Logo

Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը

20:02 / 17.05.2024Լուրեր
null

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո:

Միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը և Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը ներկայացրել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները: Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ համաեվրոպական միջոցառմանը միացել է հայաստանյան 118 թանգարան, որոնք անվճար բաց կլինեն մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն: Նախարարի տեղակալը ներկայացրել է 2023 թվականին հայկական թանգարանների այցելուների վերաբերյալ վիճակագրական տվյալներ. «Նախորդ տարի թանգարաններ այցելել է 1.228.155 մարդ, ինչը բավականին լավ արդյունք է. իհարկե, պետք է ձգտենք ավելիին: Թանգարանային ֆոնդը կազմել է 1.996.934 ցուցանմուշ: Կազմակերպվել է 270 ժամանակավոր ցուցահանդես, 2736 գիտակրթական ծրագրեր, 699 թանգարանային միջոցառում: Դպրոցական բաժանորդային ծրագրի շրջանակում թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ է այցելել 229.889 աշակերտ», - նշել է Քոչարյանը:

Այս տարի լրանում է հայ մեծանուն նկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի 125-ամյակը: Այդ առիթով թանգարանը նախաձեռնել է մի շարք ծրագրեր. «Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում թանգարանը ներկայանալու է Երվանդ Քոչարի 30-ական թվականների արվեստում շատ յուրահատուկ տեղ զբաղեցնող մի շարքով, որը հեղինակը անվանել է «Մարդ-քաղաք»: Ներկայացվելու է նաև «Մելանխոլիա» արձանին նվիրված տեսաֆիլմ, որը կբացահայտի և՛ արձանն ու Քոչարի արվեստը», - ներկայացրել է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանն էլ շեշտեց՝ նախատեսում են մեծ գիտաժողով՝ նվիրված մեծանուն արվեստագետի ֆիլմարվեստին և գործունեությանը: «Նախատեսվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Իգիթյանի անվան կենտրոնի հետ համատեղ համերգ-ներկայացում, բալետային ներկայացում՝ նվիրված ռեժիսորին: Գործակցելու ենք «Նորաձևության և դիզային պալատի» հետ, ներկայացնելու ենք յուրահատուկ ցուցադրություն», - ընդգծեց Անահիտ Միքայելյանը:

 

 

fastnews-ads-banner