Logo

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

12:56 / 06.07.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Արտիստի վախճանի մասին հայտնել է նրա ընկեր Հարություն Բոգարյանը.

«Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- նշել է նա:

Դերասանի ընկերը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել և կից գրել.

«Իմ Սիրտ ընկեր։ Թեկուզ տխուր լուրն առաջինն եմ իմացել, բայց սպասում եմ զանգիդ … Թագավոր Մարդ... Դու էլ բռնեցիր Հավերժության ճանապարհը»:

Արտաշես Ալեքսանյանը ծնվել է 1961 թվականին Երևանում, օրեր անց՝ հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան։

1982-1984 թվականներին Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում, իսկ 1984-1988-ին՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում։ 

1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում։

1988-1990 թթ. եղել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան։ 1990 թ. նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը»,  «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում, վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին։ 

1991-1992 թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին ու եղել Մահապարտների ջոկատի պատվավոր անդամ։ 

1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։

1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում։

1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։

1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։ 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։

Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։

Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ», «Ռուսական տապան», «Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը»...

Նկարահանվել է նաև մի շարք սերիալներում։ 

 

 

fastnews-ads-banner