Logo

Մեկնարկում է Երևանյան 3-րդ միջազգային թատերական փառատոնը

00:38 / 21.11.2025ՄՇԱԿՈՒՅԹ
null

Նոյեմբերի 19-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Պաննո արվեստի տանը տեղի  ունեցած մամուլի ասուլիսով ազդարարվել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկը։ Փառատոնը անցկացվելու է նոյեմբերի 19-30-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսի ներքո:

ԿԳՄՍ տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհավորել է Երևանյան միջազգային թատերական փառատոնի 3-րդ մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր իրադարձություն է հայաստանյան թատերական կյանքի գունապնակի հարստացման և ոլորտի զարգացման առումով: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ փառատոնը կրում է «Ստեղծարարություն հանուն խաղաղ աշխարհի» կարգախոսը, քանի որ մշակույթն ու խաղաղությունը կարևոր առանցքներ են, և Հայաստանը գնում է դեպի խաղաղություն և ստեղծարարություն՝ մշակութային ողջ ներուժով.

«Այս տարի փառատոնը ներկայանում է ոչ միայն դիտարժան ներկայացումներով, այլ նաև բացառիկ համագործակցային ծրագրերով։ Երևանյան միջազգային թատերական փառատոնի հիմքում դրված են շատ հետաքրքիր գաղափարներ. փառատոնը հյուրընկալում է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ հայաստանյան թատրոնների և թատերախմբերի: Փառատոնի շրջանակում հանդիսատեսին ներկայացվելու են արտերկրի լավագույն թատրոններն ու ներկայացումները: Այս տարի փառատոնին մասնակցում են նաև Վրաստանի և Թուրքիայի թատերախմբերը, որոնք կհանդիպեն այստեղ՝ Հայաստանը որպես մշակութային խաչմերուկ տարածաշրջանի համար գաղափարի շուրջ։ Քննարկվել են նաև փառատոնը և մշակութային այլ որակյալ նախաձեռնություններ մարզեր տանելու հնարավորությունները՝ հաշվի առնելով մշակութային կյանքի ապակենտրոնացման կարևորությունը»:

Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, փառատոնի հիմնադիր֊նախագահ Վարդան Մկրտչյանն, ազդարարելով փառատոնի բացումը, շնորհակալություն է հայտնել փառատոնի բոլոր մասնակիցներին և գործընկեր կազմակերպություններին.

«Փառատոնի հիմնական փիլիսոփայությունն այն է, որ հայկական ժամանակակից արվեստը, մասնավորապես՝ թատերական արվեստը, պետք է լինի ոչ միայն հյուրընկալող կողմ, այլև ակտիվ մասնակից»:

Նշենք՝ երևանյան միջազգային թատերական փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ներկայացնել աշխարհի լավագույն թատերախմբերի բեմադրությունները, հայ թատրոնների համար միջազգայնացման նոր ուղի հարթել, ինչպես նաև հնարավորություն ընձեռել մասնագետներին զարգացնել մասնագիտական ցանցը։

fastnews-ads-banner