Logo

Նարեկ Մարտիրոսյան․ Լուրերից իմացա, որ արժանացել եմ «Մովսես Խորենացի» մեդալին

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
17:05 / 03.05.2023• Հարցազրույցներ
Բացառիկ
Նարեկ Մարտիրոսյան-բալետ արտիստ

VNews Culture-ի զրուցակիցն է բալետի արտիստ Նարեկ Մարտիրոսյանը: Նարեկն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Իսրայելի պետական բալետի, Կարելիայի Երաժշտական թատրոնի, «Նյու Ջերսի» բալետային խմբի առաջատար մենակատար է եղել: 2020 թվականից Քլիվլենդի թատրոնի առաջատար մենակատարն է: 2009թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալին:

Նարեկի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․

Նարեկ, մեր հարցազրույցն անցկացնում ենք Ձեր ծննդյան օրը: Նախ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

-Շնորհակալ եմ:

Անկախ տարիքից՝ մեզանից յուրաքանչյուրը միշտ ծննդյան օրը երազանք է պահում: Դուք ի՞նչ երազանք եք պահել:

-Ունեմ երազանք, բայց այնպես չէ, որ պահել եմ:  Բայց չհարցնեք երազանքների մասին, հաստատ չեմ ասի:

Ինչո՞ւ:

-Երազանքները չեն ասում: Նպատակներն էլ: Որովհետև եթե ասես՝ չեն կատարվի: Այս կյանքում միշտ պետք է գաղտնիք ունենաս:

Ասում են՝ երբ Ձեր անունը տալիս են, շատերն ասում են՝ «դե, ինքն այնքան լավ տվյալներ ուներ, նա ոչ մի խնդիր չուներ, նրա ստեղծագործական կարիերան դեռ ուսումնարանից արդեն պարզ էր»:

-Շատ հետաքրքիր է, առաջին անգամ եմ նման բան լսում, քանի որ ինձ երբևէ նման բան չեն ասել, Պարարվեստի ուսումնարան էլ փորձնական եմ ընդունվել: Ասում էին՝ բալետի արտիստի համար հատուկ տվյալներ չունեմ, ծնկներս մեծ էին, հիմա էլ են մեծ (Ծիծաղում է - Հեղ․): Երբեք տվյալներով չեմ փայլել, ամեն ինչ աշխատանքի արդյունք է: Երբ ուսումնարանում երրորդ կուրսում էի սովորում, նաև թատրոնում պրակտիկա էի անցնում: Առավոտյան դաս էի անում, հետո թատրոն էի գալիս ու դաս անում, ու հետո սկսում էինք փորձերը: Ամեն օր առավոտյան 9։30-ից ես դասերի ու փորձերի մեջ էի, մինչև երեկո: Ամեն ինչն աշխատասիրության արդյունք է: Ոչ մի ուսուցիչ երբեք չի ասել, որ ես տվյալներով փայլում եմ:

Իսկ ի՞նչ էին ասում:

-Ոչ մի բան (Ծիծաղում է - Հեղ․): Հիմա չեմ ուզում հին բաները հիշել: Ուղղակի ուսումնարանում ինձ երբեք չեն ասել, որ ես ինչ-որ տվյալներով փայլում եմ կամ հույսեր են տվել կամ առանձնահատուկ ուշադրություն են ունեցել իմ հանդեպ:

Իսկ նման վերաբերմունքը չի՞ կոտրում, մանավանդ պատանեկան տարիքում:

-Դե, հա, կոտրում է: Ուզում ես թողնել, գնալ, այլ բանով զբաղվել: Բայց արդեն շրջապատ կա, ընկերներ ունես: Հետո բնավորություն հարց է՝ մարդ կա՝ կոտրվում է, մարդ կա՝ ուզում է հակառակն ապացուցել:

Ձեզ մոտ հակառակն ապացուցե՞լն էր:

