ԴՊԻՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆՑԻՆ. ԴՈՐՊԱՏ
Հատվածներ
Նոր oր, նոր հունվար, նո՞ր արդյոք և իմ մեջ եղած կրքրի կրականալը, քավ լիցի, նույն, որ հնանում է և նույն, որ նորոգվում է, նորոգվում է հնանալով, և հնանում է նորոգվելով, հասկացիր սիրողիդ և սիրելիիդ սերը, որոնց կայծը ցոլանում է հոգուս մեջ, ցոլանում է և ուժգին հրդեհում իմ ներքինս։
Գիտեմ, որ Արեգ ամսվա մեջ եթերաճեմ արևը վերստին մտնում է իր նախկին կենդանակերպ խոյի մեջ, իսկ քեզ պանդուխտիդ ե՞րբ վերադարձ պիտի լինի քո հայրենիքը, չգիտեմ։ Այս իմ խոսքերը ես ասում եմ այն պատճառով, որ ես երբեք չեմ ուզում մոռացության տված լինել քեզ, հոգուս միակ սիրածիդ, թեև չկարողանամ ինչ որ սուրբ սիրո օրենքն է պահանջում, լիակատարորեն կատարել։ Հանցանք է այսքան ժամանակ ուշացնելս գրելուս ժամանակը, բայց մեծահույս եմ, որ եղբայրությանդ դեպի ինձ ունեցած անարատ սերը, ինքը կարդարացնե պատահմամբ եղած այս թերությունս։
Աղաչում եմ քեզ, եղբայր, աղաչում եմ մտադիր եղիր, սրտադյուր խնդությամբ աշխատիր առաջ գնալ հայրենասիրության ասպարեզում, որին լրիվ չափով նվիրել ես կյանքդ։ Ես ինքս հաճախ փորձել եմ, որ միայնությունն օտարության մեջ երբեմն առաջ է բերում մարդուս մեջ սրտնեղություն, բայց դու զվարթ կաց, Խաչատուրս, ես քեզանից հեռու չեմ, որտեղ էլ որ լինես, մոտդ եմ գտնվում հոգով և մտքով, թեպետ և կովկասյան լեռներն ընկած են իմ և քո միջև։ Քեզ համար այսօր Դորպատը թող հայրենիք համարվի, քան ինձ համար՝ Հայաստանը։
Իմ ներկա վիճակը ոչ եկեղեցականի և ոչ էլ հոգևորականի վիճակ է․ այն օրից, երբ ես իսպառ հրաժարվեցի Էջմիածնի ծառայողների կրքերին ծառայելուց, ապրում եմ, ինչպես ապրում են պանդուխտներն անծանոթ երկրում, այո, ապրում եմ, բայց աղքատիկ կյանքով, լուռ ու մունջ ընկած ս. Սարգիս կոչված ավերակ ուխտատեղում, ծերունի Հ․ Մանվելի հետ [Գյումուշխանցի]․ խաշվում եմ, այրվում եմ, երբ տեսնում եմ վայրագների հաջողությունը։ Ինձ մնացել է միայն մի մխիթարություն, այն, որ անհամեմատելի Հ․ Աալլանթյանը հոգով չափ աշխատում է, տքնում է մի միաբանություն հիմնել Մխիթարյանների նման, ինչպես գիտեք, և մեզ իր գոգը հավաքել, բայց, ո՜հ, ինչպես ամեն անգամ եղել է, այժմ էլ խափանարկու արգելքներ են առաջ գալիս։ Եղբայր իմ, մեր իղձը մեր մեջ մեռնում է և մեզ էլ իր հետ մեռցնում է։ Իմ հույսը քո վրա է, Խաչատուրս , Խաչատուրս, Խաչատուրս։ Վառված ենք հոգով ես և առավել իմ հոգեկից Առաքել դպիր Արարատյանը, բայց մեր ձեռքից բան չի գալիս։ Իմ հույսը քո վրա է, Խաչատուրս, Խաչատուրս, Խաչատուրս։
Չեմ կարող շուտով գրավոր տեղեկություն ստանալ ընտանիքիցդ նրանց վիճակի մասին...Բավական կլինի ձեզ այժմ իմանալ, թե նրանք առողջ են և լավ, որոնց հետ միասին և ես աղոթող լինելով անհամեմատ սիրելիիդ ցանկալի կենդանության, համարձակորեն գոչում եմ. «ես Խաչատրին և Խաչատուրն ինձ»։
Մսեր Մսերյանց
Տփխիս, 1832 թվի հունվարի 25
Աղբյուրը՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ֆեյբուքյան էջ:


