Logo

#mustread. 5 հայ դասական պատմավեպ, որ պետք է կարդա յուրքանչյուրը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 27.07.2020Թոփեր
patmaveeep - #mustread. 5 հայ դասական պատմավեպ, որ պետք է կարդա յուրքանչյուրը

Այսօր առանձնացրել ենք մի քանի հայ պատմավեպեր, որոնք ոչ միայն թույլ կտան պատկերացում կազմել տարբեր պատմական իրադարձությունների մասին, այլև կապահովեն հետաքրքիր գրական ժամանց։

«Գևորգ Մարզպետունի»

Մուրացան

Մուրացանը վեպում պատկերում է Հայաստանը 10-րդ դարում՝ արքա Աշոտ Բ Երկաթին, իշխան Գևորգ Մարզպետունուն, հայ-արաբական պատերազմը, երկրի ներսում տիրող իրավիճակը, տարբեր իշխանների ու նախարարների քաղաքականությունը և այլն։ Վեպը հիմնված է իրական պատմական փաստերի վրա։ «Գևորգ Մարզպետունի»  պատմավեպը հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է։ Պատմավեպը գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին, Թիֆլիսի «Արձագանք» ամսագրում։ Առանձին գրքով այն լույս է տեսել 1912 թվականին։

«Ազգերի զորությունը ընտանիքների մեջ է: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ: Այն գեղջուկ խրճիթները, որոնց մեջ ապրում են ցնցոտիներով ծածկված մանկտիք, որոնց շատ անգամ արհամարհում են մեծամեծ իշխաններ, նույնիսկ դրանք են, որ ամփոփում են իրենց մեջ հայրենիքի ուժը: Սիրեցե՛ք միմյանց, այդ սերը կերջանկացնի ձեզ և ձեր զավակներին»:

«Վարդանանք»

Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյանը ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում` մասնավորապես պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, ուզում էին հայ ժողովրդին պարտադրել իրենց հավատը։ Պատմավեպը  գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին, որպեսզի բարձր պահի ռազմաճակատում գտնվող հայ զինվորների մարտական ոգին։

«Այս հավատից չեն կարող խախտել մեզ ո՛չ հրեշտակ, ո՛չ մարդիկ, ո՛չ հուր, սուր: Այլևս դու այս ամեն բանի մասին մեզ մի հարցնի, որովհետև ոչ թե մարդու հետ է մեր հավատի ուխտը, որ խաբվենք իբրև երեխաներ, այլ անխզելի է Աստծո հետ, որ չի կարելի քանդել և հեռու նետել ո՛չ այժմ և ո՛չ ապա, և ո՛չ հավիտյանս, և ո՛չ հավիտենից հավիտյանս:»

«Սամվել»

Րաֆֆի

Գործողությունը տեղի է ունենում IV դարում Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում է Արշակ Բ-ին, և Հայաստանը մնում է անպաշտպան, Շապուհը Արշակ Բ-ին պահում է Խուժիստանի Անհուշ բերդում։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին, իսկ Շապուհը Մերուժան Արծրունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է եղբոր՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Րաֆֆին «Սամվելը» սկսել է գրել է 1884 թվականին և ավարտել է 1886 թվականին ։ Առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Արձագանք» շաբաթաթերթում։ Առանձին գրքով առաջին անգամ լույս է տեսել 1888 թվականին։ «Սամվելը» համարվում է հայկական գրականության լավագույն կոթողներից մեկը։

«Ժողովրդի բերանում ստեղծվել էր մի նոր բառ -Ուրացող: Ով էր ուրացողը  ով չէր ուրացողը: Բայց կասկածավորին քարկոծում էին : Ծառան խեթ աչքով էր նայում յուր տիրոջը, իսկ տերը վստահություն չուներ ծառայի վրա:»

 

«Խենթը»

Րաֆֆի

Վեպի գլխավոր հերոսը Վարդանն է, որը ստանձնում է օգնություն խնդրող նամակը հասցնել ռուսական բանակի հրամանատար Տեր-Ղուկասովին: Սալմանը, քայլում է գյուղից գյուղ, փորձում է դպրոցներ հիմնել և հիմքից ձևափոխել հայ մտածելակերպը: Պայքարի ջատագով է նաև Մելիք-Մանսուրը, որը չարչի ձևանալով տեղեկատվություն և զենք է մատակարարում: Վարդանը սիրում է տանուտեր Խաչոյի աղջիկ Լալային, որին տղայի զգեստներ են հագցնում և Ստեփանիկ են անվանում։ Նրան սիրում են նաև Ֆաթթահ Բեկը և Էֆենդին: Թովմաս Էֆֆենդու մեքենայությունների արդյունքում ձերբակալվում են Խաչոյի որդիները, Սալմանը, Վարդանը: Լալան փախուստի է դիմում: Թուրքերի կոտորածներից փրկվելու համար ամբողջ Ալաշկերտի գավառը գաղթի ճամփան է բռնել, Լալան նրանց հետ միասին գաղթում է Վաղարշապատ, ուր և ծանր հիվանդանում ու մահանում է: Վարդանը, որը ձերբակալումից հետո հայտնվել էր Բայազետի բերդում, նամակը Տեր-Ղուկասովին հասցնելուց հետո սկսում է փնտրել Լալային, սակայն գտնում է միայն նրա գերեզմանը: Լալայի շիրիմը գրկած Վարդանը տեսիլքների մեջ տեսնում է ապագայի իր երազանքների Հայաստանը…

«Համբերությունը մահ է… գերեզմանի մեջ է միայն մարդ համբերող դառնում: Մեր տանուտերերը, մեր վարդապետները մեզ համբերություն են քարոզում… Ախար նրանք քանդեցին մեր տունը և այս ստրկական վիճակին հասցրին մեզ: Եթե կա մի բան, որ կարող է փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է՝ բողոքը, ինչ կերպով և հայտնվելու լիներ նա…»

«Երջանիկ է այն ժողովուրդը, որ ատել գիտե: Նա, ով ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացումից…»

«Վերք Հայաստանի»

Խաչատուր Աբովյան 

Այս կամ այն ազգի կենսունակությունը որոշվում է 3 հատկանիշներով՝ ֆիզիկական ուժ, հոգևոր կարողություն և բարոյական միասնություն։ Ունի՞ արդյոք հայ ժողովուրդն այդ հատկանիշները։ Աբովյանը այս հարցին միանգամայն դրական պատասխան է տալիս։ Ազգային գոյության առաջնային հիմունքներից է հոգևոր հարստությունը։ Այստեղ նույնպես Աբովյանը բացառիկ կարողություններ է վերագրում հայ ժողովրդին։ Ամենից ավելի անփոխարինելի արժեքներ են կրոնը և լեզուն։ Վեպի էջերում Աբովյանը կապակցում է հայ ժողովրդի ամբողջ կենսագրությունը, հիշատակում երևելի թագավորների ու հերոսների անուններ, պատմում բերդերի ու ավերակների հետ կապված ավանդություններ, ցույց տալիս նախնիների մեծագործությունները օտար նվաճողների դեմ մղած պայքարում: Նա կապ է հայտնաբերում անցյալի և ներկայի միջև` ապացուցելու համար, որ ֆիզիկական այդ ջիղը բնավ չի անհետացել և տակավին գործում է Աղասու և իր ընկերների, Խլղարաքիլիսայի ու Ապարանի քաջազուն հերոսների երակներում: Խաչատուր Աբովյանի կողմից 1841 թվականին գրված պատմական այս վեպը դասվում է այնպիսի գործերի շարքին, ինչպիսիք են Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը» և Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը։

«Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՛մ, ձեր արևին ղուրբա՛ն․ տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցե՛ք։ Մեկ դարտակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բաս չե՞ք ուզիլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ։ Ինչ կուզե ֆրանցուզերեն, նեմեցերեն գիտենանք, մենք չենք կարող էնպես բան գրիլ, որ նրանց միջումն անուն ունենա, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն՝ ուրիշ, մեկ էլ, որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիվ կա, ո՛չ հեսաբ»։


fastnews-ads-banner