-Ինձ մոտ հակառակն ապացուցելը չէր, ուղղակի ես բնավորության գիծ ունեմ՝ այն, ինչ անում եմ, անեմ մինչև վերջ, ու եթե չլինեմ լավագույնը, ապա գոնե լավագույններից մեկը: Ես նպատակ չունեի ապացուցելու, որ իմ մասով սխալվում են: Իմ նկատմամբ վատ վերաբերմունք կամ հարաբերություն չեն դրսևորել, բայց այնպես էլ չի եղել, որ ասել են՝ «Նարեկն իմ լավագույն աշակերտն է»: Ու մինչև հիմա էլ եթե մտնեք Պարարվեստի ուսումնարան, այնտեղ լավագույն աշակերտների լուսանկարները կան փակցված, իմ նկարը երբեք չի եղել, ու վստահ եմ, որ հիմա էլ չեք գտնի:

Նարեկ Մարտիրոսյան-բալետ

Ե՞րբ հասկացաք, որ արդեն լավագույնն եք, ու այն կարծիքները, որ Ձեր մասին ունեցել են ուսումնարանում ուսուցիչները, այդքան էլ ճիշտ չեն:

-Անկեղծ ասած, երբեք չեմ ունեցել, ու հիմա էլ չունեմ այդ կարծիքը, որ լավագույնն եմ: Ուղղակի փորձել եմ անել այն, ինչ դրել եմ իմ առջև որպես նպատակ: Եթե ինչ-որ դեր կա, որ պետք է պարեի, պետք է անպայման կարդայի կերպարի մասին, ուսումնասիրեի, շատ փորձեր անեի, որպեսզի կարողանայի որքան հնարավոր է մոտ ներկայացնել կերպարը: Պետք է ինձ վրա շատ աշխատեի: Որքան էլ բալետի արտիստը դերասան է՝ ֆիզիկական աշխատանքը չպետք է թողնել երկրորդ պլանում․ տեխնիկան ու ֆիզիկական աշխատանքը գլխավոր դեր են կատարում: Հա, կարող ես դուրս գալ ներկայացման մեջ կանգնել, քայլել, թեթև տեխնիկական բաներ անել, հանդիսատեսն ասի՝ «Վայ, տեսեք՝ ինչ սիրուն կեցվածք ունի»: Բայց այսօր ավելի շատ գնահատվում է տեխնիկան, թռիչքներն ու պտույտները: Ժամանակը փոխվում է, ու հիմա տեխնիկային շատ մեծ ուշադրություն է դարձվում:

Այդ առումով մասնագետները բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր կարծում են, որ այն ուղղությունը, որ այսօր կա հատկապես Արևմուտքում՝ ավելի շատ ու բարձր թռիչքներ, ավելի արագ պտույտներ, ճիշտ է, և մյուս խումբը, ովքեր կարծում են, որ այնուամենայնիվ տեխնիկային այդքան շատ կարևորություն տալը բալետի մասին պատկերացումը փոխում է ու բալետը վերածում ակրոբատիկայի:

-Կա, իհարկե, նման բան: Բայց ես կասեի, որ ԱՄՆ-ում բալետը վերածվում է սթրիփթիզի: Սոցիալական ցանցերի հետևանքով, մի տեսակ փչացրին պարողներին, նրանց մտադրությունները: Շատերին նայում ես՝ սոցցանցերում նկարներ են տեղադրում, գրեթե մերկ, բայց հետո, որ մտնում ես էջ, որ հասկանաս, թե ի՞նչ է կարողանում անել բեմի վրա, կարողանո՞ւմ է մենապար պարել, կամ ինչ-որ վարիացիա, ու տեսնում ես, որ ընդհանրապես ոչինչ չի կարողանում անել: Հագնում են պուանտներ, լողազգեստ ու սկսում են նկարներ տեղադրել, լայքեր հավաքել ու «Ինստագրամի» միջոցով հայտնի դառնալ ու անգամ լավ աշխատանքի տեղավորվել, չնայած որ գրեթե ոչինչ չեն կարողանում անել: Բալետի այբուբենն անգամ չգիտեն:

Այսինքն՝ չափանիշները փոխվե՞լ են:

 -Շատ են փոխվել ու փոխվելու են: Մի օր մեկը, ցավոք, անունը չեմ հիշում, ասաց․ «Մի՛ փորձեք բալետը դարձնել պոպուլյար, որովհետև բալետը բոլորի համար չէ: Այն ունի իր սիրահարները, որոնք հասկանում են, թե բալետն ինչ է»: Մի՛ փորձեք բալետը ֆուտբոլի պես պոպուլյար սարքել: Այն ամեն մեկի համար չէ: Եթե դու գալիս ես բալետ նայելու միայն նրա համար, թե ինչպես են արտիստները ակրոբատիկ վարժություններ անում, ավելի լավ է գնաս կրկես: Բալետի ոչ մի արտիստ չի կարող կրկեսի արտիստի պես ակրոբատիկ հնարքներ անել: Բալետը մաքուր ու իդեալական կոմբինացիա է արտիստիզմի, մարմնի կեցվածքի ու տեխնիկայի: Այդ բալանսը պետք է պահել:

