի շենքը կբարձրանա ջրի վրա, կտեղակայի ցուցասրահներ, կրթական ծրագրերի համար նախատեսված տարածքներ և կհյուրընկալի արվեստի տոնավաճառներ ու միջոցառումներ: Նախագիծը ներառում է տարածքներ նկարիչների հանդիպումների, քննարկումների և մշակութային ֆորումների համար:
Թանգարանի կենտրոնական տարածքը լցված կլինի բնական լույսով: Ճարտարապետները նոր արվեստի թանգարանը պատկերացնում են որպես ժամանակակից և սկսնակ արվեստագետների միջազգային հարթակ, ինչպես նաև նոր կիզակետ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մշակույթի սիրահարների համար:


