Իտալական Վերածննդի հանճարեղ քանդակագործ, նկարիչ Միքելանջելոյի Ահեղ դատաստանը ստեղծվել է Սիքստինյան կապելլայի խորանի պատին` Վատիկանում։ Նկարիչը աշխատել է որմնանկարի վրա չորս տարի՝ 1537 թվականից 1541 թվականը: «Ահեղ դատաստանը» համարվում է Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցներից մեկը։ Չնայած այն արտահայտում է աշխարհի կործանման գաղափարը, այնուամենայնիվ Հիսուսի կերպարում հեղինակը փառաբանել է մարդու գեղեցկությունն ու ուժը, ինչպես նաև հավատը բարու նկատմամբ։

Որմնանկարը հարուստ է սարսափահար, խելակորույս և հուսահատ բազմաթիվ կերպարներով, որոնցից մեկն էլ սուրբ Բարդուղիմեոսն է՝ ներկայացված Միքելանջելոյի ինքնանկարով:

Դեռ աշխատանքների ընթացքում որմնանկարը մի կողմից առաջացրել էր անսահման և անվերապահ հիացունք, մյուս կողմից՝ սուր քննադատություն: Նկարիչը, նույնիսկ, բախվել է հերետիկոսության մեջ մեղադրվելու վտանգին: «Ահեղ դատաստանը» դարձել էր կարդինալ Պավել IV-ի և Միքելանջելոյի հակամարտության պատճառ: Նկարիչը մեղադրվում էր անբարոյականության և անպարկեշտության մեջ, քանի որ ամենակարևոր քրիստոնեական եկեղեցում նկարազարդում էր մերկ մարմիններ՝ չծածկելով սեռը: Մանտովայի կարդինալը և դեսպանը կազմակերպել էին գրաքննության արշավ, որի նպատակն էր ոչնչացնել «անպարկեշտ» ֆրեսկոները:
Հռոմի պապի արարողապետ Բիաջիո դա Չեսենան, տեսնելով նկարը, հայտարարել է, որ «ամոթ է, որ նման սրբավայրում պատկերված են մերկ մարմիններ՝ այդքան անպարկեշտ տեսքով», և որ այդ ֆրեսկոն ոչ թե պապի մատուռին, այլ «հասարակական բաղնիքներին և պանդոկներին է հարիր»:

Ի պատասխան՝ Միքելանջելոն Չեսենային պատկերել է դժոխքում՝ մահացած հոգիների դատավոր Մինոս թագավորի տեսքով (ամենացածրի աջ անկյուն), ավանակի ականջներով՝ ակնարկելով նրա հիմարությունը, մերկ, բայց ծածկված նրա շուրջը փաթաթված օձով:
Պատմում են, որ երբ Չեսենան խնդրել է պապին պարտադրել նկարիչին մաքրել ֆրեսկոյի պատկերը, Պողոս III-ը կատակով պատասխանել է, որ իր իրավասությունը չի տարածվում դևերի վրա, և Չեսենան ինքը պետք է համաձայնության գա Միքելանջելոյի հետ