Այդ բալանսը հիմա Ձեր թատրոնում պահվո՞ւմ է:

-Քլիվլենդի թատրոնում ամերիկյան ոճն են գերադասում, Բալանչինին աստվածացնում են, ու շատերը չգիտեն, որ նա վրացի է ու ռուսական դպրոցից է դուրս եկել: Մի օր ընթրիքի էինք հրավիրված, ներկա էր նաև Իրինա Կոլպակովան, ու խոսք բացվեց ամերիկյան ու ռուսական դպրոցներից, և Իրինան ասաց․ «Քանի որ ամերիկյան բալետ հասկացություն չի եղել, Բալանչինը հեշտացրել է բալետում ամեն ինչը, որպեսզի արտիստները կարողանան պարել»: Ու հիմա միայն այդ ոճն է այստեղ ընդունվում՝ արագ, մի քիչ թեթևացրած, խաչած դիրքերն են շատ սիրում:

Նարեկ Մարտիրոսյան-բալետ-1

«Սպարտակ» բալետ՝ Կրասոս


Չափանիշների փոփոխությունից, մոտեցումների տարբերությունից Ձեզ մոտ կա՞ հիասթափություն:

-Ոչ թե հիասթափություն, այլ ուղղակի չես կարող կառավարել այս ամենը: Նուրիևն էլ, երբ եկավ ու սկսեց ինչ-որ բաներ անել, շատերը քննադատում էին, ու երբ առաջին անգամ տրիկոյով բեմ դուրս եկավ ելույթ ունենալու՝ հանդիսատեսը շատ բացասաբար ընդունեց: Հետո, իհարկե, ժամանակի ընթացքում սովորեց, ընդունեց:

Այսինքն՝ մենք ժամանակի ընթացքում կսովորենք այն բալետին, որը ներառում է շատ ակրոբատիկ շարժումնե՞ր:

-Նայած՝ ո՞ր երկրում ու նայած՝ ի՞նչ թատրոն: Ես հույս ունեմ, որ Փարիզի «Գրանդ Օպերան», Մոսկվայի «Մեծ թատրոնը», Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան թատրոնը» չեն փոխի ու կպահեն որակն ու չափանիշները: Որպես արվեստ՝ ապագայում բալետը շատ բան կկորցնի․ չգիտեմ՝ կգնա դեպի ակրոբատիկան, թե ոչ, բայց ահագին բան կկորցնի նաև բեմադրությունների առումով, որովհետև ժամանակակից շատ ներկայացումներ կան, որոնք ընդհանրապես բալետ չեն: Ես բալետ համարում եմ դասական բալետը: Բալետն իր փիլիսոփայությամբ, վախենամ, մոտ ապագայում անկում կունենա: ԱՄՆ-ում՝ հաստատ, եվրոպական որոշ քաղաքներում էլ: Չնայած Եվրոպայում բալետային մշակույթը շատ ուրիշ է:

Դուք ասում եք, որ միայն ԱՄՆ-ում լուրջ փոփոխություններ կլինեն, սակայն գիտենք, որ այդ դերակատարումը մեծ է թե՛ կինոարտադրության, թե՛ երաժշտության և թե՛ արվեստի այլ ճյուղերում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ անկախ հանգամանքից, որ բալետի հայրենիքը Ռուսաստանն ու Ֆրանսիան են, այնուամենայնիվ, ամերիկյան չափանիշներն իրենց ազդեցությունը կթողնեն համաշխարհային բալետի վրա:

-Բարեբախտաբար, բալետի վրա ամերիկյան ազդեցությունը չկա: Թեպետ ես ապրում եմ այստեղ ու շատ սիրում եմ ԱՄՆ-ն, բայց այն ամենին, ինչ արվում է բալետի առումով, ընդհանրապես կողմ չեմ: Ամերիկյան բալետը չի կարող թելադրող լինել: Իրենք կարող են իրենց չափանիշները ստեղծել կամ ասել, որ տարբերվում են, բայց չեն կարող այդ չափանիշները թելադրել: Ֆիլմերի առումով՝ այո՛, «Հոլիվուդն» է թելադրում, երաժշտությունը՝ նույնպես: Բալետի առումով միշտ թելադրելու են Ֆրանսիան ու Ռուսաստանը: Ամերիկյան դպրոցը Բալանչինի ոճով է, բայց շատ հաճախ պարուսույցներ հրավիրում են կա՛մ Մոսկվայի «Մեծ Թատրոնից», կա՛մ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնից:

Այն դերերը, ներկայացումները, որ պարել եք Իսրայելում, պարո՞ւմ եք Նյու Ջերսիում: Արդյո՞ք խաղացանկի առումով լուրջ փոփոխություն կա:

-Եթե խոսքը դասական ներկայացումների մասին է, ապա այո, այն բոլոր դերերը, որ պարել եմ, այստեղ էլ եմ պարում: Եթե դերերը չեն ավելացել, հաստատ չեն պակասել: Խաղացանկումս շատ ջազային ու ժամանակակից ներկայացումներ են ավելացել:

Ջազային կամ ժամանակակից ներկայացումների, կերպարների հետ համերա՞շխ եք: Ձեզ կոմֆո՞րտ եք զգում այդ ոճի ներկայացումներում:

-Հա, ճիշտն ասած՝ ինձ դուր է գալիս: Ավելի հեշտ են, քան դասական ներկայացումները: Ժամանակակից ներկայացումներում բեմադրողները մի քիչ ուրիշ տեսողություն ունեն ու այլ տեսանկյունից են նայում շարժումներին, պարին: Ոչ բոլորն ունեն դասական պարի կրթություն, ու ոչ բոլորն են հասկանում մարմնի շարժունակությունը, բիոլոգիան, ու այդ առումով հաճախ շատ դժվար, երբեմն անհնարին շարժումներ են պահանջում, ու եթե չի ստացվում բալետմեյստերին համոզել բացատրել, որ այդ շարժումը գրեթե անհնար է կատարել, ապա ստիպված պետք է կատարես: Եթե կարողանում ես անել, ապա ներկայացումները հեշտ են: Ջազային ներկայացումները շատ եմ սիրում:

Նարեկ Մարտիրոսյան-բալետ-3

«Սպարտակ» բալետ՝ Կրասոս


Մեր հարցազրույցի ամենասկզբում ասացիք, որ երբեք էլ չեք մտածել, որ լավագույնն եք: Բայց, երբ դուք 21 տարեկան հասակում «Սպարտակ» ներկայացման մեջ Կրասոս պարելու համար արժանացաք «Մովսես Խորենացի» մեդալին, այդ ժամանա՞կ էլ չկար միտքը, որ «այնուամենայնիվ ես լավագույնն եմ»:

-Մի անգամ իմ ուսուցիչն ասաց, որ եթե համարեք, որ դուք հասել եք այն կետին, որին ուզում էիք, ուրեմն կանգնեք ու իջեք, քանի որ կարիերան ավարտվել է: Ես միշտ դա հիշում եմ: Չես կարող մտածել, որ եթե մի բան ստացել ես, ուրեմն դու լավն ես: Դա պետք է որոշի մրցանակ տվողն ու հանդիսատեսը: Արտիստն անում է իր գործը դահլիճում: Եթե դու ժամանակ ես տրամադրում նրան, որ «Նայեք՝ ես ինչ լավն եմ՝ այս մրցանակն եմ ստացել կամ այն բանն եմ արել», դա նշանակում է, որ դու ունես այդքան ազատ ժամանակ գլուխդ նման հիմարություններով լցնելու համար: Այդ ազատ ժամանակն ավելի լավ է օգտագործես ու աշխատես քեզ վրա, քանի որ ոչ ոք իդեալական չէ: Ես ընդհանրապես չգիտեի, որ նման մրցանակի եմ արժանացել: Տանը նստած էի, հարևանը եկավ մեր տուն ու ինձ շնորհավորեց: Հարցնում եմ՝ «Ինչի՞ համար», պատասխանում է՝ «Լուրերով ասացին, որ մրցանակ ես ստացել»: Ես ընդհանրապես չգիտեի՝ ի՞նչ է կատարվում: Ասում եմ՝ «Ի՞նչ մրցանակ»: Շատ հաճելի անակնկալ էր, բայց հաջորդ օրը սուս ու փուս գնացել եմ թատրոն ու իմ գործն եմ արել:

