Ամերիկացի ռեժիսոր Մորգան Նևիլը վավերագրական ֆիլմ կնկարահանի «The Beatles» լեգենդար խմբի մասնակից և «Գրեմմի»-ի 16-ակի դափնեկիր Փոլ Մաքքարթնիի մասին։ Նախագծի աշխատանքային անվանումն է՝ «Man on the Run»:
Ըստ Deadline-ի՝ ֆիլմի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Կինոժապավենը նվիրված կլինի Մաքքարթնիի կյանքին՝ 1969 թվականին խմբի փլուզումից հետո։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է արտիստը «բախվում բազմաթիվ խնդիրների, բայց ստեղծում նոր երաժշտություն, որն ի վերջո դառնում է ամբողջ տասնամյակի սաունդթրեքը»:
Վավերագրական ֆիլմում նշանակալի տեղ կհատկացվի Փոլ և Լինդա Մաքքարթնիների հարաբերություններին։ Նշվում է, որ նրանց սերն օգնել է արտիստին գտնել սեփական ձայնը հանրաճանաչ խմբում գտնվելուց հետո՝ հանգեցնելով «Wings» խմբի ստեղծմանը։
«Ես տարված եմ այն ամենով, ինչ կապված է Մաքքարթնիի հետ, և միշտ զգացել եմ, որ 1970-ականները նրա պատմության թերագնահատված մասն են: Ոգևորված եմ, որ կարող եմ ուսումնասիրել և վերագնահատել մեծ արտիստի կյանքի և ստեղծագործության այդ որոշիչ պահը», - մեկնաբանել է Մորգան Նևիլը:


