Logo

«Միսս դժոխք. անաստվածային կատակերգությունը» կրկին Կամերայինի բեմում է՝ նոր դերասանական կազմով

Հեղինակ
Նարինե Մելիքյան
20:26 / 29.03.2025• Լուրեր
null

«Միսս դժոխք. անաստվածային կատակերգություն» ներկայացման առաջին պրեմիերան 2001 թվականի դեկտեմբերի 21-ին էր։ Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Արա Երնջակյանի դերասանական կազմում այն ժամանակ  Լուիզա Ներսիսյանն էր, Քեթրին Մանասյանը, Արշալույս Հարությունյանը, Գրիգոր Բաղդասարյանը, Մանուկ Հախվերդյանը և Անդրանիկ Հարությունյանը։ 24 տարի անց  դժոխային կատակերգությունը նոր դերասաններով վերաբեմադրել է Արշալույս Հարությունյանը։ Դերասանական կազմում են Սենիկ Բարսեղյանը, Էվա Խաչատրյանը, Ավետ Զոհրաբյանը, Էրմինա Զախարովան, Դավիթ Աբրահամյանը և  Վիկտորյա Սահակյանը։ Ներկայացման պրեմիերան  2025 թվականի մարտի 12-ին էր։

Իրադարձություններ կատարվում են դժոխքում, որտեղ հայտնվելու ցանկություն են հայտնել հայերը: Սատանան էլ քաղաքական հայտնի արտահայտություններով նրանց համոզում է, որ Հայաստանից լավ տեղ չկա։ Սատանային մարմնավորում է Սենիկ Բարսեղյանը: Դժոխքի պոետը Ավետ Զոհրաբյանն է, ով ևս հավաքական կերպար է։ «Թատրոն ընդունվելուց ի վեր խաղում եմ վերաբեմադրված ներկայացումներում։ Այնպես է ստացվել, որ միշտ այդ դերը խաղացած են լինում այնպիսի դերասաններ, որ նրանցից հետո այդ կերպարը կերտելն ու նոր ձևով մատուցելը մեծ պատիվ է։ Այդպես էր նաև «Սասունցի David Copperfield» ներկայացումում։ Շատ կարևոր է, որ ներկայացումը չվերաբեմադրվի նախկինի նման։ «Միսս դժոխք. անաստվածային կատակերգությունը» Արշո Հարությունյանը բեմադրեց ամբողջությամբ նոր լուծումներով։ Շատ հետաքրքիր, դինամիկ ու մեկ շնչով նայվող ներկայացում է», - խոստովանեց դերասանը։ Նրա խոսքով՝ Կամերային թատրոնի բոլոր ներկայացումներն ունեն հետևյալ հատկությունը։ «Մարդիկ ամբողջ ընթացքում լիաթոք ծիծաղում են, իսկ վերջում՝ լրջանում ու հասկանում այդ ամենի ուղերձը։ Հաճախ պարոն Երնջակյանն ասում է՝ եկեք այս նախադասությունը փոխենք, այսպես ասենք։ Ինքն արդեն գիտի, որ հին ձևը հանդիսատեսին ոչինչ չի հասցնի, այդ պատճառով փոխում ու նոր բան է մտածում», - պատմեց Ավետը։

Ներկայացման կարևոր կերպարներից են մարմնավաճառները։ Աշխարհի հնագույն մասնագիտությունն ունեցող կնոջը մարմնավորել է Էվա Խաչատրյանը։ «Երբ նոր էի ընդունվում թատրոն, տեսել եմ ներկայացումը հին կազմով։ Ցավոք, գլխավոր դերակատար Գերոգի Ամիրաղյանն այլևս ողջ չէ։ Շատ տպավորիչ ներկայացում էր։ Այս անգամ Արշոյի գլխավորությամբ փորձել ենք նոր շունչ տալ ներկայացմանն ու լինել ժամանակին համընթաց։ Բեմական լուծումներն ու հագուստներն ավելի ժամանակակից են։ Արա Երնջակյանի պիեսները սովորաբար հոռետեսական կատակերգություններ են։ Այս պիեսում ևս շոշափվում է մեր իրականությունը։ Շոշափում ենք նաև մեր կյանքում եղած շերտերը, որոնք մենք հաճախ անտեսում ենք։ Դրանք են մեր փոքրությունը, մեր հարմարվելու հատկությունը, հայ տեսակի ըմբոստությունը։ Կան նաև քաղաքական շերտեր։ Բայց առանձնահատկությունն այն է, որ ամեն ինչ ներկայացվում է հումորով։ Դա շատ ավելի հաճելի կերակուր է, քան, երբ ասելիքդ տեղ ես հասցնում ուղիղ և  բաց տեքստով», - նշեց դերասանուհին։ Ըստ Էվայի՝ դերասանական այս կազմի ուրախությունն Ավետ Զոհրաբյանն էր։ «Ավետը մեր շարժիչն էր։ Նա միշտ ուրախ, պոզիտիվ գալիս էր փորձի և մեզ էլ էր ստիպում այդպես գալ թատրոն։ Դրականը ներարկում էր նաև մեր մեջ։ Շատ լավ է, որ երիտասարդ կազմը թատրոն մտնելիս ունենա այդ դրական շունչն ու արթնացնի մյուսներին», - անկեղծացավ Էվան։

Էրմինա Զախարովան ընդգծում է՝ Արա Երնջակյանի պիեսներն ունեն մեկ առանձնահատկություն։ Անկախ նրանից Շեֆը (Արա Երնջակյան, - հեղ․) դա գրել է 30, թե 40 տարի առաջ, միևնույն է՝ արդիական է։ «Ինձ համար շատ հետաքրքիր էր, որ այս ներկայացումում ես ունեմ կերպար, բայց խաղում եմ իմ անունով», - նշեց դերասանուհին։  

Լուսանկարները՝ դերասանների սոցիալական էջերից

fastnews-ads-banner