Մարտի 13-ին նշվում է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Աբգարի Սողոմոնյանի ծննդյան օրը։ Հայ գրականության ամենավառ դեմքերից մեկը ծնվել է 1897 թվականին Կարսում և իր կարճ, բայց բուռն կյանքով դարձել մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։
Չարենցը հայկական նորագույն գրականության ամենահզոր ձայներից էր։ Նրա ստեղծագործությունները միավորում էին հեղափոխական ոգին, ազգային ինքնագիտակցությունը և խոր մարդկային ապրումները։ Բանաստեղծի տողերը մինչ օրս շարունակում են հուզել ընթերցողներին, իսկ նրա հայտնի խոսքը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», դարձել է ազգային ինքնության կարևոր պատգամ։
Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912 թվականին՝ Թիֆլիսում, իսկ առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» լույս է տեսել Կարսում։ Չարենցն ականատես է եղել Վանում տեղի ունեցող ողբերգությանը, որից հետո տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ 1916-ին գրել է «Դանթեական առասպել» պոեմը։

Առավել հայտնի են Չարենցի «Երկիր Նայիրի» վեպը, «Ես իմ անուշ Հայաստանի» տաղը, «Ամբոխները խելագարված» պոեմն ու մի շարք բանաստեղծություններ։ Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով։ Այս թեմայով գրել է «Լիրիկական բալլադներ», «Ծիածան», «Հրո երկիր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան» շարքերը։
Չնայած նրան, որ բանաստեղծի կյանքը ողբերգական ավարտ է ունեցել 1937 թվականի բռնաճնշումների տարիներին, նրա ստեղծագործական ժառանգությունը շարունակում է ապրել։ Այսօր Չարենցը մնում է հայ մշակույթի կարկառուն դեմքերից մեկը, իսկ նրա գրքերը մշտապես՝ հայ ընթերցողների սեղանին։


