Logo

Լուիզա Ղամբարյանի 46-ամյակն է. հետաքրքիր փաստեր դերասանուհու կյանքից

00:29 / 15.06.2024Հոդվածներ
null

Հունիսի 15-ին ծննդյան 46-ամյակն է տոնում դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը: FastNews Culture-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր հոբելյարի կյանքից:

Մանկության ծնունդները

«Հիշում եմ, թե ինչպես էր մայրս ամեն տարի ծննդյանս օրը «Շախմատ» տորթ թխում: Վերցնում էինք այն ու գնում Սևան: Ուտում-խմում էինք, իսկ երբ հերթը հասնում էր ձմերուկին, ջուրը տարած էր լինում»: 

Մասնագիտական ընտրությունը

«Փոքր տարիքում միշտ նմանակել եմ ուրիշներին, բայց երբեք չեմ պատկերացրել, որ մի օր դերասանուհի կդառնամ։ Դպրոցական տարիներին, երբ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, ունեի հստակ մասնագիտությունների շարան՝ բժշկից մինչև հնէաբան։ Իսկ ավագ դասարանում արդեն մտածում էի օտար լեզուների մասնագետ դառնալու մասին: 9-րդ դասարանում էի, երբ հեռուստատեսության վազող տողով կարդացի հաղորդավարուհիների մրցույթի մասին հայտարարություն: Մասնակցեցի, հաղթեցի և սկսեցի վարել մի հաղորդում, որը կոչվում էր «Ես»։ Հաղորդման շրջանակում մի օր գնացինք Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ նյութ պատրաստելու։ Նկարահանեցինք ներկայացումից մի հատված, հարցազրույց վերցրինք թատրոնի գլխավոր ռեժիսոր ու գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանից։ Մի քանի ամիս անց ամանորյա ներկայացման մեջ ընդգրկված դերասանուհին չէր կարող ներկայանալ թատրոն: Արմեն Խանդիկյանը ինձ առաջարկեց խաղալ արքայադստեր կերպարում: Առաջին հանդիսատեսս եղել են երեխաները։ Եթե մարդ կարողանում է համոզիչ ներկայանալ երեխաներին, ապա կստացվի նաև մեծերի հետ»:

Առաջին աշխատավարձը

16 տարեկանում Լուիզան ստացավ առաջին աշխատավարձն ու տվեց մայրիկին, որպեսզի գնումներ անի պահածո պատրաստելու համար:

Դերասանական կարիերայի սկիզբը

1994-1999 թվականներին սովորել է ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ռեժիսուրայի բաժնում։ Ավարտել է Յուրի Երզնկյանի արվեստանոցը։ 1994 թվականից աշխատել է հայկական հեռուստատեսությունում, վարել տարբեր հաղորդումներ՝ «Ես», «Պարատուն», «Ինչ եփել այսօր», «Բրաբիոն»։ 1995 թվականից աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

Թատրոնի մասին

«Նախկինում երիտասարդությունն ավելի կապված էր թատրոնին, հիմա ժամանակները փոխվել են, բոլորն այնքան խնդիրներ ունեն, այնպես որ՝ չեմ մեղադրում որեւէ մեկին, որ թատրոն չի գնում: Ժամանակին կար թատերական հասարակություն, գուցե տարիներ անցնեն և այն կրկին ձեւավորվի: Դրա համար թատրոնն էլ պիտի շատ բան անի: Ի վերջո 21-րդ դարում ենք ապրում՝ հեռուստատեսություն, համակարգիչներ, ինտերնետ… թատրոնի մարդիկ պիտի ժամանակի շունչը զգան և ամեն ինչ անեն, որ հանդիսատեսին չկորցնեն»:

Ներկայացումները

«Ռոմեո և Ջուլիետ», «Սպանել սիրո համար», «Մամա միա», «Մակբեթ», «Դոն Ժուան», «Չաո», «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը», «Մոռանալ Հերոստրատին», «Օրնիֆլ», «Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի», «Եթե անկեղծ խոսենք», «Հուլիոս Կեսար», «Վերջին ծաղրածուն», «N 707», «Ռոմանտիկ կոմեդիա»:

Սերիալները

«Դժբախտ երջանկություն», «Վերադարձ», «Կյանքի գինը», «Ընտրյալները», «Հարազատ թշնամի», «Բացի՛ր աչքերդ», «Ավազե դղյակ», «Ծղրիդի երգը», «Շահմարի Առեղծվածը», «Արմատներ», «Անատոլիական պատմություն», «Սիրո թևեր», «Կորած օրագիրը», «Կհանդիպենք անտառի տնակում», «Երդում», «Վաղվանից առաջ», «11 ու 1 գիշեր», «Կույր աշխահ»:

Մրցանակները

«Արտավազդ», 2009 թվական. «Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Այծեմնիկ՝ «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» ներկայացման համար

«Արտավազդ», 2009 թվական. «Լավագույն կին դերակատար»՝ «Ռոմանտիկ կոմեդիա» ներկայացման համար

