«Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի ջանքերով, ՀՀ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների բարձր հովանու ներքո, սեպտեմբերի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը:
Այս առիթով զրուցել ենք «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010» և այս տարվա մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանի հետ:
– Գոհար ջան, ինչո՞ւ են պետք մեզ գեղեցկության մրցույթները:
– Գեղեցկության մրցույթներն անհրաժեշտ են Հայաստանը պատշաճ կերպով միջազգային նմանատիպ հարթակներում ներկայացնլու համար: Հայաստանում շատ գեղեցիկ աղջիկներ կան, որոնք պետք է հնարավորություն ունենան՝ ներկայանալու մրցույթներին և հայկական գեղեցկությունը ճանաչելի դարձնելու: Ես անձամբ մրցույթների մասնակցելու մեծ փորձ ունենալով՝ շատ եմ կարևորում որակյալ, լուրջ և արդար մրցակցությունը նախ մեր երկրում:
– Հնարավո՞ր է գեղեցկությունը չափանիշների մեջ տեղավորել, ինչպես դա անում են գեղեցկության մրցույթները:
– Գեղեցկության չափանիշները բոլոր երկրներում տարբեր են, և գեղեցկությունը շատ լայն ու սուբյեկտիվ հասկացություն է: Դժվար է սահմանել հստակ չափանիշներ, բայց բոլորս էլ սիրում ենք խնամված, մարզված և բնական արտաքինով աղջիկների: Միջազգային գեղեցկության մրցույթները չունեն հստակ չափանիշներ, մեր մրցույթը ևս որևէ չափանիշներ չի սահմանել՝ բացի տարիքային սահմանափակումից:
– Ի՞նչ է պակասում հայ աղջիկներին, ըստ Ձեզ:
– Հայ աղջիկներին պակասում է ինքնավստահությունը, ժպիտն ու կենսուրախությունը:
– Ո՞ր հատկանիշներն են հայուհիներին առանձնացնում աշխարհի մյուս կանանցից: Ո՞րն է մեր յուրահատկությունը:
– Հայուհիները չափազանց անձնազոհ են և նվիրված իրենք ընտանիքներին, բայց միևնույն ժամանակ հասցնում են լինել միշտ խնամված և գեղեցիկ:
– Ինչպե՞ս ընտրվեցին աղջիկները:
– Մեր «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի ջանքերով նախընտրական փուլերի արդյունքում ընտրվեցին 24 աղջիկներ, որոնց հետ ակտիվ աշխատում ենք՝ մրցույթին պատշաճ ներկայանալու և իսկական գեղեցկության տոն ստեղծելու համար:
– Հաղթողը կմասնակցի «Միսս Աշխարհ» մրցույթին: Ե՞րբ, որտե՞ղ է կայանալու այն: Որքանո՞վ է կարևոր մեզ համար այս տարի նման միջազգային մրցույթին մասնակցելը:
Այո, մեր մրցույթում հաղթող աղջիկը կմասնակցի «Միսս Աշխարհին», որը կկայանա նոյեմբերի 18-ին Չինաստանի Սանյա քաղաքում: Սա մեր մրցույթների պատմության մեջ կլինի առաջին անգամը, որ հայուհին հնարավորություն ունենա մասնակցել և Հայաստանը ներկայացնել միջազգային հեղինակավոր այդ մրցույթին: Այդ առումով էլ «Միսս Արմենիա 2017»-ը շատ կարևոր է:

