Newmag-ը հրատարակել է Նաիրա Սահակյանի «Խաղաղության հայկական գինը» գիրքը:
Նկարագրություն
Հայ միտքը 100 տարի առաջ ներշնչված էր եվրոպական արժեքներով։ Առաջ սոցիալիզմն էր, այժմ՝ ժողովրդավարությունը։ 100 տարի առաջ էլ, այսօր էլ գլխավոր հարցը մնում է նույնը՝ ի՞նչ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։
Օսմանյան, իրանական ու ռուսական կայսրություններում հայերն անցած դարասկզբին ակտիվորեն մասնակցում էին ապագային միտված գաղափարական քննարկումներին: 1917-ի կովկասյան իրադարձություններն ի ցույց դրեցին հայ քաղաքական գործիչների և մտավորականների գաղափարական տարբերությունները։ Վերաիմաստավորվեց Կովկասի դերը։ Այն հայոց հնագույն թագավորության մասնիկն էր, հետևաբար հայկական ինքնավար գոյության, հետո նաև պետության վերականգնման տարածքը։
- Որո՞նք էին հայկական կուսակցությունների ակնկալիքները ցարական կառավարությունից, ապա բոլշևիկյան իշխանությունից։
- Արևմտյան Հայաստանի ճակատագիրն ինչո՞ւ էր հայերին բաժանել լենինյան ու պլեխանովյան գաղափարական ճամբարների։
- Ինքնորոշման իրավունքի մասին հայերի պատկերացումները 100 տարի առաջ. ի՞նչ է փոխվել։
Հեղինակի մասին
Նաիրա Սահակյանը (ծնվ.1988 թ.) ուսանել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում։ 2021-ին Ամստերդամի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն և ստացել փիլիսոփայության դոկտորի կոչում։ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող է, դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում և Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2022-23 թթ.հրավիրված գիտնական՝ Քեմբրիջի համալսարանում։ Routledge հեղինակավոր հրատարակչությունը լույս է ընծայել նրա հեղինակած «Մուսուլման ռեֆորմիստներն ու բոլշևիկները» մենագրությունը։ Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։