2014 թվական. ՀՀ Վաստակավոր արտիստ

Մայրիկի կորստի մասին

«Մամաները չեն մահանում, նրանց ուղղակի չենք տեսնում: Միշտ ասում եմ՝ այնքան կուզեի իմ մամայի հետ այդքան կապված չլինեի, որովհետեւ 44 տարի ես ապրեցի մորս հետ մի հարկի տակ։ Հիմա իմ մայրն էլ է ինձ ուժ տալիս։ Քովիդը բառացիորեն չարիք էր իմ ընտանիքի ու ինձ համար։ Բայց քանի որ թե՛ մայրս, թե՛ ամուսինս շատ լուսավոր, միամիտ ու անուշ մարդիկ էին, վստահ եմ՝ նրանք հիմա շատ լավ տեղում են»:

Ամուսնու՝ Գեորգի Պողոսյանի մահվան մասին

«Ես նրան չեմ կորցրել: Նա ներկա է, որովհետեւ այնքան շատ բան է թողել։ Ես, իհարկե, դեմ եմ հիշողությունների հետ ապրելուն. այն մարդիկ, ովքեր ապրում են միայն անցյալով, կորցնում են ներկայի զարկերակը։ Բայց նա այնքան մնայուն բաներ է թողել՝ արժեքներ, սովորույթներ, խորհուրդներ, խոսքեր․․․ Քանի որ շատ բարի և իմաստուն մարդ էր և գիտեր՝ մի օր այնպես է ստացվելու, որ մենք ֆիզիկապես առանց իրեն ենք մնալու, շատ հարցերում ուղղորդում էր մեզ, սովորեցնում։ Այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի. նա կոփում էր ինձ։ Նա ինձ համար իսկապես կա հիմա։ Իսկ մնացածն արդեն իմ ապրումներն են, իմ կարոտն է, իմ՝ նրան միշտ վառ հիշելն է։ Չկա օր, որ մենք տանը չհիշենք Գաբիիս հետ և չհիշենք ուրախությամբ, որովհետեւ ուրիշ տարբերակ չկա»:

Ամուսնու առաջին կնոջ՝ Սոֆի Դեւոյանի հետ հարաբերությունների մասին

«Մենք մեծ ընտանիք են, իսկ Գեորգիի մահից հետո ավելի ենք մտերմացել: Միշտ եղել ենք բարեկիրթ և անկեղծ, որովհետեւ ոչ ոք այլևս որեւէ ակնկալիք չի ունեցել մեկը մյուսից: Երբ ես հայտնվել եմ, ամեն ինչ վաղուց արդեն խաղաղությամբ տեղի էր ունեցել։ Իսկ Սոֆին շատ խոհեմ կին է, ինքնաբավ, կարծում եմ՝ ինքն էլ նույն կարծիքն ունի իմ մասին։ Մենք միմյանց հետ բացառիկ անկեղծ ու սիրալիր հարաբերություններ ունենք։ Կորստից հետո նորից հասկացանք, որ հիմա ավելի քան անհրաժեշտ է միմյանց նեցուկ լինել, նա ինձ այնպիսի խորհուրդ է տվել, որը կարող էր տալ միայն սիրող մարդը»։

Բանաստեղծություններ գրելու մասին

Հոգուս կուտակումներն  արտահայտում եմ չափածո ստեղծագործություններ գրելով, որոնք խնամքով պահում եմ անձնական դարակում: Դրանք դեռ ոչ ոք չի կարդացել։ Չեմ կարող ասել՝ երբ կհանձնիեմ դրանք հանրության դատին։ Երբեմն անգիտակցաբար առաջնորդվում եմ Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» գրքի 2-րդ հատորի ամենավերջին տողով, երբ Էդմոն Դանտեսը  նամակում գրում  է «Սպասել և հուսալ»…

Թալիսմանը

Ունեմ թալիսման՝ փոքրիկ Նարեկ (Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն» պոեմը), որը միշտ ինձ հետ է, մասնավորապես, թռիչքների ժամանակ։ Բայց ես այն որպես թալիսման չեմ ընկալում: Ինձ համար այն պահպանիչ խորհրդանիշ է:

Երջանկությունը հարաբերական հասկացություն է

Երջանկություն է, երբ դու հաշտ ես ինքդ քեզ հետ։ Երբ հասկանում ես` ինչ ես կյանքից ուզում, որովհետև շատ կարևոր է այդ գիտակցումը։ Կան մարդիկ, որոնք մինչև վերջ էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում կյանքից, ինչի կամ ում համար ապրեցին. անձնականից մինչև մասնագիտական հարթություն փնտրում են ու չեն գտնում։ Երբ դու գիտես՝ ինչ է քեզ պետք, հասկանում ես, որ էլ ոչ մեկի հետ խաղալ չարժի։ Կարևոր է սեր տալ ու սեր վերցնել, որովհետև աշխարհում ամենահզոր բանը բումերանգի էֆեկտն է։ Եթե տաս լավը, կստանաս լավը, տաս վատը, կստանաս վատը: Կենսաբանական տարիքն ինձ համար նշանակություն չունի։

Ամենամեծ վախը

Վախենում եմ չհասցնելուց: Անելիքներս՝ որպես մարդ և մայր:

 

fastnews-ads-banner