Հունվարի 17-ին կյանքից անժամանակ հեռացավ հեռուստահաղորդավար, դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը:
Զառայի դուստր Էլեն Գասպարյանն իր ինստագրամյան էջում հայտնել է մոր հուղարկավորության օրվա մասին.
«Իմ ամենալուսավոր, ժպտերեսիկ ու ծիծաղկոտ… արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ թե էլ ինչ եմ անելու, ոնց… միշտ զգալու եմ կարիքդ… Մորս՝ Զառա Արամյանի, այդքան մեծ սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս, կանգնեց: Հուղարկավորությունը տեղի կունենա ամսի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ից»:

Դերասանուհու ընկերներն իրենց սոցիալական էջերում իրենց ցավակցությունն են հայտնել հարազատներին: Աշոտ Ղազարյանն, ում հետ հետ դերասանուհին նկարահանվել է «Մեր բակը» ֆիլմում գրել է.
«Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից.....
Մեր Համով Զառան: Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում, որ մեր Զառան այլևս չկա....շատ ափսոս:
Ինչ ասեմ...Աստված հոգիդ լուսավորի Զառա ջան…»,-գրել է նա:
Զառայի ընկերներից Հրանտ Թոխատյանն իր ֆեյսբուքյան էջում նույնպես գրառում է արել.
«Զառա ջան... սիրուն... համով... տաղանդավոր ու շատ հարազատ... Լույսերի մեջ մնաս»,- գրել է նա:
Զառան 55 տարեկան էր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արամյանը սրտի հետ կապված լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր:


