Գուստավ Կլիմտ` ավստրիացի նկարիչ, ավստրիական մոդեռնի հիմնադիր: Նրա կտավների «վիրտուալ լեզուն» զգայական է… արական և իգական խորհրդանիշներ… հարցեր, խոհեր, մտորումներ սիրո, կրքի, կյանքի ու մահվան շուրջ: Իր ամբողջ կյանքի ընթացքում Կլիմտի սիրո օբյեկտներն են համարվել կանայք և կատուները: Երևի թե երկուսի մեջ էլ ինչ-որ նման գծեր է գտել նկարիչը: Չնայած Կլիմտի բազմաթիվ սիրուհիների առկայությանը, նա այդպես էլ չի ամուսնացել:
Ինչևէ չշեղվենք և չմոռանանք, թե կոնկրետ ինչ թեմայի շուրջ ենք հավաքվել:
Մեզ առավել հետաքրքրական է այն փաստը, որ Կլիմտը 1905թ.-ին ստեղծեց «Համբույրը» նկարը…Ի՜նչ քաղցր բառ. «համի» և «բույրի» ներդաշնակ համադրություն, շուրթերի մեղմ հպում, հանկարծակի վրա հասնող այրող ջերմություն, սրտի արագ բաբախյուն…
Նայենք (կամ էլ մի պահ մտաբերենք) Կլիմտի հրա՜շք ստեղծագործությունը: Նայեցի՞ք: Տեսա՞ք: Իսկ ի՞նչ եք տեսնում: Մի ներդաշնակ աշխարհ, որտեղ սիրահարները մեկուսացած են, լինելով անտեղյակ իրենց շրջապատող իրականությունից: Զույգը համբուրվում է ծաղկաշատ մարգագետնում` անդունդի եզրին (մահից երկու քայլ այս կողմ)… Մէ հրա՜շք տեսարան:
Բայց պետք չէ անհանգստանալ: Նրանք չեն ընկնի: Տղան ամուր պահել է աղջկան, կամ գուցե հակառա՞կը: Նրանք փակ աչքերով, տրվել են համբույրի անդիմադրելի քաղցրությանը, ինչպես երկարատև ու ցրտաշունչ ձմեռվանից հետո մարդիկ տրվում են գարնանային արևին` մոռանալով սպառնացող վտանգների մասին: Գլուխը անբնական անկյան տակ է թեքված, իսկ մարմինը ասես լարված լինի, մեզ համար անսովոր ու անբնական դիքով: Բայց այդ ամենը այդքան էլ կարևոր չէ: Սա արվեստ է և հենց արվեստն է, որ ցույց է տալիս հեղինակի ենթագիտակցության մեջ թաքնված հրեշտակներին ու հրեշներին: Իսկ այ գլուխգործոցը ստեղծելիս Կլիմտին առաջնորդել են հրեշտակները, թե՞ հրեշները, հայտնի չէ, կամ գուցե երկուսն էլ:
Իսկ ի՞նչ է ցանկանում աղջիկը: Խենթի պես սիրե՞լ, թե՞ թույլ տալ, որ իրեն սիրեն, երկրպագեն, պաշտեն: Ցանկանում է հստակություն, թե՞ գեղեցիկ է այն աշխարհը, որը չի ենթարկվում ոչ մի օրենքի: Այս նկարագրությունից հետո նորի՞ց ունեցաք այն զգացողությունը, որ զույգը կընկնի: Միգուցե: Բայց,որ ընկնեն, միասին են ընկնելու:
Նրանք ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ են:
Կլիմտը հաճույքները համեմատեց գեղարվեստական ուրախության հետ, տալով դրան հոգևոր հարթություն: Ինչպես նաև երջանկության և գեղեցկության իդեալները:
Միշտ կարծել եմ, որ սերը հեշտ է արտահայտել խոսքի միջոցով որոշ չափով երաժշտությամբ), իսկ այ կերպարվեստում դա անելը ամենադժվարն է: Տեսողականացումը զրկում է սերը հոգեկանությունից, տանում կամ դեպի հոգևորը, կամ դեպի մարմնականը, զգայականը: Պատահական չէ, որ համբուրվելիս մարդիկ փակում են աչքերը: Երբ չգիտես ինչպես սիրածդ մարդուն պատմել զգացմունքներիդ մասին, կարող ես բազմաթիվ բանաստեղծություններ արտասանել կամ ուղարկել նամակով(SMS), նաև կան բազմաթիվ երգեր, իսկ այ նկար, որը կխոսի քո փոխարեն` համարյա չկա:
Գուստավ Կլիմտի «Համբույրը» նկարը լցված գեղեցիկով, պարզ շքեղությամբ ինձ ծանոթ միակ նկարն է, որով կարելի է ասել` Ես Սիրում եմ Քեզ…:

