Logo

«Մանկական Եվրատեսիլ 2025» հայկական պատվիրակությունը Թբիլիսիում է

16:12 / 08.12.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի Հայաստանի պատվիրակությունն արդեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է։ 

«Brave Heart»-ը եվրատեսիլյան մեծ բեմում կլինի դեկտեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 80-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի և միջազգային առաջատար մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 12-ամյա Ալբերտ Արմենակյանը, որն էլ կներկայացնի Հայաստանը:

Ժյուրիի կազմում են եղել  Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը, Հանրային  հեռուստաընկերության կրեատիվ պրոդյուսեր Աննա Թադևոսյանը, երգիչ Արամ MP3-ն, երգչուհի Ժակոն, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, երգահան Լիլիթ Նավասարդյանը և երգահան, երաժշտական պրոդյուսեր Նիկ Էգիբյանը: Հաշվի է առնվել նաև միջազգային մասնագետներից բաղկացած ֆոկուս խմբի կարծիքը։

Ալբերտը երգի աշխարհում իր առաջին քայլերը կատարել է վեց տարեկանում։ 2018թ.-ից նա հետևում է Մանկական Եվրատեսիլին՝ որպես հավատարիմ երկրպագու, իսկ վերջին երեք տարիներին, մասնակցելով հայաստանյան նախընտրական փուլերին, փորձել է իրականություն դարձնել իր երազանքը։

«Անչափ ուրախ եմ, որ ներկայացնելու եմ Հայաստանը Մանկական Եվրատեսիլում։ Երազանքներն իսկապես իրականանալու հատկություն ունեն, երբ անսահման հավատում ես դրանց։ Մանկական Եվրատեսիլի մեծ բեմում երգելն ու աշխարհին մեր երկիրը ներկայացնելը եղել է իմ ամենամեծ երազանքը, որն այսօր արդեն իրականություն է։ Սա նաև մեծ պատիվ է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, որին ես պատրաստ եմ։ Խոստանում եմ, որ կանեմ ամեն բան՝ մեր երկիրը լավագույնս ներկայացնելու համար» - նշում է Ալբերտը։

Ալբերտը սովորում է Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում, հաճախում է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրի բաժին և Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի վոկալի բաժին։ Մասնակցել է մի շարք հեղինակավոր երաժշտական նախագծերի և մրցույթների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Այս տարի մասնակցել է ֆրանսիական մանկական «Ձայնը» (The Voice Kids) նախագծին, որտեղ նշանավոր ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի թիմի կազմում հասել է եզրափակիչ փուլ։

 

fastnews-ads-banner