Logo

Մահացել է սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը

09:42 / 22.06.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հունիսի 22-ի գիշերը, հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05։40-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ  է ստացվել, որ շտապօգնության  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց փողոցի 58 Ա շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզել են, որ ժամը 05։30-ի սահմաններում Լալա Մնացականյանը հանկարծամահ է եղել։

Դերասանուհին 66 տարեկան էր: Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորել է Երևանի N 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։ 

fastnews-ads-banner