• Պատմության դաժան հեղեղը մեր ազգի բախտի ջրաղացքարը նետել էր անդունդ: Ո՜վ պետք է վերևից զգաստ աչքերով նկատի ահեղ վտանգը և սարից սար գոռալով՝ առաջինը շտապի օգնության: Ո՜վ պիտի այդ տեղահանված քարը անդունդից հանի և վերստին հաստատի իր հիմքի վրա: Այդ պետք է անենք մենք: Պետք է անեն հավատքի ուժը և հավատավոր մարդիկ: Եթե բոլորս ի մի զորվենք և մեր կամքը դարձնենք մի հսկա քարքաշ, անկարելի բան է, որ մեր բախտի քարը հեղեղից պարտված մնա:
• Ուրեմն իզուր անցավ իր և իշխանուհի Ալթունի ուղևորությունը դեպի Եվրոպա: Իզուր քրիստոնեական երկյուղածությամբ համբուրեց Ինգլիզի թագավորի ձեռքը:
Ինգլիզից ու ֆրանկից մըզի օգուտ չկա, - ամփոփեց երկաթագործ Համզեն և առաջարկեց հարձակվել Բիթլիսի վրա և բոլոր հյուպատոսներին, այդ թվում և անգլիական հյուպատոսին, գերի վերցնել: Միայն այդ պարագային Եվրոպան լրջորեն կհետաքրքրվեր հայ ժողովրդի վիճակով և Սասունը կազատագրեր սուլթանի բռնակալությունից:
• «Գնացի Եվրոպա – ասում է Խրիմյան հայրիկը,- և ինչ տեսա այնտեղ: Բեռլինի մեջ դրված էր մի մեծ պղինձ՝ մեջը հարիսա: Զանազան ազգերի պատվիրակներ եկած էին երկաթե շերեփներով և հարիսայեն կվերցնեին ու կերթային: Բուլղարը, սերբը, ղարադաղցին, ամենքն ալ առին իրենց բաժինը: Կարգը եկավ մեզի՝ հայերուս: Ես ալ, իմ կարգին ձեռքիս աղերսագիրը ցույց տալով, խնդրեցի, որ ամանիս մեջ հարիսա լցնեն: Կաթսայի գլուխը սպասող մեծավորները ինձի հարցուցին՝ ո՞ւր է քու շերեփդ: Ճիշտ է, որ հոս հարիսա կբաժանվի, բայց շերեփ չունեցողը չի կրնար մոտենալ անոր: Այս ալ իմացիր, որ եթե մոտ ատենքս այս հարիսան կրկին բաժանվի, առանց շերեփի չգաս, որովհետև կրկին պարապ ետ կդառնաս»: Եվրոպայեն պարապ ետ դարձավ նաև մեր պատվիրակ Մոսե Իմոն, որովհետև ձեռքին երկաթե շերեփ չկար:
Ուրեմն ո՞րն է ելքը, Սասունի՛ իշխաններ: Զինվել. այժմ մեր միակ ելքը այդ է: Մենք պետք է շինենք մեր երկաթե շերեփը, որ իրավունք ունենանք ընդհանուր կաթսային մոտենալու:
• «Սուլթանի երկրում առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնացեք»,- ասում էր Աղբյուր Սերոբը:
• Վարժապետ Մելքոնը, որ արդեն շատ ծեր էր և ուժասպառ, մահացավ վերելքի ժամանակ: Մենք նրան փաթաթեցինք իր հնամաշ վերարկուի մեջ և թաղեցինք Բլեջանի լանջին՝ մի ճյուղատարած մասրենու տակ՝ կրծքի վրա դնելով Նարեկը, որ կյանքում միշտ իր կրծքի վրա էր, իսկ ծոցի մեջ Ռանչպարների կանչը, որի հեղինակն էր նա, և որի շնչով շատ երևելի մարդիկ էին կրթվել Մուշ քաղաքում:
• Հայազգի գնդապետը ռուսերեն էր խոսում և հրամաններն արձակում էր ռուսերենով: Զինվորները պահանջում էին, որ հայերեն խոսի: Նա պատասխանում էր. «Ես արժանի կլինեմ հայերեն խոսելու միայն այն ժամանակ, երբ իմ գունդը մտնի Սասուն»:
• Եղեռնը ահավոր էր. մոտ երկու միլիոն ռանչպար և արհեստավոր կոտորվեցին, բայց զգում էինք, որ այլևս հաստատուն կերպով ամրացած ենք մեր հայրենիքի վրա ու կարելի պիտի լինի ավերակների տակից կանգնեցնել մի նոր Հայաստան:
• Բայց, ավա՜ղ, քանդված է ամեն սահման ու սրբություն։ Եվ չկա մի չվան՝ չափելու անարդարությունը անչափելի։ Սասունը Էրմինիստան էր դառնում և Կարոն դեռևս յոթ տարի առաջ շտապեց ամուսնանալ, որ երկիրը լցվի։ Նա հույս ուներ, որ ավերակների տակից հառնում է մի բաղձալի Հայաստան։ Ամեն գյուղի մեջ վառվել էին հինգ-տասը ճրագ։ Երզնկայից մինչև Կարին, Տիգրանակերտից մինչև Բաղեշ ու Վան՝ հայրենի երդիկներից սկսել էին ծուխ բարձրանալ։ …Սակայն, 1916-ի գարնանը ավերակված գյուղերի մեջ վառված ճրագները նորից սկսեցին մեկ առ մեկ հանգչել, և հազարավոր հայ գաղթականներ խռնվեցին Զարբհորի լեռնանցքում։
• Ժայռերը Վայոց ձորում թուխ էին, արծաթագույն ու կարմիր: Եվ այդ բազմագույն ժայռերի միջով Քարագլխի քար ու քարափից հեղեղի պես իջնում էր գաղթականությունը: Շալակել են, ով ինչ կարող է: Գաղթականությունը շարժվեց դեպի Նախիջևան: Վերջին անցնողը բարձկան գոմեշն էր, որի վրայից կախ էր ընկել հավի թառը և քիչ էր մնում վայր ընկնի: Անդրանիկը, հավթառը բարձկանի վրայից վերցնելով, մեկնեց գյուղապետին:
- Ձեր հավերը շատ են: Այս հավթառը իմ կողմից նվեր ձեզ:
- Իսկ ձեզ պետք չի՞:
- Մենք տուն ունե՞նք, որ հավ ունենանք: ... Ուղղակի իբրև հիշատակ:
• Վերջապես մութով հասանք Տաթև: Վանքը նստած էր վիթխարի ժայռերի կատարին: Վանքի բակում մի ճոճվող քարասյուն կար, Շապինանդը ձեռքով հրեց այն: Սյունը խորհրդավոր շարժվեց:
- Մենք նման ենք այս քարե սյունին: Թեթև հպումից շարժվում ենք խորհրդավոր, բայց կանգուն ենք բոլոր փոթորիկների ու դարերի մեջ, - ասաց Անդրանիկը:
• «Հայե՜ր, շտապեցե՜ք հայրենիքն ազատելու... Հասել է րոպեն, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով յուր անձնականը, պետք է գործ դնի իր վերջնական ճիգը թշնամուն հարվածելու համար: Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից: Հայե՜ր, ժամանակը չէ դանդաղելու: Հանուն մեր բազմաչարչար ժողովրդի ֆիզիկական գոյության: Ոտքի՜ կանգնեցեք: Դեպի սրբազան պատերա՜զմ: Դեպի զե՜նք բոլորդ: Դեպի Սարդարապատ»: Ծերունին կարդաց ժայռին փակցված կոչը և իր շուրջ հավաքվածներին կազմակերպելով՝ «ազատություն կամ մահ» գոռալով՝ շարժվեց փողոցն ի վար: Գնալով այդ աշխարհազորը մեծացավ, խտացավ և փողոցը լցվեց հազարավոր մարդկանցով:
• - Տղաս, - ասաց,- միտդ պահիր իմ հասցեն՝ գեներալ-մայոր Անդրանիկ: Աշխարհի որ ծայրը գրես, քո նամակը կհասնի ինձ:
Լռեց, հետո ասաց. - Եթե Տաթև ուխտի գնալու կլինես, հիշիր ինձ:
- Որ Տաթևը մտքովդ անցավ, անպայման կգնամ, զորավար:
- Այդ վանքի ճոճան սյունը շատ նման է մեր բախտին: Հավիտյան կճոճվենք, բայց չենք ընկնի: Դե՛, քեզ ամուր պահիր, իմ քաջ, իմ անգին հարյուրապետ, իմ լավ զինվոր:
Շոյեց մազերս, կռացավ համբուրեց իմ ճակատը և «կեցիր բարով»:
Էլ չտեսա նրան:
Էն գնալն էր, որ գնաց:
Մեր երկրի վրայով թուրք անցավ...
Եվ եղավ ահեղ կոտորած ու կողոպուտ Արևելյան Հայաստանում:
Եվ քանդեցին:
Նրանց կոչումն էր քանդել, ու քանդեցին:
Այլևս թնդանոթ չէր արձակվում Բերդաքաղաքի միջնաբերդից: Ժամանակը կանգ էր առել Հայաստանում, և մարդիկ, մի պահ շփոթված, մոռացել էին իրենց ժամացույցներն ու գլուխները ուղղել:
• Ի՜նչ կախարդական բան է այս հայրենիք ասվածը, այս Հայաստանը: Երբ նա մեր ձեռքին է, մենք չենք զգում, թե որքան գրավիչ է այն, և թե որքան շատ բանով ենք մենք պարտական նրան: Մենք կորցնում ենք նրա հետ վարվելու կերպը, նրան բոլորանվեր սիրելու եղանակը: Իսկ երբ նա կաշկանդված է կամ ստրկության մեջ է, սկսում ենք մորմոքել նրա կարոտից: Երբ նա ազատ է, անփույթ ենք դառնում նրա հանդեպ, երբ նա գերված է, սկսում ենք ախուվախ անել ու տանջվել նրա համար՝ ուրիշներին էլ տանջելով մեզ հետ, և ճիգ ու ջանք թափել, որ ազատենք մեր ձեռքից անզգուշությամբ փախցրած դրախտահավը:
• Մի հին սևացած խաչքար: Կառչել էր դրան ու պոկ չէր գալիս: Այդ էր դարձել այժմ իր հավատքի և հույսի միակ հենարանը: Երազի պես՝ իր աչքերի առջևով գալիս անցնում էին Մանազկերտի Իկնա գյուղի պատկերները՝ իր ծննդավայրի ոսկեղեն օրերի թովիչ տեսարանները, երբ ինքը երիտասարդ վարժապետ էր՝ պարոն Ավետիս անունով:
Հիշում էր և ուշագնաց ընկնում խորանին՝ իր արցունքով հանգցնելով մաշված խաչքարի առաջ առկայծող դեղնամոմերը:
• - Մախլուտո, մի փոքրիկ գեղեցիկ երկիր է փթթում Արաքսի ափին: Իմ դժվարագյուտ ծաղիկը այդ է և նրան են վերջին պահին իմ աչքերն ուղղված,- ասաց մահամերձ զորավարը: - Կուզեմ, որ այդ կարմիր ծաղիկը բարգավաճի ու զորանա: Պետք է ուժ տալ ներկա Հայաստանին: Նա է մեր ապագա հույսերի խարիսխը: Իմ կյանքի ամենաուրախ պահն այն էր, երբ Առաքելոց վանքի մեջ մի բուռ հայդուկներով կռվում էինք Սուլթան համիդի կանոնավոր զորքի դեմ, երբ ֆիդայի քահանան, զենքը ձեռքին, կանգնած էր Գևորգ Չաուշի և իմ կողքին, և մշեցի հայ կանայք մեզ համար դիրքեր էին փորում վանքի պարիսպների մոտ: Իմ ամենատխուր պահը այն էր, երբ Գևորգի մահվան բոթը առա: Իմ երկրորդ սև օրը այն էր, երբ հայրենիքից հեռու՝ Բերդաքաղաքի անկման լուրը բերին ինձ: Բոլորին ասել եմ ու դարձյալ կկրկնեմ, երբ իրիկունները գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին, այնուհետև մտածեք ձեր հարևանի մասին, հայ լինի նա թե թուրք, վրացի լինի, ով կուզի լինի, և բարի մտածեք:- Փոքր ինչ շունչ առնելով՝ ավելացրեց.- երկու բան սիրեցի աշխարհում՝ որբ մանուկն ու թշվառները:
• Զորավար Անդրանիկի վերջին խոսքը եղավ. «Եթե իմ ժողովուրդը կուզի իմ մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, ես փառավոր թաղում չեմ ուզեր. թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար: Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց»: