Logo

Խնձորը ծառից հեռու չի ընկնում. Բրենդան Քրոնենբերգի «Անվերջ լողավազանը» վերջնական սահմանում է կուլտային ռեժիսորի որդու ձեռագիրը 

Հեղինակ
Արման Գասպարյան
17:04 / 22.02.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
null

Կանադացի ռեժիսոր Դեյվիդ Քրոնենբերգը վաղուց արդեն հայտնվել է սինեֆիլների համար կուլտային ռեժիսորների առանձին պատվանդանին. մեծ արվեստագետը սոցիալական ու հասարակական թեմաները քննարկում է, այսպես կոչված, «բոդի հորրոր» ժանրում, որի միանձնյա արարիչն ու գլխավոր առաքյալն է Քրոնենբերգը։ «Բոդի հորրորը» սարսափ ֆիլմերի ենթաժանր է, որում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարդկային մարմնին ու նրա տարօրինակ տրանսֆորմացիաներին, ու Քրոնենբերգի գլխավոր սոցիալական հայտարարությունները` լինի դա զանգվածային լրատվամիջոցների ազդեցությունը հասարակության վրա, թե գիտության առանձնահատուկ պատասխանատվությունը, ստեղծվել են հենց այս ժանրում։ 

Ու, թերևս, զարմանալի չէ, որ Դեյվիդ Քրոնենբերգի որդին` Բրենդան Քրոնենբերգը, իր առաջին փորձերը մեծ կինոյում կատարեց հենց այս ժանրում։ «Հակավիրուսայինը» (Antiviral) պատմում էր աշխարհի մասին, որում հայտնի աստղերի նկատմամբ սերը հասել է պաշտամունքի այնպիսի աստիճանի, որ մարդիկ մեծ գումարներ են վճարում սիրելի աստղերի հիվանդություններով հիվանդանալու համար։ Սակայն արդեն երկրորդ ֆիլմում` «Տիրապետողում» (Possessor), որը պատմում է այլ մարդկանց գիտակցության մեջ թափանցող վարձու մարդասպանի մասին, Բրենդանը սկսեց ձևավորել իր ուրույն ոճը` «բոդի հորրորը» համադրելով ավելի հայեցողական, մեդիտատիվ պատման հետ։ 

Բրենդան Քրոնենբերգի երրորդ ֆիլմը` «Անվերջ լողավազանը» (Infinity Pool) երիտասարդ ստեղծագործողի ձեռագրի ամենավառ արտահայտությունն է։ Մենք դիտել ենք ֆիլմն ու ներկայացնում ենք տպավորությունները․

Ստեղծագործական ճգնաժամ ապրող անհաջողակ գրողը կնոջ հետ հանգստանում է երրորդ աշխարհի ինչ-որ երկրում գտնվող հանգստավայրում։ Ծանոթանալով մեկ այլ տարօրինակ զույգի հետ՝ նրանք որոշում են, չնայած գործող արգելքին, դուրս գալ հյուրանոցային համալիրից ու պիկնիկ անցկացնել ծովափին։ Հետագա իրադարձությունները բացահայտում են խորհրդավոր այդ պետության հետ կապված անսպասելի մանրամասներ։ 

Իր բոլոր ֆիլմերում Բրենդան Քրոնենբերգը մարդ արարածի մասին խոսում է` վերջինիս տեղադրելով տարօրինակ հասարակական միջավայրում։ «Հակավիրուսայինում» մարդկանց կյանքի իմաստը սիրելի աստղի բջիջներից պատրաստված բիֆշտեքս ուտելն էր, ինչը ծաղրում է ընդհանրապես սելեբրիթի մշակույթը: 

«Տիրապետողում» խոշոր կորպորացիաներն իրենց նպատակին հասնելու համար թափանցում են այլ մարդկանց գիտակցություն, ինչը կորպորատիվ մշակույթի քննադատության ձև է։

«Անվերջ լողավազանում» նույնպես սովորական մարդիկ հայտնվում են անսովոր իրավիճակում, սակայն այն նկարագրելն աններելի սփոյլեր կլինի ու կփչացնի ամբողջ կինոդիտումը։ 

Կարող ենք ասել միայն, որ եթե առաջին երկու ֆիլմում Քրոնենբերգը խորքային զոնդավորման է ենթարկում հասարակական խնդիրները, երրորդում նա ուսումնասիրում է առանձին մարդուն։ Ինչպե՞ս կարող է մեկ կոնկրետ հանգամանք փոխել մարդու հոգեբանական պատկերը, ազատել նրան բոլոր տեսակի հասարակական կապանքներից ու տաբուներից, թույլ տալ լիակատար ազատության պայմաններում դրսևորել վարքագիծ, որը մենք ամեն օր խնամքով թաքցնում ենք հենց հասարակական պարսավանքի չարժանանալու համար։ 

Միաժամանակ, Քրոնենբերգը չի մոռանում սուր ծաղրի ենթարկել սոցիալական անհավասարությունը, «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մյուսները» սկզբունքը։ Կառուցելով սեփական, յուրահատուկ էսթետիկան, տեսախցիկի հետ վարվելու սեփական կանոնները` Քրոնենբերգը Ալեքսանդր Սկարսգարդի ու Միա Գոտի հրաշալի դերասանական պարտիաների միջոցով ոչ այնքան դատում ու գնահատականներ է հնչեցնում, որքան ֆիքսում է հայտնի փաստերը. բոլոր մարդկանց մեջ կա կենդանական սկիզբը, որը ճնշվում է հասարակական կանոնների պատճառով, սակայն երբեք չի անհետանում։ Պետք է ընդամենը փոքրիկ կայծ, աննշան հանգամանք։ 

Կարդալ նաև՝

Մեղքերի քաղաքը. Դեմյեն Շազելի «Բաբելոնը»` որպես կինոյի նկատմամբ սիրո կրքոտ խոստովանություն 

Ինը կյանքերից լավագույնը. նոր «Կոշկավոր կատուն» փրկում է Շրեկի աշխարհը

Համեղ ուտեստներ` պղպեղի սակավությամբ. «Մենյու» ֆիլմի մասին 

Կարևորն աշխարհն է. Ջեյմս Քեմերոնը վերականգնեց հավատը մեծ կինոյի նկատմամբ 

Իդեալական ամառային  բլոկբաստեր... «Սև Ադամն»  այնքան վատը չէ, որքան ասում են

Հասարակության ծնած հրեշը... Սերիական մարդասպան Ջեֆրի Դամերի մասին նեթֆլիքսյան սերիալը

fastnews-ads-banner