Դուք Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի հետ մեկնել եք հյուրախաղերի Սանկտ Պետերբուրգ ու «Մարիինյան» թատրոնում «Գայանե» ներկայացման մեջ եք պարել:

-Այո, Գիքոյի դերը:

Ի՞նչ զգացողություն է ունենում երիտասարդ արտիստը, երբ ազգային բալետն է ներկայացնում աշխարհի ամենահայտնի ու նշանավոր բեմերից մեկում:

-Հպարտություն ու պատասխանատվություն: Պետք է հասկանաս, որ ներկայացնում ես քո ազգի մշակույթը, ու պետք է այնպես ներկայացնես, որ քեզանից հետո էլի ցանկանան այդ ներկայացումը նայել: Հետևաբար՝ գործը պետք է լավ անես: Բալետի աշխարհը շատ փոքր է, ու բոլորը բոլորին ճանաչում են, ու այդ առումով պետք է շատ զգույշ լինես ու մեծ պատասխանատվությամբ մոտենաս, մանավանդ, երբ ներկայացնում ես քո ազգը: Պետք է քո մաքսիմալը ներդնես:

Ձեր կատարումից գո՞հ էիք:

-Գոհ չեմ, կարող էր շատ ավելի լավ լինել: Ուղղակի հանգամանքներ կային, որ ինձանից կախված չէր: Ինչ-որ վիրուսով էի վարակվել ու ջերմությամբ էի պարում: Արդեն ինքնաթիռի մեջ ինձ շատ վատ էի զգում, ու երբ եկա Երևան՝ միանգամից սիստեմա միացրին: Չգիտեմ՝ ինչ էր եղել, երևի թունավորվել էի: Ջրազրկվել էի, օրգանիզմս քամվել էր, ու չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Ձգեցի, ձգեցի ու Հայաստանում դիմեցի բժշկի: Ինձ թվում է, որ եթե մի օր էլ մնայինք Պետերբուրգում, վերջս շատ վատ կլիներ: Դեմքս կանաչ գույն էր դարձել (Ծիծաղում է - Հեղ․):

Այդ վիճակում Ձեզ ինչպե՞ս եք ստիպել, մոտիվացրել, որ պետք է բեմ դուրս գալ ու պարել: Ի վերջո Գիքոն էլ բարդ կերպար է՝ պահանջում է և՛ տեխնիկա, և՛ դերասանական վարպետություն:

-Գիքոն, հա, շատ բարդ կերպար է ու շատ հոգեհարազատ: Իմ ամենասիրած դերն է: Ինձ մոտ այդ պահին կար նաև ցանկություն պարելու, քանի որ թե՛ ներկայացումը, թե՛ կերպարը շատ եմ սիրում: Բայց, իհարկե, պատասխանատվության հարցն էր առաջին հերթին: Ամեն վայրկյան կարող ես հետ կանգնել ու ասել՝ «Չէ, ես վատ եմ զգում ու գնում եմ բժշկի, իմ փոխարեն մյուս կազմը թող պարի»: Իհարկե, կարող ես վստահել քո ընկերներին, գործընկերներին, բայց պետք է հիշես, որ միայն դու չես: Քո զույգը, ում հետ պարում ես, իրեն ես վատ վիճակի մեջ դնում: Կա՛մ ինքն էլ պետք է փոխվի ու չպարի, կա՛մ պետք է պարի մյուս զույգի հետ, ում հետ երբևէ փորձ չի արել: Պետք է զույգիդ մասին մտածես, մտածես մնացած խաղընկերներիդ մասին: Ավելի նախընտրելի է դուրս գալ բեմ ու քեզ ցավ ու նեղություն պատճառելով քո գործն անել, քան այդքան մարդու հարվածի տակ դնել:

Նարեկ Մարտիրոսյան-բալետ-4

Ասացիք, որ Գիքոն Ձեզ համար ամենահոգեհարազատ ու ամենասիրելի կերպարն է: Գիքոն այն խարակտերային կերպարն է, որ մինչև վերջ պայքարում է իր սիրած աղջկա համար: Դուք ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո:

-Ամեն ինչի: Բառի բուն իմաստով պատրաստ եմ ամեն ինչի:

Դուք պարում եք Ձեր կնոջ՝ Ալբինա Ղազարյանի հետ: Գրեթե բոլոր ներկայացումներում Դուք միշտ միասին եք հանդես գալիս: Հե՞շտ է, երբ սիրելի կինը նաև խաղընկերն է:

-Ինձ համար շատ հեշտ է, ոչ մի խնդիր չենք ունենում: Մենք իրար այնքան լավ ենք հասկանում, որ արդեն առանց փորձ անելու էլ կարող ենք բեմ դուրս գալ ու պարել: Թատրոնում գիտեն, որ եթե ֆորսմաժորային ինչ-որ իրավիճակ լինի, ապա մենք կարող ենք բեմ դուրս գալ ու միասին պարել:

Նարեկ Մարտիրոսյան-բալետ-5

Երբեմն լինո՞ւմ է, որ ներկայացման մեջ ավելի շատ անհանգստանաք Ալբինայի համար:

-Ես իր համար միշտ ավելի շատ եմ անհանգստանում, քան ինձ համար: Երևի իր մոտ էլ է նույն կերպ: Չգիտեմ՝ դա հոգատարություն է, թե ինչ, բայց այդպես է:

Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ շատ կցանկանայիք նորից պարել Երևանում, բայց դա միայն Ձեզանից կախված չէ: Ի՞նչն է խանգարում  Երևանում ելույթ ունենալուն կամ համագործակցությանը:

-Այսօր խանգարում է տարածությունը: Բայց հիմա ելույթ ունենալու մասին չեմ մտածում, ու չէի ուզենա Երևանում ելույթ ունենալ: Ինչ վերաբերում է բեմադրություններ անելուն, դա էլ ինձանից կախված չէ, դա կախված է թատրոնի ղեկավարությունից:

Բալետի արտիստի կարիերան երկար չէ, ու որոշ ժամանակ անց այդ հնարավորությունն այլևս չի լինելու բեմում պարելու: Ձեր մտքում արդեն գծագրե՞լ եք՝ ինչպես եք հրաժեշտ տալու բեմին:

-Հաստատ գիտեմ, որ վերջին ներկայացում չեմ անելու: Այսպես ասած՝ հրաժեշտի ներկայացում չի լինելու:

Ինչո՞ւ:

-Չգիտեմ:

Չափից դուրս էմոցիոնա՞լ է ստացվում, թե՞ ուղղակի չեք ուզում, որ այդ վերջակետը դրվի:

-Ճիշտն ասած՝ չեմ կարող բացատրել: Չէի ասի, որ էմոցիոնալ է, ուղղակի բաներ կան, որ չես ուզում ու չգիտես՝ ինչո՞ւ չես ուզում: Ինչ վերաբերում է հետոյին, բոլոր արտիստներն էլ կարիերան ավարտելուց հետո կա՛մ դառնում են բալետմայստեր, կա՛մ պարուսույց: Ես այդ առումով ոչ մեկից չեմ տարբերվում (Ծիծաղում է - Հեղ․): Ալբինայի հետ պլաններ ունենք մեր դպրոցը հիմնելու ու մեր գիտելիքները հաջորդ սերնդին տալու (Ալբինա Ղազարյանի հետ մեր հարցազրույցը՝ այստեղ)։

 

 Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Օգտագործվել են արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

Արշակ Ղալումյան․ «Born in Armenia» արտահայտությունը միշտ ինձ հետ է

Վիկտորյա Անանյան․ Ներկայացումից հետո ծաղկեփունջ ու բացիկ ստացա Վլադիմիր Պուտինից

Վահրամ Համբարձումյան․ Շատ կուզեի «Սպարտակ» պարել, բայց Արգենտինայում դա անհնար էր

Գևորգ Ասոյան․ Մրցույթից հետո ինձ մոտեցավ Մայա Պլիսեցկայան ու ասաց․ «Ես ձեզ՝ հայերիդ շատ եմ սիրում»

Էլվիրա Մնացականյան․ Եթե երկրորդ կյանք ունենայի, էլի բալետին կնվիրեի

fastnews-ads-banner