Logo

Մեկնարկում է «Երևանի Նորաձևության Շաբաթ 2025»-ը

17:04 / 22.10.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

«Երևանի նորաձևության շաբաթը» վերադառնում է. հոկտեմբերի 23-ից 26-ը Երևանը կվերածվի նորաձևության կենտրոնի՝ հայ և միջազգային դիզայներների մասնակցությամբ: Երեք օրերի ընթացքում ներկաները կտեսնեն նոր հավաքածուներ, յուրօրինակ ոճեր:

«Yerevan Fashion Week 2025»-ի շրջանակում նախատեսվում է հագեցած ծրագիր։ Տեղական և միջազգային դիզայներները կներկայացնեն ավելի քան 20 հավաքածուներ, որոնցում կշեշտվի նորարարությունը, կայուն նորաձևության գաղափարը և մշակութային ինքնությունը։ 

Մասնակիցների թվում են դիզայներներ Հայաստանից, ինչպես նաև ԱՄԷ–ից, Իրանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոլդովայից և Ռուսաստանից։ 

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է Fashion Scout Armenia երիտասարդ դիզայներների մրցույթը, որն արդեն երրորդ տարին անցկացվում է միջազգային Fashion Scout հարթակի հետ համագործակցությամբ։ 

Միջոցառումը պաշտոնապես իրականացվում է 2023-ից ՝ նպատակ ունենալով զարգացնել հայկական նորաձևությունը և այն ճանաչելի դարձնել համաշխարհային հարթակներում։ Հայաստանի նորաձևության և հագուստի պալատը հայտարարել է՝ երրորդ նորաձևության շաբաթը հագեցած է  լինելու տպավորիչ միջոցառումներով, ցուցադրություններով, ցուցահանդեսներով և ստեղծագործական այլ նախագծերով: Դիզայներները կցուցադրեն իրենց նոր հավաքածուները, իսկ այցելուները հնարավորություն կունենան մասնակցել բրենդերի անհատական ցուցադրություններին, նորաձևության էքսպոյին, թեմատիկ քննարկումներին և ցուցահանդեսներին: YFW 2025-ը կլուսաբանվի նորաձևության լավագույն միջազգային և տեղական մեդիայի կողմից՝ Vogue, Elle, Harper's Bazaar, BBC, Le Mile և այլն: 

«YFW 2025»-ի բացումը կազդարարվի «Կերպի ձևը. երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» խորագրով ցուցահանդեսի մեկնարկով: Բացման ցուցադրությանը կմասնակցեն հայ դիզայներներ Մանուկ Ալեքսանյանը, Արմեն Երիցյանը և Վարդուհի Տոռոզյանը: Նրանք իրենց հավաքածուները ստեղծել են՝ ներշնչվելով Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացված կտավներով:

Մրցույթի հաղթողին հնարավորություն կընձեռվի 1 ամիս վերապատրաստում անցնել Իտալիայում, մասնակցել Polimoda ուսումնական ծրագրին և ներկայանալ Լոնդոնի նորաձևության շաբաթին։ Հաղթողը նաև 1 միլիոն դրամ աջակցություն կստանա Երևանի քաղաքապետի կողմից: 

fastnews-ads-banner