Հունվարի 27-ին ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Այդ առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում հունվարի 27-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգային ծրագիրը:
Համերգից առաջ կցուցադրվի ֆիլմ` նվիրված մաեստրոյի կյանքին և ստեղծագործական գործունեությանը:
Համերգի ընթացքում կներկայացվի երկու պրեմիերա. հայաստանյան` «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի) և համաշխարհային` «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»:
«Առաջին անգամ իրապես երկու պրեմիերա է ներկայացվելու, և այն էլ՝ իմ տարեդարձի օրը, ինչն ինձ համար չափազանց հուզիչ է: Ստեղծագործություններից մեկը, որի հիմքում Մաշտոցյան օրհներգերն են, և որը գրել եմ Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով, հնչեց անցյալ տարի Գրիգորի Մենդելի՝ նշանավոր կենսաբանի 200-ամյակին նվիրված համերգում: Մենդելը նաև հոգևորական էր, և այն համերգը, որտեղ հնչեց այս օրհներգը, հենց այն եկեղեցում էր, որտեղ ծառայել է Մենդելը: Այս աշխատանքը դեռևս մեկ անգամ է հնչել, հունվարի 27-ին այն կհնչի 2-րդ անգամ, մեր դահլիճում, իմ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Բացի այդ, կլինեն նաև հայրեններ երգչախմբի համար», - մեկնաբանել է մեծն կոմպոզիտորը՝ հավելելով․ «Հայրեններ գրելն իմ տարիների երազանքն է: Ես երիտասարդ էի, երբ գրեցի իմ 4 հայրենները ձայնի և դաշնամուրի համար, որոնք երգեցին մեր մեծանուն երգիչները՝ Գոհար Գասպարյանն ու այլ հայտնի անուններ, թեև այդպիսիք շատ չեն: Մշտապես պահանջ ունեի նորից ստեղծելու հայրեններ, և սա ինձ համար շատ լավ առիթ է»,-օրեր առաջ հրավիրված ասուլիսին, որին ներկա էր նաև VNews Culture-ի լրագրողը, ասել էր մաեստրոն:
![]()
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը:
Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը, որպես մենակատարներ ելույթ կունենան Տիգրան Քախվեջյանը և Բաբկեն Չոբանյանը (ասմունք):
«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգը կազմակերպվել է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ:


