Օրեր առաջ սկսվել են ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր գեղարվեստական ֆիլմի՝ «Նոր տարվա կինոյի» նկարահանումները: Ֆիլմը էկրաններին կլինի աշնանը: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է: Ելենան խոստովանել է, որ նման գաղափար ունեին դեռ 3 տարի առաջ: Սցենարի վրա ևս երկար են աշխատել. «Այս ֆիլմը մեզ համար երազանքի նախագիծ է: Ուզում էինք ստեղծել ֆիլմ հենց այս սցենարով, ուղերձով և գաղափարով: Շատ մանրամասներ չենք կարող պատմել, բայց այս ֆիլմը իմ և Անահիտի կյանքի ամենակարևոր ու պատասխանատու աշխատանքն է, որտեղ իրեն կգտնի յուրաքանչյուր հայ», - պատմում է ռեժիսորը:

Ըստ ֆիլմի հեղինակների՝ այն երազելու և երազանքներին հավատալու մասին է: «Երբեք մի դադարել երազել: Երազանքները իրականանում են ամենաանհավանական պահերին: Հենց սա է ֆիլմի հերոսների ուղերձը: Սա ֆիլմ է, որը ցույց է տալիս, որ ճշմարիտն ու ազնիվը միշտ հաղթում է», - նշում է Ելենան: Նա նաև տեղեկացրեց, որ նկարահանումներն իրականացվելու են Հայաստանի մի քանի մարզում՝ Լոռի, Գեղարքունիք, Շիրակ, Սյունիք: Ներկայացվելու են այս և այլ մարզերի կոլորիտը, բարբառն ու հումորը: Հատկանշական է, որ ֆիլմում ընդգրկված դերասանները ներկայացնում են հենց իրենց ծննդավայր մարզը:



