VNewsCulture-ի զրուցակիցն է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի պարուհի Նարե Մարկոսյանը:
- Նարե, ողջույն: Շնորհակալ եմ այս հանդիպման համար: Ի տարբերություն քո բազմաթիվ խաղընկերների, որոնք բալետում հայտնվել են պատահական, դու գիտակցված ես ընտրել պարի ուղին:
-Այո, շատ ճիշտ ես: Ես ծնվել եմ պարողների ընտանիքում: Հայրս պարահանդեսային պարերի մասնագետ է, մայրս` հայկական ժողովրդական պարերի: Երկու քույր ունեմ, երկուսն էլ հայրիկիս մոտ են պարել: Մեծ քույրս և՛ հայրիկիս մոտ էր հաճախում, և՛ Պարարվեստի ուսումնարան: Քույրիկս պետք է «Մարդուկ ջարդուկ» բալետում Մաշայի «պա-դե-դե»-ն պարեր: Սակայն ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ: Շատ ընկճված, կոտրված տուն եկավ ու ասաց, որ ինքը չի պարելու: Ու ես իմ մտքում որոշեցի, որ ես իր փոխարեն պետք է պարեմ: Հաջորդ օրը ծնողներիս ասացի, որ ուզում եմ հաճախել Պարարվեստի ուսումնարան: Ես այդ ժամանակ ընդամենը 8 տարեկան էի: Հայրս ասաց․ «Նարե՛, վերջնակա՞ն ես որոշել»: Հայրս գիտեր՝ ուր էի գնում, բայց ես ասացի, որ վստահ եմ իմ որոշման մեջ ու պետք է ընդունվեմ: Ուսումնարանում որքան հիասթափություններ լինում էին բալետի հետ կապված, այնքան ավելի շատ էի պարապում: Ու չէի կոտրվում: Վերջապես երրորդ կուրսում ես պարեցի Մաշայի «պա-դե-դե»-ն: Քույրիկիս կանչեցի ետնաբեմ ու ասացի, որ այս ամենն իր համար եմ անում․․․
Վրե՞ժ էր։
-Կարելի է ասել՝ այո, վրեժ էր: Երբ տեսա այն ցավը, որ իմ քույրն ունեցավ, ես ցանկացա, որ ինքը մի փոքր ուրախ լինի: Դա վրեժ էր անարդարության դեմ, քանի որ ես տեսել էի, թե ինչպես է տանջվել, որքան է աշխատել, ու այդքան տանջվելուց հետո ինքը չէր պարելու: Պետք է ես իր փոխարեն ավարտին հասցնեի:

Իսկ հիմա ինչի՞ համար ես բալետ պարում:
-Սկզբում ոչ թե չէի սիրում բալետը, այլ ինձ այդքան էլ հետաքրքիր չէր: Հետո արդեն սիրահարվեցի բալետին, և ուղղակի առանց բալետի չկարողացա պատկերացնել իմ օրը, իմ կյանքը: Բալետում ամեն ինչն եմ սիրում, բայց առավելապես բեմն եմ սիրում, ու գիտեմ, որ բեմն էլ ինձ է սիրում: Մենք իրար շատ ենք սիրում:

«Մարդուկ ջարդուկ» բալետ
Ցանկություն չկա՞ «Մարդուկ ջարդուկ» բալետում Մաշայի «պա-դե-դե»-ն նաև թատրոնում պարել:
-«Մարդուկ ջարդուկ» բալետում ես Արևելյան պարը և Գանգուր գառների (Барашки-кудряшки) պարն եմ պարել: Մաշան իմ ցավն էր՝ մանկությունից եկող, որ պետք է ներկայացնեի: Իհարկե, ցանկություն կա նաև թատրոնում Մաշա պարելու, և այդ ժամանակ վրեժը կատարյալ կլինի: Ինչ վերաբերում է, թե երբ, կարծում եմ՝ ամեն ինչ առջևում է (Ծիծաղում է - Հեղ․):

Դու խոսեցիր անարդարությունների մասին: Հաճա՞խ ես հանդիպում անարդարությունների հենց բալետում:
-Իհարկե հանդիպում եմ, բայց դա ինձ չի կանգնեցնում: Հակառակը՝ ինձ ավելի է ուժեղացնում, և սկսում եմ ավելի շատ աշխատել ու աշխատել:
Բալետային թատերախմբում դժվար է: Բացի ամենօրյա ֆիզիկական ցավից, որ արտիստն ապրում է բեմում կամ փորձերի ժամանակ, կա նաև հոգեբանական ճնշում: Մեկը լավ է պարում, մյուսը լավ թռիչքներ է անում․․․
-Կա նման բան (Ծիծաղում է - Հեղ․): Երբ ես մտնում եմ դահլիճ, ոչ մի բանի մասին չեմ մտածում: Միայն ուզում եմ պարապել ու իմ պարից հաճույք ստանալ, ու այդպես էլ լինում է: Ո՛չ մարդիկ, ո՛չ այդ խոսակցությունները, համեմատություններն ինձ չեն խանգարում կամ օգնում: Ես իմ աշխարհում եմ ապրում ու երազում, և ինձ դուր է գալիս իմ աշխարհում ապրելը:

Իսկ ինչպիսի՞ն է քո աշխարհը:
-Դեղին, միայն դեղին, արևի պես պայծառ: Շատ եմ սիրում դեղին գույնը:
Ինչպե՞ս ես հայտնվել Օպերային թատրոնում:
-Երբ Պարարվեստի ուսումնարանն ավարտեցի, մի քանի օր անց ծնողներս մեկնեցին ԱՄՆ: Եվ ես լրիվ մենակ էի: Այդ ժամանակ իմ դասարանցիներն իրենց ծնողների հետ գալիս էին օպերային թատրոն, որպեսզի տնօրենի հետ խոսեին ու հասկանային՝ կարո՞ղ են պարապել թատրոնում, թե՞ ոչ: Ես վերջում մենակ կանգնած խելոք սպասում էի: Եվ այդ ժամանակ բալետի տեսուչն ինձ ասաց՝ «Եթե սպասում ես, որ գաս, ընդունվես թատրոն, ապա ասեմ քեզ, որ մենք տեղ չունենք»: Ես արդեն պատրաստվում էի դուրս գալ, ուղղակի չգիտեի մուտքը: Ու Արմեն Գրիգորյանը՝ բալետային խմբի նախկին ղեկավարը, իր սենյակի դուռը բացեց, ես հենց դիմացն էի կանգնած, ու ինձ ասաց՝ «Նարե ջան, ո՞ւր ես գնում, նոր ես եկել»: Ինձ ասաց․ «Դու պարապիր, մենք կտեսնենք՝ ոնց կլինի»: Անցավ երեք շաբաթ, և ինձ ընդունեցին օպերային թատրոն: Ինձ համար դա շատ մեծ զարմանք էր, որովհետև այդ տարիներին ուսումնարանն ավարտելուց հետ աղջիկներին մեկ տարի պետք էր գոնե, որ վերապատրաստվեին, ծանոթանային խաղացանկին: Իսկ ինձ միանգամից ընդունեցին, և ես շատ զարմացած էի:

Ըստ քեզ՝ ինչի՞ համար քեզ ընդունեցին:
-Անկեղծ՝ չգիտեմ (Ծիծաղում է - Հեղ․): Ես տվյալներով օժտված չեմ, շատ աշխատասեր եմ, բայց բալետային տվյալներ գրեթե չունեմ: Ես իմ օրինակով կարող եմ ասել, որ բալետում բավական շատ բան կարող է լինել ձեռքբերովի: Ես ինքս ամեն ինչ ձեռք եմ բերել, ինձ լիովին քանդակել եմ բալետի համար, ու դեռ շարունակում եմ քանդակել: Ինձ մոտ ավելի լավ թռիչքներն են ստացվում: Բայց աշխատում եմ, որ բալետի համար պահանջվելիք մնացած բոլոր չափանիշներով էլ չզիջեմ:
Ինչպե՞ս ես մոտենում քո կերպարներին:
-Բավական զգույշ ու մեծ պատասխանատվությամբ: Սկզբում ուսումնասիրում եմ կերպարը, հետո սիրահարվում եմ, հետո սիրում եմ դերը: Կերպարին այնպես եմ վերաբերում, ինչպես մարդուն: Շատ հաճախ ինձ հարցնում են, թե ո՞ր դերն եմ ամենաշատը սիրում: Դա ես նույնացնում եմ այն հարցին, երբ երեխային հարցնում են՝ մամայիդ ես շատ սիրո՞ւմ, թե՞ պապայիդ: Երկուսին էլ հավասար սիրում եմ: Չեմ կարող առանձնացնել որևէ դեր: Ինձ թվում է՝ եթե մեկին առանձնացնեմ, մյուսներն ինձանից կնեղանան: Չեմ կարող ասել՝ ավելի շատ սիրում եմ խաղարկային դերեր, թե լիրիկական, որովհետև երկու կերպարում ես ինձ տեսնում եմ, ու վստահ եմ, որ կկարողանամ լավ պարել:

«Ձգողականություն» բալետ
Խոսեցինք լիրիկական կերպարների մասին: Քեզ մոտ վերջերս պրեմիերա էր: «Ձգողականություն» բալետում դու մարմնավորում էիր Սեդային՝ բավական քնքուշ ու նուրբ կերպարի:
-Սեդայի դերի հետ կապված․․․․ Գիտեք, այդ կերպարն ինձ մտածելու առիթ շատ է տվել: Եվ ես այդ դերի ազդեցության տակ եմ հիմա: Դերի շնորհիվ իմ մեջ հիմա երկու մարդ է ապրում՝ և՛ շատ ուժեղ, և՛ շատ փխրուն: Սեդան ինձ շատ հայ է դարձրել: Լևոն Շանթի «Հին աստվածներ»-ի հիման վրա ստեղծված այդ բալետն ինձ համար ուղղակի շատ հանճարեղ է ստացվել: Նարինեի, Արա Ասատուրյանի, Վաչե Շառաֆյանի, Կարեն Դուրգարյանի համագործակցությունը հիանալի էր:
Դու սպասո՞ւմ էիր, որ այդպես կպարես: Շատերից եմ լսել դրական խոսքեր քո պարի ու կերպարը կերտելու առումով:
-Գիտես ինչքան փորձ ենք արել՝ օր ու գիշեր թատրոնում էինք լինում, որ լավ ներկայանայինք: Հատկապես ներկայացման մեջ իմ խաղընկերոջը՝ Գոռին եմ ուզում շնորհակալություն հայտնել՝ թե՛ իմ, թե՛ իր դերի նկատմամբ հարգանքի համար: Որքան հարկավոր լիներ, այդքան փորձ կանեինք, որքան էլ ուշ լիներ՝ կմնար: Ու միայն նա չէ: Բոլորս շատ մեծ ոգևորությամբ աշխատում էինք:
Հե՞շտ է ստացվել Սեդայի կերպարը:
-Ինձ թվում էր՝ Սեդան հենց ես եմ: Ու դրա համար էլ ինձ շատ հեշտ տրվեց Սեդայի կերպարը, նրա զգացմունքներն ու հոգեվիճակը ճիշտ արտահայտել: Այդ պատմության մեջ բոլորը շատ դժբախտ մարդիկ են․ շատ տխուր էր դա ընկալելը: Մենք շատ հաճախ հրաժարվում ենք սիրուց, երջանկությունից հանուն ինչ-որ գաղափարների, ինչ-որ սկզբունքների:
Այո, շատ հաճախ, բայց արդյոք դա ճի՞շտ է: Մի՞թե այս կյանքում ամենակարևոր բանը չէ անձնական երջանկությունը:
-Չգիտեմ, մտածելու առիթ ինձ տվեցիք այդ հարցով: Բայց, կարծում եմ, եթե երիտասարդ աբեղան ընտրեր Սեդային, նա երջանիկ կլիներ: Թե՛ աբեղան, թե՛ վանահայրը տառապում են, ու դա շատ ցավալի է:

«Սիմֆոնիկ պարեր» բալետ
Երբեմն ցավ կամ ափսոսանք չկա՞, երբ ներկայացման սյուժեն չի ավարտվում այնպես, ինչպես դու ես ցանկանում կամ տեսնում:
-Իհարկե կա, շատ մեծ ցավ կա: Մանավանդ ես իմ յուրաքանչյուր կերպարին իմ սրտին շատ եմ մոտ ընդունում, ինչպես ասացի՝ սիրում եմ մինչև վերջ, ու դրա համար էլ ափսոսանք կա, որ կերպարը դժբախտ է կամ պատմությունը տխուր վերջաբան է ունենում: Երբեմն սիրտս ուզում է իր կողմից ինչ-որ բան ավելացնել, բայց դե գիտեմ, որ դա հնարավոր չէ:
Կա՞ն երազանքի դերեր:
-Ֆրիգիան: Ուսումնարանում եմ պարել, հետո Մոսկվայում մրցույթի ժամանակ Ֆրիգիայի դերով գրավել եմ առաջին հորիզոնականը․ Րաֆֆի Գալստյանի հետ էինք պարում: Երրորդ ակտի ադաջիոն շատ եմ սիրում, ու այդպես սիրահարված սպասում եմ, որ մի օր Ֆրիգիա կպարեմ: Ժիզելն եմ շատ սիրում, անիրական բալետ է ինձ համար: «Դիմակահանդես»-ում Նինայի կերպարն եմ շատ սիրում, բայց Նինան ավելի հասուն կերպար է, ու ես համեստորեն կսպասեմ Նինային: Յուրաքանչյուր դեր այնքան առանձնահատուկ է, ու ամեն մեկն իր աշխարհն ունի:

«Երազ» բալետ
Դու «Երազ» բալետում ես պարում:
-Առաջին անգամ հենց Ժակլին Սարխոշյանն է պարել այդ ներկայացման մեջ: Եվ ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել հենց իր դերը: Երբ ես պարում էի, ներկայացումից հետո բոլորն իրեն մոտեցել ու շնորհավորել են, ու ասել, որ շատ լավ է պարում քո աղջիկը: Այդքան ինձ Ժակլինին են նմանեցրել: Մենք այդ պահին ծիծաղում էին, բայց ես հասկացա, որ նա ինձ երեխայի պես էր ընդունում, դրա համար էլ բեմից այդպես էր ընկալվել: «Երազը» էմոցիոնալ ներկայացում է, շատ բարդ է: Ե՛վ տեխնիկապես ես ծանրաբեռնված, և՛զգացմունքային առումով պետք է ներկայացնես կերպարը։

Ես քո Youtube-յան էջն էի ուսումնասիրում, այնտեղ շատ հետաքրքիր հոլովակներ կան քո փորձերից, մրցույթներից:
-Վերջին մրցույթը, որին մասնակցել եմ, ԱՄՆ-ում անցկացվող «World ballet competition»-նն էր: Այնտեղ մի հետաքրքրական բան եղավ, որով առաջին անգամ ուզում եմ կիսվել: Ընդհանրապես, սա իմ կյանքի առաջին հարցազրույցն է (Ծիծաղում է - Հեղ․): Ես ժամանակակից պարաոճով գրավեցի երրորդ հորիզոնականը: Ի դեպ, պարը մեծ քույրս էր բեմադրել: Երբ պարեցի ու բեմից դուրս եկա, բոլոր մասնակիցները, ուսուցիչներն ու կազմակերպիչներն ինձ էին ծափահարում: Ու ես լրիվ մենակ էի: Դա ինձ համար այնքան կարևոր էր, այնքան հաճելի էր այդ պահը, որ ուրիշ երկրներից բոլոր մասնակիցներն ինձ էին ծափահարում:

Ի՞նչ են քեզ տալիս մրցույթները:
-Շատ մեծ փորձ: Իմ «ուսապարկն» անընդհատ ավելանում է նոր գիտելիքներով: Մրցույթներից ես շատ բան եմ վերցնում, փոքրից մինչև մեծ բոլորից սովորում եմ: Շատ մեծ բավականություն է մրցույթներին մասնակցելը, շատ կարևոր է արտիստի համար:

Դու ընդամենը 22 տարեկան ես: Ինչպե՞ս ես քո ապագան տեսնում թատրոնում:
-Այնպես, ինչպես Աստված կկամենա: Միայն այդպես: Ես չեմ գծում իմ ապագան: Իմ ուղին, ամեն ինչն Աստվածն է արել: Այն, որ ես այսօր այս դահլիճում նստած քեզ հետ զրուցում եմ բալետի մասին, դա Աստծո շնորհիվ է:



Եվս մի քանի սիրուն ֆոտո)



Զրուցեց Հասմիկ Հարությունյանը
Լուսանկարեց Աննա Շաշիկյանը
Կարող եք կարդալ նաև՝
Սևակ Ավետիսյան․ Երբ հագնում եմ վանահոր վեղարը, միանգամից դառնում եմ ուրիշ մարդ
Կարինա Շիկանյան․ Եթե ես լինեի Ջուլիետի փոխարեն, սիրածս տղայի հետ կփախչեի
Ավետիս Բարսեղյան․ Հասկացա, որ ուզում եմ անել այն, ինչ Մինաս Ավետիսյանը
Անդրանիկ Աբովյան․ Կգնամ խենթ քայլի ու հենց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ժամանակ առաջարկություն կանեմ
Սյուզի Փիրումյան․ Ներկայացումից հետո ասացի․ «Պապ, նայի՛ր, աֆիշայի վրա իմ անուն- ազգանունն է գրված»
Րաֆֆի Գալստյան․ Երազում էի դառնալ նախագահ, բայց դարձա բալետի արտիստ


