Հուլիսի 23-ին ծննդյան 47-ամյակն է տոնում Լուիզա Ներսիսյանը (իրական անունը՝ Ելիզավետա): Fast News Culture-ն առանձնացրել է 10 հետաքրքիր փաստ դերասանուհու մասին:
Մանկության ամենավառ հիշողությունները
«Մանկությունս կապված էր երջանկության, անհոգության, իսկ եթե ավելի առարկայական` վերմիշելի հետ: Երբ մանկապարտեզում դաստիարակն ինձ վերմիշել էր մատուցում, երկրորդ բաժինն էի ուզում: Եթե պատասխանում էին՝ վերջացել է, չէի հավատում: Գնում էի խոհանոց, բարձրացնում էի տարաների կափարիչները և ստուգում»:

Առաջին քայլերը
Լուիզա Ներսիսյանը դերասանական կարիերան սկսել է դպրոցական տարիներին։ Հինգերորդ դասարանում նա տոմսեր էր վաճառում, «թատրոն-թատրոն» խաղում: Բակային «թատրոն-թատրոնը» Լուիզան իրական թատրոնի վերածեց դեռ դպրոցական տարիներին: Հաճախեց Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն: Այնտեղ էլ 13 տարեկանում խաղաց իր առաջին դերերը՝ «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում: 1995 թվականին ընդունվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժին։
Թատերական գործունեության սկզիբը
Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացումում։ 1998-2000 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Երևանի Կամերային թատրոնում է 2000 թվականից։ 1993 թվականին Կոստրոմայում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին։

Նորամուտը հեռուսատեսությունում
Ուսմանը զուգահեռ վարել է «Երաժշտական փոստարկղը», նկարահանվել՝ «Պահմտոցի+» հաղորդաշարում։ «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ։ Հետագայում վարել է նաև «Պարում են աստղերը», «Սարերից այն կողմ», «Բարի լույս», «Բարի գիշեր» և «Դեպի կինո» հեռուստանախագծերը։
Հեռուստատեսության և թատրոնի տարբերության մասին
«Թատրոնն ինձ համար մի քիչ լայն հասկացություն է: Երևի մինչև կյանքիս վերջ չեմ կարողանա բացահայտել թատրոնի առեղծվածը: Ինձ համար թատրոնը ինքնաճանաչմանը նպաստող վայր է: Մեծ բավականություն եմ ստանում մասնագիտությունիցս: Հեռուստատեսությունը դերասանին մարդկանց ավելի լայն զանգվածին ներկայանալու հնարավորություն է տալիս, սակայն ոչ հոգևոր բավարարվածություն։ Թատրոնն է այն վայրը, որտեղ կարող ես էներգիադ ոչ միայն կիսել հանդիսատեսի հետ, այլև ստանալ։ Հեռուստատեսությունն ու թատրոնը շատ տարբեր են. հեռուստատեսությունում կան նախագծեր, իսկ թատրոնը չի կարող լինել նախագիծ: Այն դառնում է կյանքի ձև։ Թատրոնի մարդը հիվանդանում է թատրոնով ու այլևս չի պատկերացնում կյանքն առանց թատրոնի։ Թատրոնն իմ կյանքն է, հեռուստատեսությունը՝ աշխատանքը»։

Կամերայինի թատերացանկը
Կամերային թատրոնում Լուիզա Ներսիսյանը կերտել է մի շարք վառ և տպավորիչ կերպարներ: Նա խաղացել է «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Կաբարե», «Միսս Հայաստան անաստվածային կատակերգություն», «Ալբանիա +», «Կառավարական համերգ», «Էտյուդ կանանց մասին», «Արմմագեդոն», «Լուսատտիկների կանչը», «Ի զե՛ն», «Ներոն», «Ինչ տարբերություն, թե ում հետ», «Ամնեզիա», «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Փնտրվում է տղամարդ», «Սկոտչ և վիսկի» ներկայացումներում։ Լուիզան ներգրավված է եղել նաև Սամսոն Ստեփանյանի «Օպերա, օպերա», Արթուր Սահակյանի «Ժանգոտ բանալի», «No Comment», Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան Ավիա», «Անտիգոնե», «Հոթել կալիֆորնիա», «Բումերանգ» ինչպես նաև ԱՄՆ-ում Վահիկ Փիրհամզեի բեմադրած «Նայիր աչքերիս մեջ» ներկայացումներում:
Ֆիլամգրությունն ու սերիալները
Լուիզա Ներսիսյանը նկարահանվել է «Հոբելյանական հաճախորդ», «Ժաննա», «Սկոտչ և վիսկի», «Մեր Բակը 3», «Մետամորֆոզ», «Տաքսի «Էլի լավա»», «Երեք ընկեր», «Дед 005», «Pocker.am», «Քայլ ձիով», «Սիրո գործակից», «Tangerine», «Վերջին Մոհիկյանը», «Առանց սահմանների», «Ընտանյոք հանդերձ», «Սպասուհին», «Կյանք ու կռիվ», «Երեք շաբաթ Երևանում», «Էրկեն գիշեր», «Պոլի» և «Սևազգեստ կանայք» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Սեր և Ծիծակ», «Ամուսնացածների լիգա», «Սիրո գործակից», «Գտնված երջանկություն», «Սիրո հասակ», «Ռեստարտ 2020», «Սյուրպրիզ», «+-23», «Կորած օրագիր» հեռուստասերիալներում և «Woman՚s club» նախագծում։

Կերպարների մասին
«Ինձնից շատ բան եմ դնում կերպարում և այն դարձնում եմ իմը: Օրինակ՝ «Փնտրվում է տղամարդ» ներկայացումում խաղում էի միայնակ կնոջ: Իրական կյանքում այդ շրջանում շատ երջանիկ էի: Ունեի ընտանիք: Աղջիկս էլ նոր էր ծնվել: Թատրոնի ներսում այդ միայնակ կինն էի, սակայն 1 ժամ անց էլի երջանիկ էի և ունեի իմ ընտանիքը։ Ես և՛ խաղում եմ, և՛ ապրում եմ, սակայն կերպարս երբեք չեմ բերում տուն։ Մեր մասնագիտության բարդությունն ու հետաքրքրությունը հենց դա է: Տեխնիկապես պիտի խաղաս, հոգեպես՝ ապրես։ Ցավում եմ, որ ոչ բոլորն են տիրապետում դրան, սակայն համարվում են դերասան»։

Կուռքերը
«Ոչ մի ոլորտում կուռք չունեմ: Կան մարդիկ, որոնց գործունեությամբ հիանում եմ: Գնահատում եմ ռեժիսորի աշխատանքը, ով կարողանում է բացել և ճիշտ ներկայացնել դերասանին: Տարված եմ Պաոլո Սորենտինոյի և Քվենտին Տարանտինոյի աշխատանքներով: Ինձ վրա դրական ազդեցություն են ունեցել ֆիլմերը և կենսագրականները: Օրինակ` Կոկո Շանելինը»:
Ընտանիքը
Լուիզան ամուսնացած է դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ (տարիքային տարբերությունը 19 տարի է): Զույգն ունի 1 դուստր՝ Լիլիթ Թոխատյանը: 2022 թվականից Լիլիթը խաղում է Կամերային թատրոնում: «Այդ թատրոնում եմ մեծացել: Միշտ երազել եմ խաղալ այդ բեմում, հիմա խաղում եմ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումում՝ մասսայական տեսարանում: Դեռ չեմ մտածում գլխավոր դերի մասին: Դեռ չկա գլխավոր կերպար, որը կցանկանայի մարմնավորել», - նշել է Լիլիթը:



