Logo

Մոնա Լիզայի 5 առեղծվածային վարկածները

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 10.10.2017ՄՇԱԿՈՒՅԹ
mona lisa vladimir novakovic - Մոնա Լիզայի 5 առեղծվածային վարկածները

Հազարավոր մարդիկ ամեն օր ամուր ապակու ետևում տեսնում են նրան՝ երբեք չծերացող գեղեցկուհուն: Նա ժպտում է, աչքերով պատմում իր գաղտնիքները, չհասկանալուդ դեպքում քմծիծաղ տալիս ու հայացքը թեքում:

Ճիշտ կռահեցիք, խոսքը Լեոնարդո դա Վինչի անունը կրող հանճարի աշխարհահռչակ «Մոնա Լիզայի» մասին է: Այն նույն նկարի մասին, որ Ֆրանսիայի թագավոր Ֆրանցիսկո 1-ինը դա Վինչիի մահից հետո գնեց 4000 ոսկեդրամով և կախեց այն լոգարանում, որտեղ ընդունում էր սիրուհիներին: Իսկ «Մոնա Լիզայի» մերկ տարբերակը փակցված էր թագավորի ննջարանում: Պատկերի հերթական տերերից էր նաև Նապոլեոնը, որն այնքան սիրահարված էր նրան, որ կախել էր Տյուիլրի պալատի իր ննջարանից: Նա նույնիսկ պատկերին դիմում էր «Տիկին Լիզայով»:

Սա հենց այն նույն դիմանկարն է, որի մասին հյուսվել են տասնյակ վարկածներ, տեսակետներ ու, ինչո՞ւ ոչ, նաև միֆեր: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Վարկած 1

Ջորջո Վազարիի հայտնի «Կենսագրություններում», հեղինակը պատմում է, որ դա Վինչիի պատկերած դիմանկարը պատկանում է վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կնոջը՝ Մոնա Լիզային (Լիզա դել Ջոկոնդո): Դա Վինչին այն նկարել էր զույգի նոր բնակարանի ու երրորդ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ, սակայն այդպես էլ չէր ավարտել: Այս վարկածը, սակայն, կասկածի տակ է դրված մի շարք արվեստագետների կողմից: Ըստ նրանց, Վազարին ընդամենը 8 տարեկան է եղել, երբ Լեոնարդոն մահացել է, ուստի նա չէր կարող անձամբ ճանաչել ո՛չ նկարչին, ո՛չ էլ նրա բնորդուհուն:

Վարկած 2

Այս վարկածն առաջադրում է հետևյալը՝ Լիզա դել Ջոկոնդոն իսկապես եղել է այս պատկերի բնորդուհին, պարզապես Լեոնարդոն այդ ժամանակ սիրահարված է եղել իր մորը (Էդիպի բարդույթ), ուստի ինքնաբերաբար սկսել է մոր պատկերը նկարել, և այդ է պատճառը, որ նկարը չի տվել Ջոկոնդոյին: Այս վարկածի մասին առաջին անգամ խոսել է Զիգմունդ Ֆրեյդը, իսկ ավելի ուշ այս կարծիքին է եղել նաև նկարիչ Սալվադոր Դալին:

Վարկած 3

Շատերը կարծում են, որ նկարում պատկերվածը ոչ թե կին  է, այլ տղամարդ, քանի որ չնայած իր նրբությանը, Մոնա Լիզան իրեն յուրահատուկ կոպտություն ունի, որը տղայի է հիշեցնում: Նկարի հետազոտողներից մեկը՝ Սիլվանո Վինչենտին, վստահ էր, որ բնորդը իրականում երիտասարդ տղա է եղել՝ կանացի զգեստով: Ավելին՝ տղան դա Վինչիի աշակերտներից մեկն է՝ Սալաին, որը նաև պատկերված է նկարչի «Մարմնացյալ հրեշտակ» և «Հովհաննես Մկրտիչ» նկարներում ու կրում է Մոնա Լիզայի նույն ժպիտը: Դեռ Վազարին իր գրքում նշել է դա Վինչիի ու Սալաինի յուրահատուկ կապի մասին: Իսկ գտնված փաստաթղթերից մեկում էլ նկարչին մեղադրում են 17-ամյա Ջակոպո Սալտարելիի նկատմամբ մեղք գործելու մեջ: Կան նաև այլ վկայություններ, որտեղ դա Վինչին ներկայացված է որպես արվամոլ:

St. John the Baptist - Մոնա Լիզայի 5 առեղծվածային վարկածները
«Հովհաննես Մկրտիչ»

Վարկած 4

Հերթական վարկածն առաջարկում է, որ Մոնա Լիզան տառապում էր «Դաունի» հիվանդությամբ: Այս տեսակետն արտահայտել է լուսանկարիչ Լեո Վալանը, որից հետո դանիացի բժիշկ Ֆին Բեքեր-Քրիստիանսոնը հայտարարեց, որ բնորդուհին դեմքի բնածին կաթված ունի: Նա այդ կարծիքին հանգել էր անհամաչափ ժպիտի պատճառով, որը վկայում էր հոգեկան շեղումների մասին: Իսկ բժիշկ Խուլիո Կրուսն իր «Հայացք Ջոկոնդային՝ բժշկի աչքերով» գրքում հավաքել էր մի շարք հետազոտողների կարծիքներ. ըստ նրանց բնորդուհին տառապում էր մազաթափությամբ, պիորեայով (ատամների թափվելն ու շարժվելը), ալկոհոլիզմով, շլաչքությամբ, ասթմայով ու կատարակտով: Հարց է առաջանում. ինչպե՞ս էր նա գոյատևում:

Վարկած 5

Ամերիկուհի Լիլիան Շվարցն իր հետազոտություններում առաջարկում էր, որ «Մոնա Լիզան» ինքնադիմանկար է: Այս տեսությունն ավելի մեծ տարածում գտավ, երբ մի գծանկարիչ 1980-ականներին համեմատեց  դա Վինչիի «Տուրինյան ինքնադիմանկարն» ու «Մոնա Լիզայի» պատկերը, և հայտարարեց, որ նրանց աչքերի միջև հեռավորությունը, ճակատը, գլխի ձևը նույնն են:

01067947 - Մոնա Լիզայի 5 առեղծվածային վարկածները

Իհարկե կան 5-ից ավելի վարկածներ, որոնցից մեկում բնորդուհին հղի է, մյուսում Լեոնարդո դա Վինչիի հայտնի կոդի գլխավոր մասն է, մեկ այլ վարկածի համաձայն էլ նրա դիմանկարը առաջին 3D պատկերն է և այլն:

Վարկածները, այո՛, շատ են, իսկ պատկերը միայն մեկն է՝ առեղծվածային ու աշխարհահռչակ «Մոնա Լիզան»:

 


fastnews-ads-banner