«Ո՞նց ենք քիչ, երբ Պարույր Սևակ ունենք, նրա ամեն մի տողը անակնկալ է, նոր ու ինքնատիպ մտածողություն»,- ժպտալով ասում էր Մինասը։
Մինաս Ավետիսյանն ու Պարույր Սևակը 1966թ-ի աշնանը հանդիպում են գրականագետ Վաչե Սաֆարյանի տանը։ Հանդիպանը ներկա է լինում նաև լրագրող Վ. Շահնազարյանը։
Տանտերը հիշում է.
«Պարույրը գրկեց և ջերմորեն համբուրեց Մինասին տասնյակ տարիների ծանոթ-բարեկամի նման: Ապա իրեն հատուկ անմիջականությամբ ասաց .
- Մինաս, դու ոչ միայն մեծատաղանդ նկարիչ ես, այլև՝ բանաստեղծ: Քո բանաստեղծական ապրումով լիքը խոսքը` «Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, թվում է, թե այսօր գյուղ եմ գնալու, գյուղ պիտի գնամ»,- ինձ ասել է Վաչեն։ Ես օրվա 24 ժամերին գյուղում զբաղված եմ տան շինարարության, այգու աշխատանքներով, քաղաքում հազվադեպ եմ լինում։ Շնորհակալ եմ իմ փոքր ախպորից` Վաչիկից, որ մեզ վերջապես հանդիպեցրեց: Քո այդ խոսքը շատ է բանաստեղծական։ Ես այդ մեծ կարոտի զգացումն ունեցել եմ շատ անգամներ՝ հեռավոր Մոսկվայում եղած տարիներին։ Տեղն ու տարածությունը կարևոր չեն, այլ ապրումի պոետական ծավալն ու խորքը, տարողունակությունը:
Մինասն իրեն հատուկ խորաթափանցությամբ խոսեց Սևակի մի քանի գործերի մասին՝ զարմանք պատճառելով մեզ իր գրական նուրբ, խորունկ վերլուծումներով։
Վերջապես տեղի ունեցավ երկու մեծերի սպասված հանդիպումը»։
1977թ.-ին ռուսալեզու <<Կոմունիստ>> օրաթերթի սեպտեմբերի 14-ի համարում այդ հանդիպման մասին Վ. Շահնազարյանը գրում է. «Կարող եմ հպարտությամբ ասել, որ ներկա եմ եղել Պարույր Սևակի և Մինասի եզակի հանդիպմանը, որը տեղի ունեցավ բանասեր Վաչե Սաֆարյանի սեղանի շուրջ»։


