Լուսանկարչի համար շատ հաճախ ամենակարևորը ճիշտ ժամանակին` ճիշտ վայրում հայտնվելն է։ Պահը, ակնթարթը որսալը հետաքրքիր ու լավ լուսանկար ունենալու ամենակարևոր պայմանն է։ Հենց այս հմտություններով ու ունակություններով է օժտված բրիտանացի փողոցային լուսանկարիչ Մեթ Ստյուարտը, որն այս ամենի հետ մեկտեղ հումորի հրաշալի զգացողություն ունի։ Նա նկարներով պատմություններ պատմելու վարպետ է՝ ֆիքսելով առօրյա կյանքն այնպիսին, ինչպիսին կա:

Մեթ Ստյուարտը ծնվել է 1974 թվականին Լոնդոնում: Լուսանկարչության հանդեպ հետաքրքրության և սիրո համար Մեթը պարտական է իր հորը։ Հենց հայրն էր, որ մանկության տարիներին որդուն ծանոթացրել էր լուսանկարչական արվեստի հետ` նրան նվիրելով լուսանկարչության այնպիսի հայտնի վարպետների աշխատանքների ալբոմները, ինչպիսին են Ռոբերտ Ֆրանկը և Անրի Կարտիե-Բրեսոնը: Այդ գրքերն էլ տղայի մեջ արթնացրել են կիրք ու ձգտում առ լուսանկարչությունը։

Մեթ Ստյուարտը պրոֆեսիոնալ լուսանկարիչ է: Նա ապրում է Անգլիայում և տարված է մարդկանցով ու նրանց սովորական առօրյայով: Սակայն, նրա նկարներում այդ սովորականը դառնում է հետաքրքիր այն պահից, երբ Մեթը դրանք նկատում ու ֆիքսում է միանգամայն այլ տեսանկյունից։ Հենց այդպես ստեղծվում է առարկաների և իրավիճակների պատրանք, որոնք իրականում գոյություն չունեն:


Բրիտանացի հնարամիտ լուսանկարիչը նկարահանման համար օգտագործում է Leica փոքր տեսախցիկը և իր անսահման համբերությունն ու լավատեսությունը, որոնք էլ օգնում են նրան սպասել և անմահացնել ամենահարմար ու հաջողված պահը:


Նրա մոդելները սովորական անցորդներ են, որոնք նույնիսկ չեն էլ կասկածում, որ իրենք հայտնվել են տաղանդավոր լուսանկարչի տեսադաշտում:


Մեթը վստահ է, որ իր նկարները ոչ մի կերպ չեն վիրավորում առանց զգուշացնելու նկարված մարդկանց: «… Մի քանիսը տեսել են իրենց իմ լուսանկարներում գոհ ու երջանիկ արդյունքից, խնդրել են լուսանկարների տպած տարբերակները», – պատմել է լուսանկարիչը:



