Logo

Մեծ աչքերը. ինչպես ամուսինը գողացավ Մարգարեթ Քինի ստեղծած կտավների հեղինակությունը

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:05 / 27.04.2023Մարդիկ
null

Նույնիսկ եթե երբեք չեք լսել Մարգարեթ Քինի անունը, հավանաբար հանդիպել եք նրա հայտնի «մեծ աչքերին»: Մեծ աչքերով աղջիկների նկարները զանգվածաբար կրկնօրինակվում են, տպվում շապիկների, բացիկների վրա և այլն, ինչպես նաև պատկերված են բազմաթիվ ֆիլմերում: Քինը ֆենոմեն էր, որը մարդկային հոգու ցավը փոխանցում էր միամիտ երեխաների նկարների միջոցով: Կամ գուցե այդ կերպ նա ցույց էր տալիս նաև իր տխրությունը։

Մարգարեթ Քինը դեռ մանկուց խոստումնալից էր։ Վաղ տարիքից սկսելով նկարել՝ նա ինտուիտիվ կերպով գտավ իր կերպարը նկարչության մեջ, որը հետագայում կկոչվեր փոփ-արտի նոր ուղղություն։ Բայց որքան մեծ էր նկարչուհու տաղանդը, այնքան ցածր էր նրա ինքնագնահատականը։ Աղջկան կարող էր վրդովեցնել իր աշխատանքին ուղղված ցանկացած բացասական արձագանք, ցանկացած ձախողված պատվեր։ Թերևս դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ երկար տարիներ Քինի ամուսինը նրա նկարները ներկայացրել է որպես իր նկարներ՝ բացարձակապես չամաչելով այդ արարքից:

Մարգարեթն ու Ուոլթերը ծանոթացել են 1955 թվականին Նյու Յորքի փողոցային ցուցադրության ժամանակ։ Նա ցուցադրում էր իր նկարները, իսկ Ուոլթերը գործարար էր և ձախողված նկարիչ։ Ուոլթերն իր պատանեկության տարիներին նույնիսկ հատուկ դպրոց է ավարտել, որտեղ նրան ասել են՝ «դու անհույս ես»։

Շուտով զույգն ամուսնանում է։ Այդ ժամանակ Մարգոն ամուսնալուծված էր և մենակ էր պահում իր փոքրիկ դստերը, և բացի նկարների վաճառքից ստացած համեստ եկամտից, ապրուստի այլ միջոց չուներ։ Ուոլթերը՝ երիտասարդ, գեղեցիկ, նախաձեռնող և շատ խարիզմատիկ տղամարդ, փորձում էր բիզնեսով զբաղվել։ Բոլորը, ովքեր գիտեին նրան, նշում էին տաղանդների հանդեպ նրա սուր հոտառությունը։ Եվ նա չէր կարող դա չհասկանալ Քինի պարագայում․ նա անմիջապես գլխի ընկավ, որ մանկական դեմքերով և միամիտ, ցավով լցված աչքերով նկարները հսկայական կոմերցիոն հաջողություն կունենան:

Ճիշտ է, նա այդ մասին ոչինչ չասաց իր ապագա կնոջը՝ հայտնելով միայն, որ հավատում է նրա մեծ տաղանդին։ Եվ հենց նա առաջարկեց փորձել նկարները վաճառել Սան Ֆրանցիսկոյի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում։ Չնայած վաճառքի վայրի տարօրինակ ընտրությանը, «մեծ աչքերը» մի քանի ժամում սպառվեցին։ Ավելին, գնորդները պատրաստ էին վճարել մի քանի հարյուր դոլարից մինչև հազար դոլար յուրաքանչյուր աշխատանքի համար։ Երիտասարդ ընտանիքը երջանիկ էր. Մարգոն սկսեց ավելի շատ նկարել, Ուոլթերը` ավելի շատ վաճառել։

Մի անգամ նա խնդրեց նկարի վրա գրել իր անունը՝ լկտիաբար հայտարարելով, թե կտավները ներկայացնում է որպես իրենը։ Իբր, դե ով կհավատա միջնորդին, որը վաճառում է ուրիշի աշխատանքները:

Մարգոյի փոխարեն այլ կին կվրդովվեր ու կհայտարարեր, որ սա խաբեություն է, բայց երիտասարդ կինը պատրաստ չէր նման աննշան թվացող մանրուքի պատճառով բացահայտ հակամարտության մեջ մտնել ամուսնու հետ։ Չէ՞ որ այդ ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Քինն այնքան հայտնի կդառնա, որ նրա նկարների համար կպայքարեն աճուրդներում։ Ա՜խ, հետագայում քանի՞ անգամ նկարչուհին կզղջա իր այդ թուլության համար․․․

Իսկ հետո նկարների արտադրությունն ընդլայնվեց։ Սկզբում Հոլիվուդը, հետո հիպիների այդ նույն սերունդը. բոլորն էին ցանկանում գնել մեծ աչքերով նկարները: Երբ New York Magazine-ը գրեց երիտասարդ նկարչուհու մասին, նրա նկատմամբ հետաքրքրությունն աճեց։ «Մեծ աչքերը» հայտնվեցին բացիկների, վերարտադրումների, գովազդային վահանակների վրա։ Ուոլթերին սկսեցին առաջարկել մասնակցել գովազդային արշավներին և հոնորարներ, որպեսզի փոփ-արտի գերժամանակակից նկարներն օգտագործվեին ֆիլմերում։

Քին ամուսինները գնեցին նոր տուն, իրենց երեխային ուղարկեցին մասնավոր դպրոց, բնակարան գնեցին Հավայան կղզիներում: Ճիշտ է, Մարգոն նկարների ամբողջ պահանջարկը բավարարելու համար պետք է աշխատեր ոչ թե 8, այլ 16 ժամ: Նրա մոտ սկսվեց աչքերի սարսափելի ալերգիա, ձեռքերի մաշկը վատացավ, բայց ամուսինն ասում էր՝ սրանք մանրուքներ են գլխավոր նպատակի՝ հարստություն կուտակելու համեմատ:

Իսկ Ուոլթերը կինոաստղի կյանք էր վարում։ Նա քնում էր մինչև ընթրիքը, սիրում էր նախաճաշել շամպայնով, ուներ մի քանի սիրուհի, լավ էին ընդունում քաղաքի լավագույն աշխարհիկ սրահներում։ Նրա մասին ասում էին. «Նա հանճար է։ Նա նկարներ է վաճառում»: Եվ ինչն էր տարօրինակ․ ոչ ոքի մտքով  չէր անցնում, թե ինչպես կարող է նման պարապ ու անկաշկանդ ապրելակերպ վարող հանճարն ամսական 20-30 նոր գործ ստեղծել:

Ավելի ուշ, The Guardian-ին տված հարցազրույցում Մարգարեթը կպատմի իր ամուսնու արարքների ու հնչեցրած սպառնալիքների, ինչպես նաև նոր պատվերների մասին. «Նկարիր երեխայի՝ ծաղրածուի կոստյումով և երկու երեխայի՝ պոնիի վրա»:

Քինների բանկային հաշիվներն աճեցին, բայց դրան զուգահեռ աճեց փսևդոնկարչի ագահությունը: Ուոլթերն այլևս չէր ցանկանում պարզապես համաշխարհային ժողովրդականություն, նա երազում էր մեծության մասին: Դալիի և Վան Գոգի փառքը հետապնդում էր նրան։ Նա երազում էր, որ իր մասին, որպես էքսցենտրիկ և առեղծվածային հանճարի, լեգենդներ պտտվեն, իսկ դրա համար պահանջվում էին ոչ թե մեծ աչքերով աղջիկների բազմաթիվ նկարներ, այլ մի մեծ նկար, որը կդառնար․․․ գլուխգործոց:

«Պետք է նկարել մի բան, որը կարելի է կախել ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որպեսզի դա լինի իմ ամբողջ կյանքի գործը: Դու ունես մի ամիս ժամանակ»,- ասաց նա կնոջը։

31 օր անց «Վաղը ընդմիշտ»-ը բացահայտվեց աշխարհին։ Կտավում հարյուր տխուր երեխաներ շարված են մեծ սանդուղքի վրա՝ ապագայի սպասումով։ Մուգ մոխրագույն գույները, ծանր ֆոնը, ողբերգական, հնազանդ երեխաները խոսում էին միայն մի բանի մասին՝ աշխարհն ապագա չունի: Ստեղծագործության ողբերգությունը դիպավ սովորական դիտողին, իսկ քննադատները նկարն անվանեցին կոնյունկտուրային։

«Այս երեխաներն իմ սեփական հույզերն են, որոնք ես չէի կարող այլ կերպ արտահայտել», - հետագայում խոստովանել է Մարգարեթը: Այս նկարը ստեղծելուց հետո քողարկված նկարչուհու համբերությունը պայթեց։ Հոգեբաններն ասում են՝ եթե ճշմարտությունը ելք չի գտնում, եթե մի օր լույս աշխարհ դուրս չգա, մարդուն ներսից կխժռի։ Մարգարեթի ճգնաժամը համընկավ Քին ընտանիքում առաջացած ճգնաժամի հետ։

Ուոլթերը մեծ կտավը ցուցադրեց «1964 թվականի համաշխարհայի ցուցադրություն»-ում: Այնուամենայնիվ, քննադատները չհանդարտվեցին. The New York Times-ի կոշտ գրաքննությունից հետո նկարը նույնիսկ հեռացվեց ցուցադրությունից: Ուոլթերը ցասման մեջ էր: Ընտանիքում վեճերն ու սկանդալները թեժացել էին: Չդիմանալով այս ամենին՝ Մարգարեթը ամուսնալուծության հայց ներկայացրեց։

Նա ջախջախված էր տասը տարվա ստերից, անարդարությունից և սիրելիի ցինիզմից:

Ինչպե՞ս Ուոլթերն այդքան հեշտությամբ բաց թողեց «ոսկե ձու ածող հավին»: Նա բաց թողեց նրան միայն մի պայմանով` նա կշարունակի նկարել իր համար: Նրա հանճարը չպետք է տուժեր։ Եվ Մարգոն գնաց այս համաձայնությանը։

Բայց Հավայան կղզիներում արձակուրդը կարծես ուշքի բերեց նրան․ չէ՞ որ նա պարտավոր չէ ամբողջ կյանքում ծառայել նախկին ամուսնուն։ Նա՛ է ստեղծագործողը, նա՛ է փոփ-արտի հանճարը, այդ նրա՛ մեծ աչքերն են փայլում միլիոնավոր մարդկանց համար:

Մեկ տարի անց նա ամուսնանում է գրող Դեն Մաքգուայրի հետ և, պաշտպանություն ձեռք բերելով ի դեմս նոր ամուսնու, որոշում է համարձակ քայլ անել՝ բացահայտել գաղտնիքը։ Դա հսկայական սկանդալ էր։ Տասնյակ հարցազրույցներ, ուղիղ եթերում առերեսումներ, մասնավոր խուզարկուների և կոլեկցիոներների հետաքննություններ և վերջապես դատավարություն: Ուոլթերը կրկին ցասման մեջ էր։

Դատավորը դիմեց նախկին ամուսիններին ստուգելու ամենապարզ միջոցին․ պահանջեց, որ Ուոլթերն ու Մարգոն նկարեն մեծ աչքերով երեխայի դեմք։ Ի վերջո, նկարելու այդ ոճը հնարավոր չէ կեղծել: Նկարչուհին մեծ աչքերով երեխային նկարեց ընդամենը 53 րոպեում։ Իսկ Ուոլթերը հրաժարվեց՝ պատճառաբանելով ուսի ցավը։ Մարգարեթը շահեց դատը:

Հայցադիմումի համաձայն՝ Ուոլթեր Քինը պետք է 4 միլիոն դոլար փոխհատուցում վճարեր իր նախկին կնոջը։ Բայց դուք լավ չեք ճանաչում Ուոլթերին: Եվս 20 տարի նա հակընդդեմ հայցեր էր ներկայացնում իր նախկին կնոջ դեմ՝ նրան մեղադրելով զրպարտության համար։ Արդյունքում, 1990 թվականին Դաշնային վերաքննիչ դատարանը չեղյալ համարեց որոշումը։

Մարգարեթ Քինը չվիճարկեց դատարանի որոշումը։ «Ինձ փող պետք չէ», - ասաց նա՝ հավելելով․ «Ուզում էի, որ բոլորն իմանան, որ նկարներն իմն են: Իմ մասնակցությունը խաբեությանը տևեց երկար՝ տասներկու տարի, և դա այն է, ինչի համար միշտ կզղջամ: Այնուամենայնիվ, դա ինձ սովորեցրեց գնահատել ճշմարիտ լինելու հնարավորությունը և հասկանալ, որ ո՛չ համբավը, ո՛չ սերը, ո՛չ փողը և ո՛չ էլ որևէ այլ բան խղճի խայթ չարժեն»:

Մարգարեթի կարիերայի թվաբանության համաձայն, պարզվեց, որ նա ոչ մի ցենտ չի ստացել իր ստեղծագործական ներուժի ծաղկման շրջանում նկարված բոլոր նկարների համար։

Սկանդալից և նրա անվան վերադարձից հետո Մարգարեթի նկարելու ոճը փոխվեց։ Նրա նոր նկարներում մեծ աչքերով երեխաները կտավներից սկսեցին մի փոքր ժպտալ դիտողին։ Քինը դեռևս ԱՄՆ-ի ժամանակակից արվեստագետների լավագույն տասնյակում է, նրա աշխատանքները վաճառվում են հարյուրավոր և հազարավոր դոլարներով:

Նա կյանքից հեռացավ 2022 թվականի ամռանը։

2014 թվականի դեկտեմբերին էկրան էբարձրացավ Թիմ Բարթոնի «Մեծ աչքեր» ֆիլմը, որը պատմում է Մարգարեթ Քինի կյանքի մասին։ Ռեժիսորը, նկարչուհու աշխատանքների հավաքածուի սեփականատերն է և 1990-ականներին նրան պատվիրել է իր ընկերուհու՝ Լիզա Մերիի դիմանկարը։ Իսկապես զարմանալի պատմություն, որի հիման վրա ստեղծվեց լավ ֆիլմ:

Մարգարեթ Քինն ու իրեն ֆիլմում մարմնավորած դերասանուհին


 

fastnews-ads-banner