Մարտի 28-ին Կարեն Դեմերճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Միխայիլ Շուֆուտինսկու 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Երեկոյի ընթացքում ՌԴ վաստակավոր արտիստի կատարմամբ հնչել են բոլոր ժամանակների հիթերը՝ նրա լեգենդար շոու-բալետի և կենդանի երաժշտության ուղեկցությամբ։ Շանսոնի լեգենդը համերգային երեկոն ավարտել է «Մարջանջա» երգով: Համերգի ավարտին արտիստը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և խոստացել վերադառնալ, եթե հայ երկրպագուները ցանկանան: «Գերագույն հաճույք է 75 տարեկանում գալ Երևան, տեսնել հանդիսատեսի, որը ջերմ է, սիրում է քեզ և հիշում նույնիսկ ամենահին երգերը», - խոստովանել է Շուֆուտինսկին:

Շուֆուտինսկին պատմել է նաև, որ իր կյանքում մեծ դեր են խաղացել հայկական ծագումով երկու նշանավոր դեմքեր՝ փոփ երգչուհի Լոլա Խոմյանցը և ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը։ «Երիտասարդ երաժիշտ էի, երբ ինձ հրավիրեցին հայ երգչուհի Լոլա Խոմյանցի ջազային խումբ: Նա մեր երկրի լավագույն ջազ երգչուհիներից էր: Լոլայի հետ համերգներով շրջագայեցինք ամբողջ երկրում: Նրա ամուսինը՝ Արտաշես Ավետյանը, հայկական գեղեցիկ երգեր էր կատարում: Այդ ժամանակից շատ եմ սիրում հայկական երաժշտությունը, էլ չեմ խոսում այնպիսի դասականների մասին, որոնցից է Արամ Խաչատրյանը», - պատմել է ատիստը: Շուֆուտինսկին վերհիշել է նաև իր հանդիպումն ու հարցը Շառլ Ազնավուրին: «Մի անգամ նրան հարցրի, թե կյանքի վերաբերյալ ինչ ծրագրեր ունի: Ազնավուրն էլ պատասխանեց՝ պատրասվում է ապրել մինչև հարյուր տարի և երգել 900 տարի»:


