Logo

Նիկոլո Պագանինիի առեղծվածը. ինչո՞ւ են մեծ երաժշտին անվանել Սատանայի ջութակահար

17:05 / 16.03.2023Ասում են․․․
Նիկոլո Պագանինի

Նավահանգստի բեռնակրի որդի Նիկոլո Պագանինին ոչ միայն կարողացավ հայտնի դառնալ ամբողջ աշխարհում, այլ նաև նրա ջութակ նվագելն այնքան վիրտուոզ էր, որ անհավանական խոսակցությունների տեղիք տվեց, իբր ջութակահարը «պայմանագիր է կնքել սատանայի հետ»․․․ Պագանինին իսկապես այնպես էր նվագում, որ, թվում է, դա դուրս է մարդկային հնարավորություններից, կանանց շրջանում նրա հաջողությունները ցնցող էին, իսկ նրա անձը շրջապատված էր առեղծվածի լուսապսակով:

Պագանինիի փառքի ուղին առանց խոչընդոտների չի եղել։ Մանկուց ստիպված է եղել դիմանալ հոր բռնակալությանը, որը ստիպում էր նրան ամբողջ օրը երաժշտությամբ զբաղվել՝ թույլ չտալով դուրս գալ փողոց։ Թթվածնի պակասից, քիչ շարժվելուց և չափազանց ծանրաբեռնվածությունից տղան ընկնում է կատալեպտիկ կոմայի մեջ։ Նրա ծնողները կարծում էին, թե նա մահացել է և քիչ էր մնում թաղեին: Հիվանդությունից հետո նա չթողեց դասերը, և շուտով տաղանդավոր ջութակահարի համբավը դուրս եկավ Ջենովայի սահմաններից:

«Սատանայի ջութակահարը»՝ Նիկոլո Պագանինի

 Նիկոլո Պագանինի-1

8 տարեկանում Պագանինին գրել է ջութակի սոնատ և մի քանի բարդ վարիացիաներ։ Երիտասարդ տարիքում նա ստեղծել է իր հայտնի կապրիչիոների մեծ մասը, որոնք մինչ օրս եզակի երևույթ են երաժշտարվեստում։ Ջութակ նվագելիս Պագանինին իսկական վիրտուոզ էր։ Արագորեն յուրացնելով ավանդական տեխնիկան՝ նա սկսեց փորձարկել. ընդօրինակում էր թռչունների երգը և մարդկային ծիծաղը, ֆլեյտայի, փողի, շչակի, կովի ձայնը և կիրառում էր տարբեր ձայնային էֆեկտներ:

19 տարեկանում նա զգաց իր առաջին և միակ իրական սերը կնոջ հանդեպ, որի անունը երբեք չի նշել: Նրանց սիրավեպը երկար չտևեց, բայց հետք թողեց նրա ամբողջ կյանքում։ Այդ ժամանակվանից ի վեր նա մշտապես միայնություն էր զգում՝ չնայած բազմաթիվ սիրային հարաբերություններին։

 Նիկոլո Պագանինի-2

Էլիզա Բոնապարտը


Նապոլեոնի քույրը՝ Էլիզա Բոնապարտ

Մի օր Պագանինին գրազ եկավ, որ կարող է նվագախումբ ղեկավարել ջութակով, որի վրա միայն երկու լար լինի։ Նրան հաջողվեց ոչ միայն հաղթել գրազը, այլև տպավորել Նապոլեոնի քրոջը՝ Էլիզա Բոնապարտին, որը հիացմունքից կորցրեց գիտակցությունը։ Այսպես սկսվեց նրանց սիրավեպը։ Երկու լարով նվագելը չդարձավ Պագանինիի կարողությունների սահմանը. Նապոլեոնի ծննդյան օրը նա գերազանցեց իրեն՝ մեկ լարով նվագելով։ Ջութակահարն արագ կորցրեց հետաքրքրությունն Էլիզայի նկատմամբ և սկսեց հետաքրքրվել Բոնապարտի մեկ այլ քրոջով՝ Պոլին Բոնապարտով։ Նրանց հարաբերությունները նույնպես կարճատև էին։

 Նիկոլո Պագանինի-3

Պոլին Բոնապարտը


Նույնքան հեշտությամբ, որքան կանանց՝ Պագանինին նվաճեց քաղաքներ ու երկրներ: Նրան ծափահարել են Իտալիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իռլանդիայում։ Որտեղ էլ նա հայտնվում էր, անմիջապես զավեշտալի պատմություններ էին տեղի ունենում՝ լուրերի տեղիք տալով։ Այս մասին Հայնրիխ Հայնեն գրել է «Ֆլորենտական գիշերներում». «Այո՛, ընկերս, արդար է այն, որ բոլորը խոսում են նրա մասին, որ երբ Պագանինին Լուկկայում կապելմայստեր էր, նա սիրահարվեց թատրոնի պրիմադոննային, խանդեց նրան ինչ-որ աբբայի հանդեպ, իսկ հետո, իտալական բարի սովորության համաձայն, դանակահարեց իր անհավատարիմ սիրուհուն, հայտնվեց Ջենովայում ծանր աշխատանք անելու և վերջապես վաճառեց իրեն սատանային, որպեսզի դառնա աշխարհի լավագույն ջութակահարը»:

Վիեննայում կայացած համերգից հետո ունկնդիրներից մեկը պնդել է, թե տեսել է՝ ինչպես է սատանան կանգնած երաժշտի հետևում և առաջնորդում նրան։ Լրագրողներն այս լուրը տարածեցին ամենայն լրջությամբ։ Բազմաթիվ ծաղրանկարներում նա ներկայացվում էր սարսափելի, թերթերում նրան բնութագրում էին որպես ագահ, ստոր և էժան մարդ, նախանձող մարդիկ ու թշնամիները ծիծաղելի լուրեր էին տարածում նրա մասին։ Եվ դա մշտական էր․․․

 Նիկոլո Պագանինի-4

«Պագանինիի այրին». այսպես է կոչվում մաեստրոյի սիրելի ջութակը


Պագանինիի մահից հետո Նիցցայի եպիսկոպոսը մեղադրեց նրան հերետիկոսության համար և արգելեց եկեղեցում թաղել նրա աճյունը։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել նրա մահից 56 տարի անց, և ականատեսները պնդում էին, որ նրա մարմինն այդ ամբողջ ընթացքում մնացել է լավ վիճակում, իսկ գերեզմանից լսվել են ջութակի ձայներ․․․

Այսպիսով, նույնիսկ մահից հետո հանճարեղ ջութակահարը շարունակում էր մնալ ասեկոսեների ու լեգենդների օբյեկտ։

 

fastnews-ads-banner